ԿԻՏՈՆ (Իրական պատմություն)

Գյուղի ամենախարխուլ տանն էր ապրում Կիտոն իր հաշմանդամ մոր հետ: Նա իր միայնակ մոր միակ զավակն էր: Հորից վաղուց էր զրկվել: Չորս տարեկանից մայրը նրա համար և մայր էր եղել, և հայր: Կիտոն էլ ի ծնե տկար էր և ֆրզիկապես և մտավոր: Խոսում էր կցկտուր՝ ջանալով հնչյուններից բառ սարքել: Գյուղացիները սովորել էին Կիտոյի լեզուն, լավ էին հասկանում նրան:
Կիտոն ինքն էր կնքել իր անունը: Գյուղի ծխամատյանում նրա անունը Գվիդոն էր, բայց ամեն անգամ, երբ նրան հարցրել են` «ի՞նչ է անունդ» , չկարողանալով արտասանել իր անունը, ասել է, «Կիտո», ու այդպես էլ անունը մնացել էր Կիտո:
Կիտոն ցածրահասակ էր , փոքրամարմին: Շորերը միշտ մեծ էին լինում վրան, քանի որ գյուղացիներն էին իրենց հագած կամ չհագած շորերից տալիս: Նրան կարելի էր ճանաչել հեռվից՝ գլուխը կախ, բաճկոնը մինչև ծնկերը, անասնապահի իր նշանավոր փայտը ձեռքին:
Կիտոն գյուղի անասնապահն էր փորահացի աշխատավարձով: Նա օրվա վաստակով կարողանում էր կերակրել իրեն և հիվանդ մորը: Թեև կիտոն դպրոց չէր գնացել, բայց կարողանում էր հաշվել այնքան, որ երեկոյան բերում էր առավոտվա տարածի թվով ու երբեք կորուստ չէր ունենում:
Անասնապահությունը Կիտոյի միակ աշխատանքը չէր, նա նաև գյուղի գերեզմանափորն էր: Ոչ մեկը չէր իմանում, թե ինչպես է նա կարողանում համատեղել այդ երկու աշխատանքը :
Եթե գյուղում մահ էր լինում, Կիտոյին էին դիմում: Գերեզմանափորի իր գործը կատարում էր երեկոյան, կամ եբեմն նախիրը թողնում էր դաշտում, գալիս փորում էր ու վերադառնում:
Գյուղում լավ էին վերաբերվում Կիտոյին: Հիմնականում գովում էին, երբեմն բարի կատակներ էին անում, բայց Կիտոն ոչ գովասանքից էր քաջալերվում, ոչ էլ կատակից ժպտում ու հիմնականում մնում էր անհաղորդ:
Մի անգամ, երբ Կիտոն բահը ուսին դրած գերեզման փորելուց էր վերադառնում, գյուղամիջում պատի տակ հավաքվածներից մեկն ասաց. «Այ Կիտո, բոլորի գերեզմանը դու ես փորում, բա որ մեռնես, քո գերեզմանը ո°վ պիտի փորի»: Կիտոն գլուխ թեքելով ասաց` «Ասուծ», այսինքն՝ Աստված:

Այսպես միապաղաղ անցնում էին օրերը ինչպես գյուղի, այնպես էլ Կիտոյի համար:

Երեք օր անընդհատ անձրև էր գալիս: Կիտոն անտրտունջ, ասես այդ անձրևը իր գլխին չէր թափվում, տանում, բերում էր նախիրը ու չորրորդ օրը երեկոյան, երբ գյուղացիները սպասում էին նախրին, լուր հասավ, որ ժայռասարը պոկվել է ու ծածկել նախիրը Կիտոյի հետ միասին: Ամբողջ գյուղը իջավ ձորը աղետից փրկելու հույսով, բայց տեղ հասնելով հասկացան, որ ոչինչ անել չեն կարող… Հողի և ժայռաբեկորների հսկայական շերտը գերեզմանաթումբ էր դարձել Կիտոյի և ամբողջ նախրի համար:
Աղետից փրկվել էր երկու կով: Մեկով Կիտոյի թաղման հոգեհացը տվեցին, մյուսով՝ քառասունքը:
Մինչև հիմա գյուղում հիշում են Կիտոյի ողբերգական մահը ու ամեն անգամ զարմանում, թե ոնց էր Կիտոն իմացել, որ իր գերեզմանը Աստված է փորելու…

Լալա Պողոսյան

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *