ՀԵՐՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՊՐԻԼՅԱՆԸ… հարգանքի տուրք զոհվածների հիշատակին

Բազմաթիվ սիսիանցիների ապրլիյան հուշերթն այս անգամ էլ դեպի պանթեոն էր` հարգանքի տուրք մատուցելու քառօրյայում նահատակված մեր տղաների հիշատակին: Հուշերթի մասնակիցների մեջ ոչ միայն նրանց հարազատներն ու ընտանիքի անդամներն են, ոչ միայն բարեկամներն ու ազգակիցները, այլեւ` բոլորը, ում համար հայրենյաց նահատակն այլեւս արդեն ազգինն ու յուրաքանչյուրինն է:

Համայնքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, զոհված տղաների մարտական ընկերներ եւ հարազատներ, քաղաքացիներ, ծաղիկներ դնելով զոհվածների շիրիմներին, երախտապարտ հոգով ասես վկայում էին, որ նրանց թափած թանկ արյունից այսօր վեր է բարձրանում հայրենիքի հավերժության ծառը, նոր ու հզոր Հայաստանի նոր կերպարը:

Հերոսական ու, միաժամանակ, ողբերգական ապրիլյան քառօրյայում հարյուրավոր անմեղ զոհերի հետ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերեցին նաեւ սիսիանցի  քաջորդիներ Մայիս Միրզոյանը, Արմեն Բեգլարյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Կարո Համբարձումյանը, Դավիթ Սարգսյանը, Եղիշե Նիկալյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սերգեյ Դանղյանը, Սեդրակ Ասրյանը, ովքեր, առանց վարանելու, կրկին անսացին հայրենյաց կանչին եւ գնացին կտրելու մարտական այն ուղին, որն արդեն մեկ անգամ անցել

էին 90-ականների մեծ ազատամարտի ժամանակ: Տղաները գնդակոծվեցին անօդաչու թռչող սարքից, երբ պատրաստվում էին մտնել մարտական գործողությունների մեջ:

Արմեն Բեգլարյանի շիրմաքարի մոտ համախմբված էին հարազատները: Եղբոր կինը` Ալինա Լալազարյանն ասաց, որ հիմա էլ նույն զգացողությունն է, ինչ` տղաների զոհվելու լուրը ստանալիս, քանի որ ժամանակը սպիացնում է, բայց չի մոռացնում անասելի ցավը: «Պարզապես հիմա մխիթարվում ենք նրանով, որ ինչպես մեր Արմենը, այնպես էլ բոլորի Արմենները ապրում են, կան, հիշվում են, ու քանի նրանց հիշողները կան, նրանք էլ հավերժ են»,- ասաց Ալինան:

Խոսելով քառօրյայի հերոսների հիշատակը վառ պահելու եւ նրանց շիրիմներին մշտապես այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու մասին, Սյունիքի զինկոմ Մանուչարյանը նշեց, որ ապրիլյան դեպքերը նորից ոգեշնչեցին մեր զինվորներին, նորից բարձրացրեցին նրանց մարտական ոգին ու վկայեցին, որ մեր զինվորը միշտ պատրսատ է ցանկացած իրավիճակում, նաեւ` կյանքի գնով, պահել իր երկրի սահմանը եւ զինվորի իր պատիվը: Պատասխանելով գուցե այդքան զոհեր չէին լինի, եթե… մեր հարցին, պարոն Մանուչարյանը նշեց, որ ով եղել է այնտեղ, նա կիմանա այդ եթեների պատասխանը, բայց եթե կան մարտական գործողություններ, զոհերն անխուսափելի են: «Գուցե մեր զոհերն ավելի քիչ լինեին, սակայն հակառակորդն էլ քառակի կորուստ է տվել»,- ասաց մարզային զինկոմը, հավելելով, որ եթե նորից ապրիլյան լինի, կլինի այնպես, ինչպես եղավ 2016-ի ապրիլին:

Մարտական ընկերների հետ նահատակ ընկերների հիշատակը հարգելու էր եկել նաեւ Մանվել Հովհաննիսյանը, ով նշեց, որ հենց առաջին իսկ կանչից ամբողջ ջոկատով մեկնել են Արցախ, ուղարկվել Թալիշ: «Մենք գիտեինք` ուր ենք գնում, քանի որ մի անգամ արդեն անցել էինք այդ ճանապարհը, բայց չէինք պատկերացնում, որ կլիներ այն, ինչ պատահեց մեր տղաների հետ: Դա պատահականություն էր, ցավալի պատահականություն, բայց մեր ընկերներին կորցնելուց հետո էլ ետ չկանգնեցիքն մեր քայլից եւ, չմասնակցելով անգամ նրանց հուղարկավորմանը, կարողացանք մինչեւ վերջ մնալ մարտական դիրքերում եւ այդպես հարգել մեր զոհված ընկերների հիշատակը»,- ասաց Մանվել Հովհաննիսյանը:

Պահեստազորի մայոր Կամո Հակոբջանյանն էլ նշեց, որ տղաներն իրենց անելիքն արել են, եւ այս խոնարհումներն ու խնկարկումներն ավելի շատ մեզ` ապրողներիս են հարկավոր, քան` զոհվածներին: «Երբ աչքիդ առաջ կորցնում ես մարտական ընկերոջդ, դժվար բան է: Բայց դու պարտավոր ես տանել հաղթանակի դրոշը, որը նաեւ քո ընկած ընկերների փոխարեն է»,- ասում է պահեստազորի մայորը եւ, որպես զինվոր, հավաստիացնում, որ հայոց բանակի զինվորը չի զորացրվում, քանի դեռ մեր կռիվը չի ավարտվել:

Որպես օրվա խորհուրդ` Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանը, պահպանիչ աղթոք կարդաց հայոց բանակի զինվորների համար, մաղթեց խաղաղ երկինք եւ անփորձանք ծառայություն:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *