Կրթության մեծ նվիրյալը

Լինե՜ր, ա՜խ,այնպես լիներ,

Որ ժպտար բախտիս արփին,

Ու մեկը հանձն առներ

Իմ կյանքը հանձնել թղթին…

Շաղատի միջնակարգ դպրոցի երկարամյա մանկավարժ ու տնօրեն Ռազմիկ Հարությունյանի գրապահոցում խնամքով դարսված թղթերի մեջ դպրոցի նախկին սան Գոհար Մկրտչյանը գտավ այս քառատողը, երբ իր ուսուցիչն այլևս հավերժի ճամփորդ էր: Կարդաց ու հուզվեց…. «Ինձ բացակա չդնեք»,- պատգամել էր Սահյանապաշտ մանկավարժն ու հավելել` ոչ թե Համո, այլ` Համով Սահյան:

– Աշակերտուհու խոնարհությամբ ու խորին երախտագիտությամբ հանձն առա կյանքիդ հարուստ ու բազմաչարչար պատմությունը` իր լուսավոր էջերով, հանձնել թղթին…. Հավերժ քո աշակերտուհի` Գոհար Մկրտչյան:

Գոհար Մկրտչյանը խոստացավ հայոց լեզվի եւ գրականություն իր սիրելի ուսուցչուհուն` Հասմիկ Միքայելյանին ու ավելացրեց.

– Երախտապարտ եմ Հասմիկ Միքայելյանին` հայ դասականների գեղարվեստական երկերն ու քերթվածքները մասնագիտական հմտությամբ մատուցելու եւ պատկերավոր ներկայացնելու ջանքի ու գեղարվեստի հանդեպ մեծ սեր արթնացնելու համար…

Մենք էլ ուզում ենք մեր խորին երախտագիտությունն ու հիացմունքը հայտնել մեր շատ սիրելի ու հարգելի համագյուղացի Գոհար Մկրտչյանին ` Գոհար Գարունին` Շաղատ գյուղի հարուստ անցուդարձը, կրթօջախի մեկդարյա պատմությունը, քառորդ դար դպրոցի տնօրենի պաշտոնը իր ուսերին բարձր պատասխանատվությամբ կրած վաստակաշատ մանկավարժ, մեր թանկագին հայրիկ Ռազմիկ Հարությունյանի կյանքն ու աշխատանքային անմնացորդ նվիրումով օծված գործունեությունը ընթերցողին հստակ ու ջինջ ներկայացնելու համար:

– Սիրելի Գոհար Գարուն, հոգաչափ շնորհակալ ենք Ձեր տքնաջան ու պրպտուն, հոգատար ու սրտացավ աշխատանքի համար Ձեր Ուսուցչին` մեր հայրիկին, արժանի բնութագրելու, Ձեր անկեղծ նվիրումի համար: Երբեք չենք մոռանա, թե որքան էր Ձեզնով հպարտանում հայրիկը, և Ձեր ամեն նոր գիրքը նրա համար մի անգնահատելի գանձ էր ու սրբություն: Հպարտ էր իր սաներով, որոնք հասել են ամենատարբեր նպատակակետերին, բարձունքների ու առհասարակ հասարակության մեջ սիրո ու հարգանքի: Մաղթում ենք բեղմնավոր աշխատանք, մտքի անսպառ թռիչք` նորանոր ստեղծագործություններով համեմված: Միաժամանակ նաեւ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Կրթության նվիրյալները» ժողովածուի տպագրության հովանավոր, ռուսաստանաբնակ մեր հայրենակից Աշոտ Սենիկի Օրդուխանյանին իր մեծ բարեհոգության ու բարեգործության համար: Թող Ձեր հնարավորությունները լինեն անսահման այդպիսի մեծահոգությունների կատարման համար:

Աստված օրհնի Ձեզ:

Անահիտ եւ Աստղիկ Հարությունյաններ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *