Ղարաքիլիսա։ Սիրում եմ քո քաղցր բարբառը…

Ղարաքիլիսա։ Սիրում եմ քո քաղցր բարբառը, քո հուշը դարձած մարդկանց։ Ծերանոցն եմ հիշում, նրա տեր Արշակ պապին՝ լերկ գլխով՝ գլխին ամառ-ձմեռ կարակուլի սև գլխարկ։ Նա բացում էր ծերանոցի դուռը, հիանում իրեն նայող իր մեծ դիմանկարով, կարծես երկրի նախագահի դիմանկարը լիներ, ինչ Լենին, ինչ Բրեժնև։ Ղարաքիլիսայում միայն Չապաև Արշակի էին ճանաչել և ընդունել,-ասում էր նրա կին Նանասին։ Ծերանոցում էին
հավաքվում Ղարաքիլիսայի ջոջերը։ Մեր Վարդիգյուլ տատը, Թամաշ տատին, Աղագյուլը, Գդոզ Ռուբենը, Միլվարի Միշան և Նիկալայը։ Խոսում էին բուն Ղարաքիլիսայի բարբառով։ Օրինակ Գդոզ Ռուբենին հարցնում էին իր բոստանի մասին, նա պատասխանում էր.
-Անտէր անձրևը թողնել, որ Ռուբելը բախչեն ճրի։
Իսկ էլեկտրիկ Ռուբել դային (Խալաթյան Ժորայի հայրը) անցնում էր Ղարաքիլիսայի փողոցներով և սոչիկները ստուգում։ Հիշում եմ մի օր մտավ տատիկենցս տուն, սոչիկը կանգնեցրել էին։ Տատիկս ամոթից փախավ խոհանոց։ Ռուբել դային քաշեց պատի վարագույրը, ինքն էլ բռնվածի նման կարմրեց և կանչեց տատիս։
-Վարյը, յար ստը,մէ նուրբ պստիկ փէտ չկար,էս կերանն եք զարկել։
Տատիկս ամոթից կարմրել ու դողում էր,իսկ Ռուբել դային անխոս դուրս եկավ տնից։
Ինչ լավ ու օյին մարդիկ էին ապրում Ղարաքիլիսայում։
Մի անգամ էլ եկեղեցու խաչը կորում է,տերտերը կանչում է ղարաքիլիսեցիներին ու ասում`
-Այ ժողովուրդ ,խաչը պերեյք ,կանուխ կալու էք ինչը պաչեյք։
Մի շատ աղքատ ղարաքիլիսեցի էլ հարսին ասում է`
-Ա , խարս  ,մեռնես եմ։
-Այ  կնիկ , մեզի փող չկը, մեռնելու անուն չտաս։
-Այ բալամ, բա երբի ծեզ փող լելու։
Ափսոսում եմ, որ հիմա նոսրանում է ղարաքիլիսերենով խոսողների թիվը. ուզում եմ, որ պահպանվի ինձ համար շատ հարազատ այս խոսվածքը, որի ամեն մի հնչյունը բնութագրում է հենց ղարաքիլիսեցուն։

Lusine Vardanyan-ի ֆեյսբուքյան էջից

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *