ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԵՎ ՍԻՍԻԱՆԸ

Պատմություն դարձան 7-րդ համահայկական ամառային մարզական խաղերը: Թե´ մասնակիցները, թե´ ներկաները, թե´ հանդիսատեսը դեռ երկար կհիշեն մարզական խաղերի բացման շքեղ հանդիսության, հաղթանակների եւ մրցապայքարի տպավորություններն ու տրամադրությունները:

Սյունիքի պատվիրակության կազմում 7-րդ համահայկական ամառային մարզական խաղերին մասնակցեցին նաեւ Սիսիան քաղաքի մարզադպրոցի եւ շախմատի դպրոցի թիմերը: Թեւ այս անգամ նրանք ձեռնունայն վերադարձան տուն, ի տարբերություն նախորդ բոլոր խաղերի, բայց անհնար է, որ այս մարզական խաղերը եւս որոշակի հետք չթողնեն սիսիանցի մարզիկների վրա: Ինչ տպավորություն ստացան եւ ինչպես անցան այս մարզական խաղերը. այս եւ այլ հարցերի պատասխանում են Սիսիանի մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանը եւ Սիսիանի շախմատի դպրոցի մարզիչ, սպորտի վարպետ Վարդան Մովսիսյանը:

-Սիսիանի մարզադպրոցի համար, իրոք, սա 7-րդ համահայկական մարզական խաղերն էին, եւ մարզադպրոցը նախորդ բոլոր մարզական խաղերում գրավել է մրցանակային 2-րդ կամ` 3-րդ տեղեր: Սակայն թե ինձ, որպես մարզադպրոցի տնօրեն, թե մեր վոլեյբոլի նորաստեղծ թիմի համար սա առաջին համահայկական խաղերի մասնակցությունն էր: Իհարկե, մենք հայտ էինք ներկայացրել ոչ թե զուտ մասնակցության համար, այլ` որեւէ մրցանակային տեղ գրավելու ակնկալիքով, փորձելով պահպանել եւ շարունակել մարզադպրոցի լավագույն ավանդույթները: Ցավոք, 11 թիմերի միջեւ ծավալված պայքարում Սիսիանի մարզադպրոցի վոլեյբոլի կանանց թիմը գրավեց միայն 6-րդ հորիզոնականը, ինչը, սակայն, մեզ բնավ էլ չընկճեց եւ չհուսահատեցրեց: Մեր մրցակիցները ուժեղ թիմեր էին, փորձառու, լավ մարզավիճակով, 20 եւ ավելի բարձր տարիքի, մինչդեռ մեր թիմը նոր է ձեւավորվել, թիմի անդամները դպրոցահասակ երեխաներ են, սա նրանց առաջին մասնակցությունն էր նման կարեւոր եւ պատասխանատու մրցելույթում, ուստի 6-րդ տեղը, իմ կարծիքով, այնքան էլ վատ չուցանիշ չէ այս պարագայում: Չորս տարի հետո անցկացվող հաջորդ մարզական խաղերին մեր թիմն էլ բավականին փորձառու կլինի, մարզիկները հասակ կառնեն, եւ, վստահաբար, լուրջ մրցակցություն կպարտադրեն մրցակիցներին:

Թեեւ մրցանակային տեղ չգրավեցինք, բայց այն փորձ ձեռք բերելու, նոր մարզիկների եւ նոր թիմերի հետ ուժերը չափելու, նոր ընկերներ ունենալու, մեր մարզը եւ մեր քաղաքն ու մեր մարզադպրոցը ներկայացնելու լավագույն հնարավորությունն էր: Կարեւորում եմ այն փաստը, որ մրցակից թիմերի միջեւ, մարզական մրցակցությունից զատ, ստեղծվեց նաեւ բարեկամական, ընկերական եւ մարդկային լավ փոխհարաբերություն, իսկ հրաժեշտից առաջ Գլենդելի թիմին նվիրեցինք սիսիանյան բրենդ` Սիսիան կերամիքսի հուշանվեր-նուռ, ինչն ընդունվեց սիրով, մենք էլ մեկ անգամ եւս սրանով կարողացանք Սիսիանի անունը եւ նրա բրենդը հանրահռչակել:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սիսիանի համայնքապետարանին` մարզական խաղերին մեր մասնակցությունն ապահովելու, մեր ծախսերը հոգալու եւ մինչեւ վերջ մեր կողքին լինելու համար: Թեւեւ մրցանակային տեղ չենք գրավել, բայց նրանք էլ չեն վհատվել, ընդհակառակը, զանգահարել, ոգեւորել, խանդավառել են մեզ, հորդորել չհուսահատվել եւ արդեն հիմիկվանից պատրաստվել հաջորդ համահայկական խաղերին` բարձր պահելու Սիսիանի եւ Սյունիքի մարզական անունը:

-Սա ինձ համար 4-րդ համահայկական մարզական խաղերն էին: Առաջին անգամ մասնակցել եմ 1999-ին, երբ 12 տարեկան էի, շահել եմ 1-ին տեղ: Երրորդ մարզական խաղերին` 2-րդ տեղ, ու երկար ժամանակ, մարզչական աշխատանքով ծանրաբեռնված լինելու պատճառով, հաջորդ մարզական խաղերին չեմ մասնակցել:

7-րդ խաղերին լավ էի տրամադրված, մտածում էի 2-րդ տեղ նվաճելու մասին, եւ բոլոր հնարավորությունները կային, բայց վերջին խաղին, մարզական բախտը, ինչպես ասում են, չժպտաց, եւ ես մրցանակային տեղ չգրավեցի: 100-ից ավելի մասնակիցների մեջ 6-րդ տեղը վատ արդյունք չէ: Չեմ մտածում, որ մարզիկն ամեն անգամ պիտի հաղթի, պարտությունը նույնպես մարզիկի համար է, եւ հենց պարտվելիս ես լցվում մարզական «չարությամբ»` վերադարձնելու կորցրածը: Խնդիրն այն է, որ դու միայն քեզ համար չես խաղում, դու քաղաք, մարզ, դպրոց ես ներկայացնում, եւ դա ավելի էր պարտավորեցնում, բայց դե սպորտը մնում է սպորտ…

Ինչեւէ, թեեւ մինչեւ հիմա ծանր եմ տանում որեւէ մրցանակային տեղ չբերելը` ի պատիվ մեր քաղաքի, բայց գոհ եմ, որ մասնակցեցի, գոհ եմ, որ մրցում էի ուժեղ շախմատիստների հետ, գոհ եմ, որ Սուրեն Գեսյանի հետ, ով 1,5 տարի է` զինվորական ծառայության մեջ է եւ չի զբաղվում շախմատով, բայց, որպես զինվոր, վատ հանդես չեկավ, կարողացանք ներկայացնել մեր քաղաքը, մեր մարզը, մեր դպրոցը, ու հուսով եմ, որ մեր երկրպագուներին դեռ կկարողանանք ուրախացնել…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *