ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԵԼՈՒ ՀՈՒԶՄՈՒՆՔԸ…

Սիսիանի` Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի փողային բաժնի սաների հաշվետու համերգը նույն դպրոցի դահլիճում դարձավ հաշվետվություն ոչ միայն նրանց եւ իրենց դասատու Արմեն Մանուչարյանի համար, այլեւ ի ցույց դրեց այն դժվարին եւ պատասխանատու աշխատանքը, որն այսօր իրականացնում են երաշժտական դպրոցի պատերից ներս:

Ընտրելով փողային դժվարագույն գործիքների` կլառնետի, դուդուկի, շեփորի ուսուցանումը` դասատու Արմեն Մանուչարյանը կարողացել է իր սաների մեջ մեծ սեր առաջացնել ոչ միայն այդ գործիքների, այլեւ` դրանցով հնչող երաժշտության եւ նրանց հեղինակների նկատմամբ, ինչի վառ ապացույցը սաների ոգեւորված կատարումներն էին, որոնք արժանացան  ուսուցիչների, ծնողների, հյուրերի դրվատանքին եւ քաջալերանքին:

Հաշվետու համերգը աչքի ընկավ նաեւ այն առանձնահատկությամբ, որ համերգավար, սիրված երգչուհի Անուշ Աղաջանյանը, կատարվող համարը եւ մասնակիցնին հայտարարելուց առաջ, ամփոփ տեղեկություն էր հաղորդում փողային տվյալ գործիքի, հնչող երաժշտության, դրա հեղինակի մասին, ինչն ավելի հետաքրքիր եւ պատկերավոր էր դարձնում սաների` երաժշտական կատարումները:

Համերգային ծրագիրը կազմված էր ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հայ սիրված կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Հաշվետու համերգը եզրափակվեց դասատու Արմեն Մանուչարյանի եւ դուդուկահարների համատեղ ելույթով, որի ժամանակ հնչեց հայտնի` «Սարի աղջիկ» եւ «Արմենի պարը» ստեղծագործությունները, ինչից խանդավառված` Սիսիանի համայնքապետարանի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Նարա

Հովհաննիսյանն առաջարկեց այդ կատարումները նախապատրաստել Մայիսի 9-ին կայանալիք համերգային տոնական ծրագրի համար:

Խոսելով հաշվետու համերգի եւ իրենց երախաների կատարումներից ու նրանց հետ տարվող աշխատանքից` ծնողների անունից խոսք հնչեցրեց 4-րդ դասարանի աշակերտ Վան Ստեփանյանի մայրը` Գայանե Գրիգորյանը, խորին շնորհակալություն հայտնելով այն դժվարին աշխատանքի համար, որ իրականացրել է դասատու Արմեն Մանուչարյանը, ի մասնավորի նշելով, որ նա միաժամանակ ծնողի եւ դաստիարակի դեր է կատարում հասունացման տարիքում գտնվող իր տղա սաների կյանքում: Գայանե Գրիգորյանը նշեց, որ

դժվար է հատկապես տղաների հետ աշխատելը, դժվար է փողային երաժշտական գործիքների նրբությունները բացահայտելը, բայց Արմեն Մանուչարյանն այդ ամենն արել է ամենայն պատասխանատվությամբ եւ սրտացավությամբ, գտնելով, միգուցե, որ սովորած  մասնագիտությունը շատերի համար հետագայում կարող է դառնալ իրենց հացը վաստակելու միջոցը:

Ամփոփելով հաշվետու համերգը` համերգավարը հույս հայտնեց, որ Սիսիանի երաժշտական դպրոցի եւ, ընդհանրապես, իսկական երաժշտական արվեստի նկատմամբ կմեծանա թե ծնողների, թե ներկաների եւ հյուրերի, թե երեխաների ուշադրությունն ու հետաքրքրությունը, եւ չի նվազի գեղեցիկ ավանդույթներ ունեցող երաժշտական դպրոցի ուսուցիչների կատարած աշխատանքի հանդեպ սերն ու հարգանքը:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *