Հայրենի գյուղում բացվեց ապրիլյան քառօրյայի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակի հուշարձանը

Դարերի ընթացքում Հայոց աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Այսպիսի քաջորդիներից է սիրված ազատամարտիկ, Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Քյարամ Սլոյանը: Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Այդ ոճրագործությունից անցել է երեք տարի: Ինչպես մեր երկրում, այնպես էլ` արտերկրում կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։ Նմանատիպ միջոցառման ականատես եղանք ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Այստեղ էին ավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ՝ մասնակցելու ապրիլյան քառօրյա պատերազմի  հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա միջոցառումներին եւ նրա հիշատակին կանգնեցված հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառումը սկսվեց գյուղի` Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ տեղի ունեցավ «Պատիվ ունեմ» խորագրով ցերեկույթ: Աշակերտները ոգեկոչեցին մեր օրերի, հատկապես` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին, որը Այն կազմակերպել էր հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Պապոյանը: Միջոցառման աջակիցներն էին Սլոյանների ընտանիքի անդամներն, ինչպես նաև «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի, ի դեմս հիմնադրամի պատասխանատու Համեստ Ուրֆանյանի աջակցության: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որն իրականացրեց Սաղմոսավանի ու Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանի կողմից: Նշենք, որ դպրոցի ռազմագիտության կաբինետը կրում է Քյարամ Սլոյանի անունը, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Սաղմոսավանի գյուղապետ Գրիգոր Ավագյանը, դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը: Նրանք երախտիքի խոսքեր ուղղեցին հերոսների մայրերին: Հուշ-ցերեկույթից հետո գյուղի մուտքում բացվեց հուշարձան, որն օծեց Արագածոտնի մարզի Սաղմոսավանի և Արտաշավանի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը, որից հետո ելույթներով հանդես եկան Արցախի վետերանների կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ Գրիգոր Գրիգորյանը, մի շարք երկրներում Հայաստանի ռազմական ներկայացուցիչ, ռազմական

մարտավարության ղեկավար գեներալ-գնդապետ Տարոն Աբրահամյանը, Արցախյան հերոսամարտի ու քառօրյա պատերազմի մասնակից մայոր Սիաբանդ Սայադյանը, Աշտարակի շրջանի 1994 թվականի 1-ին եռամսյա վաշտի հրամանատար, պահեստազորի ավագ լեյտենանտ Վարդան Գևորգյանը և այլք: Հուշակոթողի բացումից անմիջապես հետո Քառօրյա պատերազմի հերոս, լեգենդ դարձած Արմենակ Ուրֆանյանի մայրը 4 հերոսների անունով հուշարձանի կողքին ծառատունկ կատարեց: Միջոցառումն ավարտվեց գյուղի` Քյարամ Սլոյանի անվան թաղամասի ցուցատախտակի բացումով: Իսկ վերջում Քյարամ Սլոյանի մայրը՝ Նվարդ Սլոյանը Արցախի վետերանների կազմակերպության, Փառքի զինվոր Հասարակական կազմակերպության կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվեց պատվոգրերով: Պարգևատրվեցին նաև կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանիպետական շքանշանով։ Հազար Փառք քեզ, քաջ զինվոր Քյարամ Սլոյան:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *