Կորոնախոհեր` փակ դռների եւ դատարկ ցուցասրահների մասին…

Սեպտեմբերի 1-ից վերաբացվեցին Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերը

Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա /Հ.Ս./… Եւ` ապրում ենք… խանգարողը կորոնավիրուսը լինի, թե` մարդավիրուսը, ապրում ենք… Ապրում ենք այնպես, ինչպես` ապրել ենք… Ոչ` կորոնան, ոչ` ժամանակը, ոչ` հասարակարգն ու համակարգը, ոչ` դիմակը, ոչ` ալկոգելը չեն կարող փոխել մարդու` նախաստեղծ բնույթն ու էությունը… Լուծը քաշողը իր լուծն է քաշում, արարողը` արարում, աղոթողը` աղոթում, արծաթասերը մնում արծաթասեր…

Հողն էլ վարվում-ցանվում է, ծաղիկը, ծառը ծաղկում-պտղակալում են, բերքը հավաքվում-ամբարվում է… Էդ ի~նչ զորավոր ուժ է հողը… էդ ի~նչ անքննելի` բնությունն իր տեսանելի ու անտես օրենքներով… Կորոնային որ մնա~ր…

…Սովորականի պես բացում եմ թանգարանի դուռը, բարեւում առաջինն ինձ դիմավորող բակի ծառ ու թփին…

Անհավանական սիրուն ուռենին, որին թանգարանի այցելուներից մեկը համեմատել էր Շաքեի ջրվեժի, մեկ ուրիշը` երգեհոնի հետ, իսկ վերջերս այստեղ եկած Կովկասյան ինստիտուտ կենտրոնի փորձագետ Նինա Իսկանդարյանն այն անվանեց Սիսիանի բաոբաբ, այնպես ինքնավստահ ինքնահավանորեն է հերքում ցանկացած կորանա, ժամանակի սլացք, տարածության սահման, որ նրան նայելով` ուզում ես ծառորեն ապրել, ծառորեն թախծել, ծառորեն ծաղկել, ծառորեն մենանալ, ծառորեն պայքարել, ծառորեն հեգնել, ծառորեն սիրել, ծառորեն հմայել, ծառորեն փարվել …

Շատերն են ասում, որ թանգարանային այս լռության մեջ, դատարակ այս ցուցասրահներում շատ ավելի կենդանություն ու հոգեւոր ուժ կա, շատ ավելի մշակույթ ու արվեստ կա, որը կարող է անվերջորեն սնել այստեղ մտնողի երեւակայությունը հենց այդ խոսուն լռության գույներով ու պատկերներով, քանի որ ինքը տեղով մեկ մշակույթ է ու մշակութային միջավայր…

Թանգարանի այգին ինձ սովորեցրեց կորոնաժամանակներում մի քիչ այլաբանորեն նայել կյանքին… Մոլախոտը կտարածվի, եթե չքաղհանես… Ծառը կհիվանդանա, եթե չորուկները չհեռացնես… Ծառը առանց ջրի երկար չի ապրի… Իսկ արտակարգ դրությունը հողի, ծառի, ծաղիկի ու այգու հեչ պետքն էլ չէր… Իրենք պիտի ծաղկեին, իրենք պիտի խախտեին մարդակերտ բոլոր օրենքներն ու արտակարգ դրությունները, քանի որ բնության արարչակերտ օրենքներով հենց իրենք էին տեղով մեկ արտակարգ դրություն` ապրեցնող, վերընձյուղող, ներշնչող, կատարելության տանող արտակարգ դրություն…

Նախորդ` անկորոնա տարիների պես այս տարի էլ թանգարանի այգու խոտը հնձվեց, ուժ ու եռանդ` Արամ Եղյանին…Նախորդ` անկորոնա տարիների պես, թեպետ ուշացումով, կորոնա-արգելափոկումից մոսկվաներից տուն վերադարձած Մանվել հայրիկը խնամքով հեռացրեց ծառերի չորացած ճյուղերը…

Նախորդ` անկորոնա տարիների պես այստեղ եկան ինչպես թանգարանին հարազատ դարձած մարդիկ, այնպես էլ Սիսիան ժամանած հյուրեր երեւաններից, եւ թանգարանի` դեռեւս գործող չլինելու հանգամանքը բնավ չխոչընդոտեց գալ ու վայելել իմ ֆեյսբուքյան գրառումներից ու հրապարակումներից իրենց հայտնի դարձած թանգարանի շենքի եւ այգու անկրկնելի կոլորիտն ու հմայքները, ու հեռանալ տպավորված` կրկին այցելելու հավաստումով…

Նախորդ` անկորոնա տարիների պես թանգարանի հարեւան Սամվելն ու Էվելինան ոչ թե` հարեւանցի, այլ` արթուն ու դիտողունակ աչքով նայեցին իրենց նշանավոր հարեւանների` Զաքար Ավագիչի ու Մաեստրոյի անվան թանգարանի գեղեցիկ շենքին ու այգուն, վերհիշելով նաեւ նրանց ու տաղանդներ ծնած Մարգարիտա մայրիկի նիստ ու կացը, կենդանության ժամանակների աշխույժ հարեւանությունը, Ավագիչիս կնոջ` Նինա Անուշավանովնայի արտասովոր կերպարը, ու իմ բացակայության ժամանակ դարձան իմ աչքն ու ականջը… Հենց նրանց մասին էր Զաքար Ավագիչս Սանկտ Պետերբուրգ գնալուց առաջ հորդորել հարեւանություն անել Օվկիանենց հետ, ասելով` նրանք բարի են…

…Ոչ թե կորոնակապանքից 6 ամիս հետո, այլ` սովորականի պես, սեպտեմբերի 1-ին բացում եմ թանգարանի դուռը եւ բարեւում առաջինն ինձ դիմավորած բակի ծառ ու թփին…

Այստեղ նույն լռությունն է` ինչպես նախորդ օրերին, այստեղ լռությունը շատ խորհրդավոր է ու բազմախոս, ինչպես` ամեն օր, այստեղ ամեն ինչ թանգարանային է ու մշակութային, այստեղ ամեն ինչ հոգեւոր է, անգամ` անավարտ հիմնանորոգմամբ` հուզիչ ու հուզական, տպավորիչ ու ազդեցիկ, սիրուն ու ինքնատիպ…

Այստեղ, առայժմ դատարկ ցուցասրահներում, չեն հմայում-զմայլում հայ վերջին իմպրեսիոնիստ Զաքար Ավագիչի տաք ու արեւային կտավները…

Այստեղ, առայժմ փոքրմհերյան համբերատարությամբ ու սպասումով, լռում են հայ քանդակի Միքելանջելո, լռության մաեստրո Արտաշես Հովսեփյանի հրաշագործ ու արարիչ մուրճի հարվածներից անհավանական կատարելությամբ ու աստվածային խոհականությամբ կերտված քանդակները…

Մի օր, անկորնա մի օր, այս պատերից ներս եւ պատերից դուրս ողջ գեղեցկությամբ կհորդի այդ արարչագործ լռությունը որպես գույնի, գծի, պատկերի, խոհի, խորհրդավորության եւ հավերժումի բազմաձայն սիմֆոնիա…

Եւ երիցս երնեկ նրան, ով լսում է այդ լռությունը…

Եւ երիցս փառք նրան, ով կխախտի այդ լռությունը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ վարիչ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *