ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ` ՏԱԹԵՎ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը, լինելով ժամանակի վառ անհատականություններից մեկը, իր որոշակի հետքն է թողել հայ ժողովրդի պատմության տարեգրության մեջ: Ժողովրդի մեջ ուեցած համընդհանուր հարգանքի և հեղինակության շնորհիվ է, որ նրան տրվել է Հայոց Հայրիկ պատվանունը: Իր ապրած տարիներին նա միշտ էլ եղել է հայ ժողովրդի առաջնահերթ և կենսական հարցերի լուծման խառնարանում:

Այս ամենով հանդերձ` նա չի պարփակվել Էջմիածինի իր վեհարանում: Հայկական հարցի լուծման նպատակով խոշոր տերությունների դռները թակելուց զատ, ժողովրդի վիճակով մտահոգ, նա հաճախակի  այցելություններ է կազմակերել աշխարհի բոլոր այն անկյունները, որտեղ հայեր են ապրել: Այդպիսի հիշարժան ուղևորություններից մեկն էլ նա կազմակերպել է դեպի Սյունիք, դեպի Սյունիքի հոգևոր կենտրոն Տաթև:

Ուղևորությունը սկսել է 1898 թվականի հուլիսի 26-ին: Այդ տարիներին Էջմիածնից դեպի Սյունիք հիմնական ուղին անցել է Նախիջևանով և Սիսիանի լեռնանցքով ձգվել ու հասել է գավառային կենտրոններ Գորիս և Շուշի, այնուհետև` նահանգային կենտրոն Գյանջա ու արդյունաբերական կենտրոն Բաքու: Սակայն վեհափառն ընտրել է այլ ճանապարհ: Նա Էջմածնից անցել է Մուղնի, Բջնի, Սևան, Նոր Բայազետ և Դարալագյազի վրայով հասել Սյունիք: Ամբողջ ճանապարհը նա իր շքախմբի հետ անցել է ձիով, երբեմն նաև`ոտքով: Նա Դարալագյազում քիչ է մնացել և օգոստոսի 12-ին հասել է Տաթև: Այդ օրը Գորիսից Էջմիածնում ստացվել է մի հեռագիր հետևյալ բովանդակությամբ. «Ամսօյս 12-ին Կէօրիսից ստացւած հեռագիրը հայտնում է, որ այդ օրը առաւոտեան ժամը 11-ին Վեհափառ Հայրապետը  իւր ուղեկիցների հետ ողջամբ Տաթևի վանք է ժամանել», («Արարատ» ամսագիր, Էջմածին, 1898թ., նո 8): Ընդամենը 2 օր մնալով Տաթևում, ծանոթանալով թեմի հոգևոր և տնտեսական հոգսերին, որոշում է այցելել Արցախ, իսկ ետդարձին նորից լինել Տաթևում: Հայտնի է, որ ճանապարհին Սախկալ-Թութանի անտառում նրան դիմավորում են հալիձորցիները և հրավիրում ճաշկերույթի: Վեհափառը չի մերժում նրանց խնդրանքը և մի երկու ժամ անց է կացնում հալիձորցիների հետ: Նա ջերմ ընդունելության արժանացավ նաև Գորիսում: Նրան ընդունեց գավառապետը` ժողովրդի հետ: Տները զարդարվել էին գորգերով, դրոշներով, ծաղիկներով: Նա իջևանեց Մանուչար բեկ Մելիք Հուսեյինյանցի տանը, իսկ առավոտյան Շուշիից ուղարկված կառքով մեկնեց Շուշի: Նա մի քանի օր մնալով Արցախում եղավ մի շարք գյուղերում, ինչպես նաև` Գանձասարում:

Արդեն ամսի 31-ին, հավատարիմ իր խոստմանը, Վեհափառը դուրս եկավ Շուշիից և ուղևորվեց դեպի Տաթև: Նա եղավ Քարահունջ գյուղում, օրհնեց մեծ բարերար Առաքել Ծատուրյանի ծնողների գերեզմանը: Հետաքրքիր է նշել, որ հալիձորցիներն անտառի նույն հատվածում կրկին աղուհացով դիմավորեցին Վեհափառին և նրա այցի առթիվ հասցրել էին խաչքար դնել: «Սախկալ-Թութանի անտառում Վեհափառի իջած տեղում ժողովուրդը կանգնեցրել էր մի խաչքար շուրջը վանդակապատ` զարդարւած խաղողի, խնձորի և տանձի գեղեցիկ շարքերով և սպասում էր Նորին Սրբության», («Արարատ» ամսագիր, Էջմիածին, 1898թ., նո.9): Ի դեպ  հետագայում` 1903 թվականին, նույն տեղում կանգնեցվել է հուշասյուն` ի նշանավորումն կաթողիկոսի` 1898 թվականի Տաթև կատարված այցի: Երբեմն սխալմամբ 1903 թվականն է համարվել Խրիմյան Հայրիկի` Տաթև կատարած ուխտագնացության տարեթիվ: Վերջին տարիներին Խրիմյան Հայրիկի` Սյունիք կատարված այցի առթիվ հուշաքարեր են դրվել նաև Բռնակոթի և Սիսիանի եկեղեցիների գավիթներում, որոնցում դարձյալ սխալմամբ  որպես այցի տարեթիվ է նշվել 1903 թվականը:

… Տաթևում քիչ մնաց և սեպտեմբերի 5-ին Շենաթաղով մտավ Սիսիանի տարածաշրջան: Նա այդ օր գիշերեց Լոր գյուղում, իսկ հաջորդ օրը Գետաթաղի և Դարբասի հասարակությունների հետ հանդիպումներից հետո անցավ Ուզ (այժմ` Ույծ) և Ղարաքիլիսա (այժմ`Սիսիան) գյուղեր: Ճաշելով Ույծում, նա նույն օրը եղավ նաև Սիսավան եկեղեցում: Այստեղ մի զավեշտալի դեպք եղավ: Վեհափառը, մտնելով եկեղեցի, շատ փնտրելով  չկարողացավ խաչ գտնել: Դառնալով քահանային` ասաց .«…Տէր-բաբա, քո եկեղեցին խաչ չըկայ, ես ինչ համբուրեմ և պագելով բեմի քարը, դրաւ այնտեղ մի հինգանոց ոսկի» («Գեղափնջիկ» ամսաթերթ, Թիֆլիս, 1907 թ., նո. Նո. 3-4, էջ 2): Այդ ոսկին տվել էր, իհարկե, խաչ գնելու համար:

Վեհափառի` Սիսիանի վերջին հանգրվանը Բռնակոթ գյուղն էր: 1898 թվականի սեպտեմբերի 6-ին նա այստեղ արժանացավ ջերմ ընդունելության: Գիշերելով գյուղում` հաջորդ օրը նա Աղոթարան սարով  բռնեց Նախիջևան տանող ճանապարհը: Սիսիանի սահմանին գտնվող Մազրա (այժմ`Մուցք) վերջին գյուղը ճանապարհից 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնվելու պատճառով թեև կաթողիկոսը չկարողացավ մտնել, սակայն գյուղացիները հենց իրենք ճանապարհին դիմավորեցին նրան` կազմակերպելով նաև հյուրասիրություն:

…Հանդիպումներ ունենալով Նախիջևանի և Արարատյան դաշտավայրի մի շարք գյուղերում` սեպտեմբերի 12-ին Խրիմյան Հայրիկը հասավ Էջմիածին:

Հենզել  ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *