Կրթությունն արտերկրում. Մոսկվայի` ժողովուրդների բարեկամության համալսարան

Մեր հայրենակից, հրաշալի մի աղջիկ` Սոնա Իվանյանը, արդեն երկու տարի է, ինչ սովորում է Մոսկվայի` Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանում: Ինչպես բոլորս, այնպես էլ Սոնան, այս օրերին, կապված համավարակի հետ, փակված է տանը, կրթությունը եւ աշխատանքը շարունակում է հեռավար` բոլորիս նման սպասելով համավարակի ավարտին` վիրտուալ կյանքից վերադառնալու իրական ուսում եւ աշխատանք:

Օգտվելով հեռավար հնարավարությունից` Սոնայի հետ զրուցում ենք իր համալսարանի, իր կրության, իր ծրագրերի, նպատակների եւ անելիքների մասին:

 -Բարեւ, Սոնա, ինչպե՞ս ես: Ներկայացրու քեզ մեր ընթերցողներին եւ հայրենակիցներին:

-Ես Սոնա Իվանյանն եմ: Ծնվել եւ մեծացել եմ Սիսիանում: Սիսիանի ավագ դպրոցն ավարտելոց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդկցության բաժինն ու գերազանցությամբ ավարտել այն ՝ ստանալով բակալավրի աստիճան: Այնուհետեւ մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով ընդունվել եմ նույն ֆակուլտետի՝ Միջազգային գործարար հաղորդակցության բաժին, սակայն մեկ տարի սովորելուց հետո հասկացել, որ ցանկանում եմ կրթությունս շարունակել արտերկրում:

-Ի՞նչը մղեց քեզ, կամ` ի՞նչը առիթ հանդիսացավ, ինչպես մենք ենք ասում, տնից-տեղից կտրվել եւ կրթությունը շարունակել այլ երկրում:

-ՌԴ կառվարությանկ ողմից ֆինանսավորվող մի ծրագիր կար, հայտարարված էր մրցույթ, իմ հնարավորությունները եւ ուժերը փորձելու նպատակով մասնակցեցի այդ մրցույթին, հաղթահարեցի բոլոր փուլերը, որից հետո ստացա կրթաթոշակ եւ, քանի որ հավաքել էի բարձր միավորներ, ընդունվեցի հենց այն համալսարան, որտեղ շատ էի ուզում սովորել` Մոսկվայի` ժողովուրդների բարեկամության համալսարան: Հիմա սովորում եմ Օտարլ եզուների ինստիտուտի լեզվաբանություն եւ հանրային կապեր բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում:

– Հատկապես` ի՞նչը գրավեց քեզ, որ ցանկացար կրթությունդ շարունակել հենց այդ բուհում:

– Համոզված եմ, որ ընտրությունս պատահական չէ, քանի որ այս համալսարանը ոչ միայն ՌԴ-ում, այլեւ` տարածաշրջանում առաջինն է օտարերկրացի ուսանողների քանակով, որն էլ հենց առաջին հերթին գրավեց  ինձ: Քանի որ իմ մասնագիտացումը միջմշակութային հարաբերություններն են, սա հենց այն ուսումնական հաստատությունն էր, որտեղ կրթություն ստանալուն զուգահեռ` շփվում, հաղորդակցվում ես աշխարհի տարբեր երկրներից այստեղ եկած ուսանողների, նրանց մշակույթի, կենցաղի, սովորությունների հետ` հենց տեղում յուրացնելով միջմշակութային հարաբերությունների առարկայական, կենդանի օրինակները եւ փորձը:

-Պատմիր քո բուհ-ի մասին:

-Մոսկվայի` Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը հիմանդրվել է 1960 թ. փետրվարի 5 -ին: Համալսարանում սովորում են մոտ 28000 ուսանողներ, որոնցից մոտ 6000 -ը` օտարերկրացիներ են՝  աշխարհի ավելի քան 145 երկրներից: Համալսարանում դասավանդում են բարձր որակավորում ունեցող 2200 պրոֆեսորներ, դասախոսներ, նրանց թվում` նաև օտարերկրացիներ: Համալսարանն ուսանողներին է առաջարկում մոտ 472 կրթական ծրագրեր, 152 համատեղ ծրագրեր միջազգային մի շարք համալսարանների հետ:

Օտարլ եզուների ինստիտուտը հիմնադրվել է 1997 թ։ Այժմ ինստիտուտում սովորում են ավելի քան 1200 ուսանողներ: Այն ուսանողներին է առաջարկում կրթական 26 ծրագիր, ինչպես նաև 6 համատեղ ծրագիր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների առաջատար համալսարանների հետ: Ինստիտուտը շատ հնարավորություններ է տալիս օտարերկրացի ուսանողներին:

Ինքս հնարավորություն եմ ունեցել դասավանդելու անգլերեն բակալավրի առաջին կուրսի ուսանողներին: Սա հիանալի փորձ էր ինձ համար եւ, վստահ եմ, որ ապագայում ինձ շատ է օգնելու:

Բացի դրանից, անցած տարվա հունիսին հնարավորություն ունեցա երկու այլ ուսանողների հետ ներկայացնելու մեր համալսարանը Իսպանիայի Մալագա քաղաքում անցկացվող ԳարաժԷրասմուս ծրագրի կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանսին:

-Ի՞նչ տվեց քեզ այդ կոնֆերանսը:

-Սա բացառիկ հնարավորություն էր օտարերկրացի ուսանողների եւ կրթական ոլորտի մի շարք առաջատար մասնագետների հետ շփման համար: Ծրագրի շրջանակներում քննարկվում էր կրթական ծրագրերի ընդլայնման եւ դրանք ուսանողների համար ավելի հասանալի դարձնելու հնարավոր ուղիները:

Բացի նրանից, որ ծրագիրը տվեց նոր գիտելիքներ եւ փորձ, այն հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ:

Եթե փորձեմ ամփոփել, կասեմ, որ համալսարանում սովորելու այս երկու տարիները անգնահատելի են ինձ համար: Այս երկու տարիները հագեցած էին թե՜  կրթական, թե՜ մշակութային մի շարք ծրագրերով, որոնք եւս օգնեցին ինքնակրթվելու եւ կատարելագործվելու մեջ:

Այն ինձ տվեց շատ նոր ընկերներ: Պարզապես հնարավորութուն` ճանաչելու տարբեր ազգությամբ ուսանողների ե ւնրանց մշակույթը: Շփումը այլ ազգերի ուսանողների հետ oգնում է դառնալ ավելի հանդուրժող և շրջահայաց, հնարավուրություն է տալիս նայել կյանքին այլ աչքերով: Վստահ եմ, որ այս փորձը կօգնի ինձ ապագայում էլ ավելի առաջ գնալ:

-Դժվար չէ՞ երիտասարդ աղջկա համար, այն էլ` միայնակ, օտար միջավայրում, օտար երկրում սովորել-ապրել- աշխատել:

-Իրականում սկզբնական շրջանում չափազանց դժվար էր: Նոր միջավայր, նոր մարդիկ՝  այդ ժամանակ արտասովոր թվացող մենթալիտետով։ Դեռ անցած տարի մի քանի անգամ ցանկացել եմ ուղղակի թողնել ամեն ինչ և վերադառնալ, բայց  հետո հասկացել եմ, որ եթե ունես նպատակ, պետք է նաև պատրաստ լինես այդ նպատակին տանող ճանապարհին եղած դժվարությունները հաղթահարել: Ու ժամանակի ընթացքում, իհարկե, հարազատներիս ու ընկերներիս օգնությամբ, կարողացա հարմարվել նոր միջավայրին ու առաջ շարժվել: Ու հատկապես, երբ արդեն աշխատում էի համալսարանում, սկսեցի ինձ ավելի կայացած ու հանգիստ զգալ: Ու այդպես հաղթահարվեց ամեն ինչ։

-Սոնա, բացի քեզանից, Հայաստանից կամ` այլ վայրերից հայ ուսանողներ էլի՞ կան:

-Բոլոր երկրների ուսանողներն ունեն իրենց ուսանողական համայնքները համալսարանի ներսում։ Հայերի համայնքն ամենամեծն ու ամենաակտիվն է։ Համալսարանում շատ են կազմակերպվում մշակութային միջոցառումներ, և հայերը միշտ աչքի են ընկնում և միշտ յուրովի ներկայացնում մեզ ու մեր մշակույթը։ Ցավոք, ինքս ակտիվ մասնակցություն չունեմ համայնքի գործունեությանը՝  ժամանակի սղության պատճառով, բայց փորձում եմ, գոնե, միջոցառումները բաց չթողնել։

-Ուսումդ ավարտելուց հետո քեզ որտե՞ղ ես տեսնում: Ի՞նչ ծրագրեր ունես` ապագայի հետ կապված: Հայաստան վերադարձը մտնո՞ւմ է այդ ծրագրերի մեջ:

-Իրականում, ապագայի հետ կապված հստակ ծրագրեր դեռ չունեմ, բայց Հայաստան անպայման կվերադառնամ, սակայն չգիտեմ, թե երբ:

-Ի՞նչ խորհուրդ կտաս  այն պատանիներին եւ երիտասարդներին, ովքեր նույնպես կցանկանան սովորել այդ բուհ-ում: Կամ` քեզ իրավունք կվերապահե՞ս` նման խորհուրդ տալ:

 -Ես ինքս գոհ եմ, որ ընտրել եմ այս համալսարանը, քանի որ այն, ինչը ինձ համար կարևոր էր, ինչպպես արդեն նշել եմ, ես գտել եմ այստեղ: Խորհուրդ տալ չեմ ցանկանա, քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր առաջնահերթությունները, ու, կարծում եմ, այդքան էլ կարևոր չէ` կլինի հենց այս համալսարանը, թե որեւէ այլ ուսումնական հաստատություն, կարևոր է ուղղակի փորձելը, եթե կա ցանկություն, ու  այդ փորձից վերցնել առավելագույնը:

 -Հաջողություններ քեզ, Սոնա, հուսով եմ` մենք դեռ կհանդիպենք:

-Անչափ շնորհակալ եմ։

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *