ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Նախապես պլանավորած գրաֆիկով եւ մաքրվող տարածքների հստակեցված ուղեցույցով` սիսիանցիները վաղ առավոտյան միացան «Մաքուր Հայաստան» ծրագրով իրականացվող համապետական շաբաթօրյակին: Մինչ շաբաթօրյակի մեկնարկը` Սիսիանի համայնքապետարանում անցակացվել էր խորհրդակցություն, կազմվել էր աշխատանքային պլան, եւ շաբաթօրյակի դուրս եկած յուրաքանչյուր ոք արդեն գիտեր իր անելիքը:

Քաղաքի ամենամարդաշատ եւ բանուկ` նախկին «Որոտան» կնոթատրոնի հրապարակը եւ հարակից տարածքը մաքրում էին Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցները: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կարեւորեց համայնքապետարանի ակտիվ մասնակցությունը, ակնկալիքով, որ իրենց աշխատանքը վարակիչ կլինի նաեւ շրջակա բարձրահարկերի բնակիչների համար: «Եթե յուրաքանչյուրս մաքուր պահի իր ոտքի տակը, եթե յուրաքանչյուրս մտածի, որ սա իր տունն է, եթե յուրաքանչյուրս դեն չնետի աղբը, քաղաքն էլ մաքուր կլինի: Սա Սիսիանի կենտրոնական տարածքն է, մարդիկ հավաքվում են այստեղ, հիմա էլ տեսնում են, թե ինչպես է քաղաքապետի աշխատակազմը մաքրում իրենց ոտքի տակը, մաքրում բահով, փոցխով, անգամ` ձեռքով, եւ, գուցե, այսուհետ աղբը կնետեն ոչ թե գետնին, այլ այստեղ տեղադրված աղբամաններ: Սա իմ թաղամասն է, ես այստեղ եմ մեծացել, հողի հետ աշխատել եմ, ու հիմա էլ մեծ բավականությամբ եմ աշխատում: Ցավոք, շրջակա շենքերի բնակիչներից քչերը մասնակցեցին, չմիացան անգամ Հիդրոշինարարների այգին մաքրող դպրոցականներին, բայց, հուսամ, որ, գոնե, չեն աղտոտի աշակերտի մաքրած տարածքը»,- ասաց համայնքի ղեկավարը: Արթուր Սարգսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ մարդկանց գիտակցության մեջ պիտի ամրապնդել, որ եթե մաքուր ես պահում քո ոտքի տակը, քո շրջապատը, մաքուր է լինում նաեւ քաղաքը: «Քաղաքը մաքրելը մեր ամենօրյա աշխատանքն է, բայց շաբաթօրյակը մեկ անգամ եւս առիթ է տալիս մեր բնակչությանը գիտակցել, որ այն ոչ միայն համայնքապետարանի, այլեւ` բոլորիս խնդիրն է: Երբ նոր էի ընտրվել համայնքապետ, հրապարակում լուսամփոփներ եւ նստարաններ տեղադրեցինք, շատերն ինձ էին ասում` մի տեղադրեք, ջարդելու են, բայց 3 տարի է անցել, ոչինչ չեն կոտրել, ամեն ինչ իր տեղում է: Ես կարծում եմ, որ մենք պիտի մաքրենք, որ կարողանանք նաեւ պահանջել»,- ասաց համայնքի ղեկավարը եւ հավելեց, որ  համայնքի 30 բնակավայրերում նույնպես կատարվում է շաբաթօրյակ: «Հատկացրել ենք անհրաժեշտ տեխնիկա եւ դիզվառելիք, որ գյուղական բնակավայրերից հեռացվի կուտակված աղբը: Հակառակ պարագայում` մեր արածը ապարդյուն կլինի»,- ասաց համայնքապետը` խոսելով նաեւ աղբավայրերը պատշաճ տեսքի բերելու անհրաժեշտության մասին:

Պատասխանելով հենց նույն պահին նույն տարածքում, փոշու եւ կեղտի մեջ, մայթերին միս վաճառելու մեր հարցմանը, Արթուր Սարգսյանը նշեց, որ բացօթյա տարածքում մսի վաճառքն արգելելու համար համայնքապետարանը անցյալ տարի վաճառքի կետ է ստեղծել, որը գործելու է համայնքային ենթակայության ներքո, ապահովվելու են սանիտրական բոլոր նորմերը, որտեղ 5-6 հոգի կարող են վաճառել իրենց արտադրած միսը, եւ շուտով այս տարածքում այլեւս մսի բացօթյա վաճառք չի իրականացվի:

ԱԻՆ շրջակայքը եւ ոստիկանության շենքից դեպի Որոտանի մայր կամուրջ ընկած հատվածը մաքրում էին Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները: Հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ, փրկարար ծառայության ենթասպա Արտակ Մովսիսյանը նշեց, որ շաբաթօրյակին մասնակցում են սիրով, քանի որ մաքրած տարածքով քայլելու են իրենք, իրենց երեխաները, բայց ափսոսանք հայտնեց, որ իրենց մաքրած տարածքի հարակից` Երեւանյան զբոսայգին, որը քաղաքի ամենակեղտոտ տարածքն է, չի մաքրվում, եւ իրենց արածը մի տեսակ ստվերվում է: «Եթե հրահանգեին մեզ մաքրել նաեւ այգին, կանեինք, բայց, որքան գիտեմ, այն մասնավոր է, ցավոք, սեփականատերերն էլ չեն մաքրում»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Պատասխանելով մեր` ինչու են մեկ-երկու շաբաթ հետո նույն տարածքում նորից աղբակույտեր գոյանում հարցին, փրկարար ծառայության ենթասպան նշեց, որ ընդհանուր առմամբ քաղաքը մաքուր է, բայց ցանկալի կլինի, որ կամրջից մինչեւ Երեւանյան այգու խաչմերուկ ընկած հատվածում, որտեղ անցուդարձը մեծ է, մեկ-երկու աղբաման տեղադրվի, ինչը 50 %-ով հաստատ կնպաստի տարածքի մաքրությանը: «24-25 հոգի մասնակցում ենք շաբաթօրյակին, հասուն մարդիկ ենք, գիտակցում ենք, որ մեր քաղաքն է, պիտի մաքուր պահենք, եթե մարդը մտքով եւ հոգով մաքուր է, իր միջավայրն էլ մաքուր է պահում: Ապրենք մաքուր, լինենք մաքրասեր, մաքուր քաղաքը մաքուր միջավայր է, մաքուր մտածողություն, մաքուր հոգեբանություն»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Հակառակ մայթին խանութի բակը եւ ծաղկանոցը մաքրող Գոհար Հարությունյանը անակնկալի եկավ` մեր լուսանկարչական ապարատի չխկոցից, ապա ասաց, որ ինքը չի սպասում` շաբաթօրյակ լինի, նոր մաքրի տարածքը, պարզապես տեսնելով մյուսներին, ինքն էլ խանդավառվեց, քանի որ եղանակը նույնպես շաբաթօրյակային էր:

Քաղաքային գրադարանի աշխատակիցները մաքրել էին իրենց հատկացված տարածքը, աղբը լցրել տոպրակների մեջ եւ սպասում էին աղբատարին, քանի որ հանձնարարություն էին ստացել` մինչեւ հավաքած աղբը չլցնեն աղբատարը, տարածքից չպիտի հեռանան: «Տեսեք` որքան հաճելի է մաքուր փողոցը, դիմացի հուշարձանի մաքրված տարածքը: Սա մեր ավանդական հատվածն է, որ մաքրում ենք բոլոր շաբաթօրյակներին: Ի վերջո` նաեւ մենք ենք ամեն օր այս փողոցով գալիս աշխատանքի»,-ասացին գրադարանավարները` համբերատար սպասելով աղբատարին:

Համապետական շաբաթօրյակին մասնակցեցին դպրոցներ, հիմնարկներ, խանութներ, քաղաքացիներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, եւ յուրաքանչյուրն իրեն վարձատրված զգաց` շաբաթօրյակից հետո մաքուր փողոցով եւ մայթով անցնելիս…

Հ.Գ. Շատ տարիներ առաջ, երբ Սիսիանի «Որոտան» կինոթատրոնի դահլիճում կայացել էր «Խնձորի այգին» ֆիլմի առաջնախաղը, Սիսիանի պատվավոր քաղաքացի Սոս Սարգսյանն ասել էր` Սիսիանն այնքան գեղեցիկ է, ասես նոր լողացած լինի… Իսկապես, մաքուրը նաեւ գեղեցիկ է…

«Որոտան»

 

Մեկ Արձագանքման ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ համար

  1. Արա Հարությունյան says:

    Սուբվենցիոն ծրագրով Երևանյան զբոսայգում նախատեսված է հսկայածավալ աշխատանքներ իրականացնել։ Կարծում եմ, որ հաջորդ տարի այգին անճանաչելիորեն փոխված է լինելու։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *