ԿՈՉՈՒՄ` ՏՐՎԱԾ Ի ՎԵՐՈՒՍՏ

Կարծում եմ` յուրաքանչյուրի դպրոցական անցյալում մի կերպար է միշտ վառ մնում: Կերպար, որը խորհրդանշում է կյանքի մի նոր փուլի սկիզբ, խորհրդանշում է ուսում, գիտելիք: Եվ քո մասունքացվող հիշողություններում այդ կերպարը մարմնավորող անձը տպավորվում է որպես գիտելիքի աղբյուր, հանրագիտարան, ամենա-ամենա ուսուցիչ, որին անկարելի է չհավատալ: Այլ ուսուցիչների հետ երբևէ չհամեմատվող այդ մանկավարժն է բացում գիտելիքի անսպառ աշխարհի դռները, կերտում դպրոցական կեցվածք, վերցնում անհատականություն ձևավորելու դժվարին պարտականությունը:

Դպրոցական իմ փորագրված հիշողությունների ամենաբարձունքում է գտնվում հմայիչ ու բարեհամբույր իմ առաջին ուսուցչուհին` իմ և շատ-շատերի ընկեր Անուշ Արսենյանը: Նրա խոսուն աչքերը, նրբիմաստ ու հմայիչ ժպիտը, քաղցրահնչյուն ձայնը, հոգատար վերաբերմունքը դրոշմված են դպրոցական առաջին օրվա իմ մտապատկերներում: Անհնար է նրան չհիշել` իր հրապուրիչ արտաքինով, նրբասահք քայլվածքով, անսպառ սիրալիր և ներողամիտ վերաբերմունքով: Ուսուցչի աշխատանք կատարող կոչումով մանկավարժը, պարուրված բարության շղարշով, իր մտքի լույսն ու մանկավարժական ջերմությունն է փոխանցել դպրոց առաջին անգամ ոտք դրած շատ մանուկների:

Կասկածից վեր է, որ շատերի առաջին ուսուցիչ ընկեր Անուշ Արսենյանի մանկավարժական դաստիարակությունը ստացած յուրաքանչյուր անհատ, ուսուցչի վերաբերյալ իր իդեալականացված պատկերացումներով, միշտ հիշում և հիշելու է նրան ամենավառ և լուսավոր պատկերներով: Անմնացորդ և անվերապահ նվիրումի երկար տարիների աշխատանքով, դասավանդման կախարդական հմտություններով, ի վերուստ տրված մանկավարժական շնորհքով և վաստակած հարգանքով Անուշ Արսենյանը Սիսական աշխարհում ստեղծել և շարունակում է ստեղծել մանկավարժի իր պատմությունը:

Շնորհավորում եմ Ձեր հերթական ուսումնական տարին, իմ հավերժ ուսուցիչ ընկեր Արսենյան եւ հավատում, որ Ձեր գորովագութ ձեռքի տակով անցնող հերթական սերունդն էլ ինձ նման եւ շատերի նման մշտապես մնալու է Ձեզ երախտապարտ…

Մերի Մանուկյան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *