Կոմիտաս-150. ԵՐԳԵՆՔ ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ՄԱՔՐԱԳՈՐԾԵՆՔ ՄԵՐ ՀՈԳԻՆ…

Սիսիանի երաժշտական դպրոցի սաների պատրաստած համերգը նվիրված էր հայ դասական երաժշտության հիմնադիր, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, ամենայն հայոց վարդապետ, հայոց երգի վեհափառ, մեծն ուսուցիչ Կոմիտասի ծննդյան 150 ամյակին: Ինչպես իրավամաբ նշել է Պարույր Սեւակը, «Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ` Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը եւ դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այդպես էլ Կամիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ` փոքր, երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում…»:

Գրագետ կատարումներով հանդես եկան երաժշտական դպրոցի նորաստեղծ մանկական երչգախումբը, որը նրա առաջին բեմելն էր հանդիսատեսի առջեւ, ինչպես նաեւ փողային, դաշնամուրի, վոկալի բաժիններում սովորող շնորհալի սաները: Համերգավար Լուսինե Գասպարյանը, ով նաեւ երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի խմբավարն է, նշեց, որ թեեւ այս ծրագիրն ամբողջությամբ կազմված է Կամիտասի ստեղծագործություններից եւ նվիրված է նրա 150 ամյակին, չկա մի համերգ, մի միջոցառում, մի ելույթ, որտեղ իրենց համերգային ծրագրում Կամիտաս ներառված չլինի: «Պարտադիր չէ, որ հոբելյանական տարի լինի, որ մենք Կոմիտաս երգենք: Կամիտաս միշտ ենք երգում եւ մաքրագործում մեր հոգիները: Իմ ղեկավարած երգչախմբի սաները սկզբում դժվարությամբ էին Կոմիտաս սովորում, քանի որ ամենուրեք նրանց լսած երաժշտությունը ռաբիսն էր ու ցածրարվեստ երգը, եւ ցավալին այն էր, որ երաժշտական նրանց ընկալումը եւ արժեհամակարգը դա էր, սակայն դժվարությամբ, բայց` կամաց-կամաց նրանք մտան Կոմիտասյան հոգեպարար երաժշտության աշխարհ ու հասկացան, թե որն է իսկական երաժշտությունը, երգը, մեղեդին ու սիրեցին Կոմիտաս, սիրեցին դասականը, սիրեցին իրենց ազգային պատկանելությունը», -ասում է խմբավարը եւ հավելում, որ եթե թեկուզ մեկ երեխայի, մեկ աշակերտի մեջ կարողանում է սերմանել Կոմիտասյան մեղեդին, իրեն երջանիկ է զգում:

Համերգային ծրագիրը կազմաված էր այնպես, որ երաժշտական կատարումներն ընդմիջվում էին Կոմիտասի մասին մեր մեծերի խոսքերով, նրա երաժշտության դերի եւ նշանակության մեկնաբանությամբ: Լուսինե Գասպարյանը կարդաց Ավետիք Իսհակայանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Թոմաս Հարտմանի, Պարույր Սեւակի խոսքերը` ուղղված Կոմիտասին: Ներկայացրեց նաեւ փոքրիկ պատմություն` Կոմիտասի կյանքից, երբ զրպարտիչը, ականատես լինելով Կոմիտասի տաղանդի մի դրվագի, ամոթից կարմրում է իր զրպարտության համար եւ գլխահակ ներողություն խնդրում նրանից:

Համերգային ծրագիրը եզրափակեց երաժշտական դպրոցի վոկոլ բաժնի ուսուցչուհի, հանրապետական, միջազգային եւ համաշխարհային մրցույթների դափնեկիր, Սիսիանի ժողգործիքների համույթի մեներգչուհի Անուշ Աղաջանյանը, ում կատարամբ հնչած «Կանչե կռունկը» թափանցեց հանդիսատեսի հոգու խորքերը` արցունքներ քամելով նրա աչքերից…

Համեգին ներկա ծնողները, հյուրերը շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին եւ կատարողներին` Կոմիտասյան երգին հաղորդակից դարձնելու համար` ակնկալիքով, որ այն չի ավարտվի միայն Կոմիտասյան տարվա շրջանակներում:

Դպրոցի ուսմասվար Գայանե Վարդանյանը շնորհավորեց համերգի մասնակիցներին` կարճ ժամանակահատվածում հաջողված համերգային ծրագիր ներկայացնելու համար, ապա շնորհակալություն հայտնեց բոլորին, ում ջանքերով եւ ում նվիրվածությամբ այն իրականություն դարձավ:

Հ.Գ. Տարին Կոմիտասյան է, տարին Թումանյանական է, տարին Մանսուրյանական է, եւ հարկ է, որ ամեն օրը լինի Կոմիտասյան, Թումանյանական ու Մանսուրյանական, որ նրանց ստեղծած համամարդկային հավերժական արժեքները հանապազօր հացի հետ ու հանապազօր հացի պես կամաց-կամաց դառնան ազգային արժեք բոլորիս եւ յուրաքանչյուրիս համար…

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *