ՈՐՈՏԱՆԻ ԿԱՐՄՐԱԽԱՅՏԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՅՏԱՆՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ…

Սպանդարյան ջրամբարում եւ նրա մեջ թափվող գետերի եւ գետակների կենդանական աշխարհի պահպանման ու զարգացման, կարմրախայտ ձկնատեսակի բուծման եւ պահպանման, ինչպես նաեւ Սպանդարյան ջրամբարի տարածքում հանգստյան գոտիների ստեղծման եւ էկոտուրիզմը զարգացնելու նպատակով Վալերիկ Հայրապետյանը վերջերս հիմնադրել է «Կարմրախայտ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը գործունեություն է իրականացնում մասնավորաբար Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում:

Ի՞նչը ստիպեց ստեղծել «Կարմրախայտ» անունով բնապահպանական հասարակական կազմակերպություն հարցին Վալերիկ Հայրապետյանը տալիս է մի քանի պատասխան, որտեղ մասնավորաբար իր մտահոգությունն է արտահայտում կարմրախայտ ձկնատեսակի ճակատագրի վերաբերյալ, ի մասնավորի նշելով, որ անցած 25-30 տարիներին այդ արիստոկրատ ձկնատեսակի հետ բարբարոսաբար են վերաբերվել, ինչի արդյունքում գերեթե վերացման եզրին է հայտնվել կարմրախայտը:

Հարցին` փաստեր, վերլուծական տվյալներ, ուսումնասիրություններ ունի՞ նման եզրահանգում անելու համար, Վալերիկ Հայրապետյանը նշում է, որ իր վերլուծությունը եւ իր փաստական տվյալները իր տեսածն է նախկինում ու ներկայում եւ դրանց համադրումն ու համեմատումը, ապա նշում, որ կարմրախայտ ձուկն աճում է քաղցրահամ եւ սառնորակ` Որոտանի ջրային ավազանում, Սպանդարյան ջրամբար թափվող վտակների եւ գետակների ջրերում: «Տաս տարի աշխատել եմ այս տարածքում, եղել եմ Ծղուկի պետական տնտեսության ղեկավարը, եւ լավ գիտեմ տեղանքը: 25-30 տարի առաջ, ցանկացած ժամանակ ամեն փոքր առվից 2-5 կգ ձուկ կարող էիր հանել, այսօր չես կարողանա, բացառվում է: Ցավն այն է, որ այդ տարիների ընթացքում ձուկը որսացել են ոչ թե կարթով, ոչ թե` ցանցով, այլ` էլեկտրահարմամբ, թունավոր նյութերով պայթեցմամբ, մեխանիկական եղանակներով, ինչի հետեւանքով ձկնատեսակը գրեթե վերացման եզրին է: Այս մերժելի եղանակներով որսը վերացնում է ոչ միայն ձուկը, այլեւ` ձկնկիթը, բուսական եւ կենդական աշխարհը, որով սնվում է կարմրախայտը: Իմ փաստական տվյալն այն է, որ այսօր այդ ջրերում ձուկ գրեթե չկա, վերացման եզրին է»,- ասում է Վալերիկ Հայրապետյանը եւ նշում, որ այս պահին ֆինանսական աղբյուրների փնտրտուքի մեջ են, որպեսզի կարողանան հսկողություն սահմանել, ձկնկիթը լցնել բոլոր առուներ, վտակներ, եւ համոզմունք է հայտնում, որ հսկողություն իրականացնելուց հետո 3-4 տարուց կարմրախայտը կվերականգնի իր երբեմնի պաշարները:

Խոսելով կարմրախայտի վերացման վտանգը կանխելու, պաշարները վերականգնելու հնարավորությունների մասին, Վալերիկ Հայրապետյանը գնտում է, որ դա ոչ միայն հնարավոր է, այլեւ` առաջնահերթ խնդիր է: «Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ կարմրախայտի որսով մի քանի մարդ է զբաղվում: Երբ պատկան մարմինները կասեցնեն նրանց` բարբարոսական եղանակով իրականացվող որսը, մի քանի տարվա ընթացքում, վստահ եմ, կվերականգնվեն ազնվական ձկնատեսակի պաշարները»,– ասում է Վալերիկ Հայրապետյանը եւ նշում, որ պիտի փորձեն քարոզչական, բացատրական, գովազգդային բոլոր միջոցներով եւ եղանակներով հասնել նրան, որ մարդկանց գիտակցությանը հասցնեն կարմրախայտի` Սիսիանի բրենդը լինելու կարեւորությունը:

Կարո՞ղ ենք հույս դնել միայն քաղաքացու գիտակցության վրա հարցին Վալերիկ Հայրապետյանն ասում է, որ հակված չէ մտածել, որ մենք անդաստիարակ եւ օրենք չհարգող մարդիկ ենք, պարզապես երբ չկա հսկողություն, երբ չկա պատասխանատվություն, լինում է այն, ինչի ականատեսն ենք այսօր եւ այս առումով կարեւորում է եւ բնապահպանների, եւ իրավապահների, եւ հկ-ների եւ իշխանությունների ու բնապահպանության նախարարության համատեղ ջանքերը:

Քանի որ տարածքը Ամուլ սարի հարեւանությամբ է, բացասական հետեւանքների մասին խոսելիս հկ հիմնադիրը նշում է, որ Ամուլ սարի ջրային գոտիներում ոչ միայն կարմրախայտ, այլեւ` որեւէ ձկնատեսակ չի աճում, իսկ Սպանդարյան ջրամբարի ջրային ավազանը Ամուլ սարի հակառակ երեսին է, եւ կարմրախայտի զարգացման եւ պահպանման կարեւոր հանգամանք է համարում Սպանդարյան ջրամբարի տարածքը արգելոց դարձնելը, ինչը կնպաստի նաեւ էկոտուրիզմի զարգացմանը: «Այստեղ կան բոլոր պայմանները եւ հնարավորությունները` էկոտուրիզմը զարգացնելու: Զբոսաշրջիկը կարող է իր ձեքով ձուկ որսալ, իր ձեռքով պատրսատել, վրաններում գիշերել, վայելել ջրամբարի տարածքի անկրկնելի գեղեցկությունը»:

Վալերիկ Հայրապետյանը նշում է նաեւ, որ հաջողության հասնելու եւ իրենց նպատակներն իրականություն դարձնելու համար նորաստեղծ հկ-ն ունի սեմիներներ, քննարկումներ, խորհրդակցություններ անցկացնելու, հյուրերի գիշերակացի խնդիրները հոգալու բոլոր հնարավորությունները:

Համախոհներ ունի՞ հարցմանն ի խատասխան` հկ հիմնադիրը նշում է, որ շատերն են ոգեւորվել այս նախաձեռնությամբ, քանի որ այն նախ եւ առաջ միտված է Որոտանի քաղցրահամ եւ սառնորակ ջրային ավազանում կարմրախայտի կարմիր խայտանքը վերականգնելուն, Սիսիանին իր կարեւորագույն բրենդներից մեկը վերադարձնելուն, քանի որ, ինչպես նշում է հիմնադիրը, խոզի միս ամենուրեք կա, տավարի, ոչխարի միս` նույնպես, բայց, այ, կարմրախայտը աճում է հատկապես Որոտանի քաղցրահամ եւ սառնորակ ջրային ավազանում, ու մենք պիտի տեր կանգնենք մեր հանրահայտ բրենդին…

«Որոտան»

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *