Կլուսավորվի Սահյանի ծննդավայրը

Սյունիքի մարզի Լոր գյուղում ասում են՝ Լորը Համո Սահյանով է լուսավոր: Իսկ ավելի լուրջ՝ ակնկալում են գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայրերի քարտեզում տեսնել: Իրենց լավատեսությունն էլ հիմնավորում են փաստերով. բանաստեղծի ծննդավայրն ունի մշակութային հարուստ պատմություն, գյուղի արտաքին լուսավորության խնդիրն էլ սկսել է լուծում ստանալ: Այդ հարցում նրանց աջակցում են գյուղական վայրերում ենթակառուցվածքների զարգացումը ծրագրային ուղղություն դարձրած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):

 

Սյուների տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի մի հատվածը և տեղակայել 32 լուսարձակ: Աշխատանքային քարտեզում ընգրկված է նաև անվանի բանաստեղծի տուն-թանգարանի տարածքը:

 

Գյուղի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանն ընթացող աշխատանքների կարևորությունը գնահատում է մի քանի՝ համագյուղացիների անվտանգության, էկոտուրիզմի խրախուսման, ապա՝ պարզապես նորմալ պայմաններ ունենալու տեսանկյունից: Խորհրդային հասարակարգի փլուզմից հետո, գյուղում փողոցները չեն լուսավորվել: Անասնապահությամբ զբաղվող գյուղացին իր տան բակում անասնագոմ չունի: Կոլտնտեսությունից մնացած գոմեր հասնելու համար՝ կիլոմետրերով ճանապարհ է անցնում: Մութ փողոցներն այդ ժամանակ դառնում են վտանգավոր՝ գայլերի հարձակման պատճառով:

«Լորի արտաքին լուսավորությունը բնակավայրի կարևորագույն խնդիրներից է: Գյուղում եղել են գայլերի հարձակման դեպքեր՝ գիշերային ժամերի: Խնդրի լուծումը կարևոր է թե՛ մարդկանց անվտանգության, թե՛ էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից: Այստեղ է գտնվում Համո Սահյանի տուն-թանգարանը: Վստահ եմ, որ լուսավությունը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը»,-ասել է Լորի վարչական ղեկավար Դավիթ Առուստամյանը:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար, շատ բնակավայրերում աշխատանքները համակարգվում են տարիների կտրվածքով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել և ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ) ու ջրընդունիչը:

Աղբյուրը` 1in.am

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *