ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ՄՈՒՇԵՂ ԲԱԲԱՅԱՆ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ մայոր Մուշեղ Բաբայանը արմատներով Սիսիանից է, Սառնակունք գյուղից: Եվ արմատներն այնքան խորն ու կենսունակ են այդ հողում, որ, երկար տարիներ ապրելով եւ աշխատելով ծննդավայրից դուրս, երբեք չի կտրել նրա հետ հոգեւոր եւ ֆիզիկական կապը, չի օտարացել ու խորթացել նրանից: Ընդհակառակը: Այդ հոգեւոր կապի արդյունքում, բազմազբաղ աշխատանքի մեջ անգամ, գտել է ժամանակ` բանաձեւելու իր նվիրումն ու կապը հայրենի եզերքին, հողին, մարդուն, ու գրել է, ստեղծագործել եւ համարձակորեն ընթերցողի սեղանին դրել «Ծղացող կարոտ», «Հորիզոնին չհասած» եւ «ժայռին թիկնած» վերնագրերով գրքերը… Արձագանքը եղել է նույնքան ջերմ, ինչ ջերմությամբ ու սիրով հեղինակն է թղթին հանձնել իր խոհերն ու ապրումները, մտորումներն ու տագնապները: Մուշեղ Բաբայանը գրել է ե´ւ չափածո, ե´ւ արձակ: Նրա` արարումների հորիզոնին չհասնելու ակնկալիքով` «Հորիզոնին չհասած» գրքից ստացած իմ տպավորություններն ու զգացումներն են կիսում ընթերցողի հետ:

Հայրենիքի հորիզոնում գյուղն է… հայրենիքը սկսում է գյուղից, հայրենիքի հորիզոնները ձեւավորվում են գյուղում:

Հորզոնին չհասած գյուղն է, իր յուրահատուկ նկարագրությամբ, հուշերի ծալքերում թաքնված (պահված) հույզերով, անարատ մանկությունն արտացոլող իր պարզությամբ, Իշխանասարի վեհությամբ, սարերից փչող ծաղկաբույր եւ սառնաշունչ քամիներով, Որոտանի գալարվող գեղեցկությամբ, սառնակունք իր աղբյուրներով:

Գյուղական ինքնատիպ ոճով է արտացոլված գյուղը «Հորիզոնին չհասած» ստեղծագործական- գրական միջավայրում: Միջավայր, որը ձեւավորում է գյուղական մաքուր արժեհամակարգ՝  ընգծելով հայ կնոջ առաքինությունը, հայ տղամարդու առավելությունը, զինվորի նվիրվածությունն ու քաջությունը, գյուղական ջինջ ներաշխարհ ունեցող քաղաքացու թերությունը, գյուղով ապրող քաղաքացի պաշտոնյայի մաքրությունը:

Ստեղծագործական պատկերներն ու կերպարները, որոնք սյունեցու հոգու մաքրության գեղեցիկ վերարտադրությունն են, վկայում են «պաշտոնյա» չդարձած, քաղաքի քաղաքակրթությանը չմիաձուլված անձի կայունության մասին: Պատկերներ, որոնք ընդգծում են լեռների հպարտ գեղեցկությունն ու հզորությունը, մարդկանց մանրաթելերով հյուսված կարոտը, հոգու արտացոլանք բարությունն ու չարությունը, հույսի, սիրո եւ ցավի սարդոստայնով պատված իրականությունը:

Հայրենասիրության, սիրո, առաքինության, ընկերասիրության բույրով արբեցած, ունենալով մարդկային վեհ արժանիքները վերականգնելու եւ ստեղծելու մտահղացում՝ «Հորիզոնին չհասած»- ն ունի ընթերցողների մտահորիզոնն ընդլայնելու առաքելություն: Առաքելություն, որը նկարագրում է գյուղից քաղաք տանող «երանելի» ճանապարհը եւ քաղաքից գյուղ բերող երջանիկ ուղին:

Սիսական աշխարհի բնատուր շնորհքով ներկայացվում է բազմաբովանդակ ստեղծագործական – գրական իրականություն, որտեղ մտովի պատկերացնում ես անիրական, բայց` իրական թվացող կերպարներին, բնապատկերների նկարագրությունն ընկալում որպես քեզ հոգեհարազատ եղելություն՝ իր ողջ կենդանությամբ, գունեղությամբ, խորաշերտ զգացմունքներով: Որտեղ ստեղծագործ մտքի յուրաքանչյուր արարում ունի իր ճակատագրական եւ անկանխատեսելի լուծումները՝  թվացյալ անավարտ եւ սովորականի մեջ անսովոր վերջաբանով:

«Հորիզոնին չհասած»-ը սիսիանցուն հարիր նրբակերտ գրչի լուռ եւ իր ձեւի մեջ խոսուն վկայությունն է, որում արժեւորվում է մարդկային հոգին, հոգու անհատականությունը, նվիրումի պարկեշտությունը…

Ու թող երբեք հորիզոնին չհասնի Մուշեղ Բաբայանի` ստեղծագործ մտքի ու գրչի արարումը… եւ հոգեւորի նոր հորիզոններ բացվեն ընթերցողի առաջ…

Մերրի Սարգսյան

Սիսիան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *