ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ՆԻՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Մեր զրուցակիցն է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, նկարիչ, մշակութաբան Նինա Միքայելի Գաբրիելյանը, ով առաջին անգամն է ոտք դնում հայրենի Բռնակոթ գյուղ: Նրա հետ հանդիպեցինք համայնքի տոնի ժամանակ, եւ ծավալվեց ջերմ ու հետաքրքիր մի զրույց, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին: Նինա Գաբրիելյանը ծնվել է 1953 թ. Մոսկվայում: Ապրում եւ ստեղծագործում է այնտեղ:

-Տիկին Նինա, Դուք առաջին անգամն եք Բռնակոթում:

-Ես ծնվել եմ Մոսկվայում, ապրում եւ ստեղծագործում եմ այնտեղ, բայց Հայաստանի գրողների միության հրավերով հաճախ եմ եկել Հայաստան` մասնակցելու գրական, մշակութային զանազան միջոցառումների: Այս անգամ, դարձյալ ՀՀԳՄ հրավերով, ներկա գտնվեցի Թարգմանչաց տոնին: Իսկ Բռնակոթում, այո, առաջին անգամն եմ: Բայց այնպես չէ, որ կտրված եմ եղել իմ արմատներից: Ես գիտեմ իմ տոհմի պատմությունը, որ պատմել է հայրս, գիտեմ, որ Բռնակոթում ապրում են իմ ազգականները:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հենց Բռնակոթի տոնի օրը եկաք գյուղ:

-Երկու տարի առաջ սոցիալական ցանցով նամակ ստացա, որ Բռնակոթի համայնքապետարանը հետաքրքրվում է ինձանով: Հաճելի զգացում էր: Բանն այն է, որ լրատվամիջոցներում արված իմ բոլոր հարցազրույցներում ես շեշտել եմ, որ արմատներով Բռնակոթից եմ, ու այս հանգամանքը մղել է նրանց փնտրել եւ գտնել ինձ: Մի օր էլ ֆեյսբուքով նամակ ստացա Մկրտիչ Դիլանյանից, որ գրել էր` «Քույրիկ ջան, արի քեզ տանենք Բռնակոթ», ու ահա ես այստեղ եմ:

-Ի՞նչ զգացողություն էր առաջին անգամ հոր ծննդավայրում լինելը եւ պապերի հողին ոտք դնելը:

-Եւ ուրախ եմ, եւ հուզված: Ուրախ եմ, որ ծանոթացա ազգականներիս հետ, շատերին հեռակա ճանաչում էի, հուզված եմ, որ այցելեցի իմ տոհմակիցների գերեզմանին: Ես գիտեի, որ մեր տոհմում հոգեւորականներ են եղել, դրա համար էր հորս ազգանունը Տեր-Մկրտիչեւ, այցելեցի մեր նախապապ Տեր-Ստեփանի եւ եկեղեցու բակում թաղված մյուս հոգեւորական նախապապի գերեզման: Ուրախ եմ, որ իմ տոհմում եղել են հոգեւորականներ: Ճիշտ է, ես ծնվել եմ աթեիստական ժամանակաշրջանում, բայց թարգմանել եմ 13-րդ դարի պոետ Կոստանտին Երզնկացուն, որը հավատքի պոեզիա է, եւ մտածում եմ, որ երբեք չեմ եղել աթեիստ, չնայած այն ժամանակ չկար հնարավարություն եկեղեցի հաճախել, բայց ես ինձ համարում եմ եկեղեցու հավատացյալ:

-Ի՞նչ գիտեք Ձեր տոհմի մասին, եւ ի՞նչ է Ձեզ համար տոհմը:

-Հարս` Միքայել (Մամիկոն) Մկրտիչեւը, ծնվել է Բռնակոթում, 1917 թ-ին, եղել է բազմանդամ ընտանիքի 7-րդ զավակը: Հորս հայրը` Գրիգոր Բաղդասարի Տեր-Մկրտիչեւը, եղել է բոլշեւիկ, կուսակցական հանձնարարությամբ մեկնել է Աստրախան, հիվանդացել տիֆով եւ մահացել, նույն տարում Բռնակոթում մահացել է եւ տատս` Սոֆյա Համբարձումովնան, եւ 7 երեխաների խնամքը հոգացել են հարազատները:

Պապիս մեծ եղբայրը հայտնի բոլշեւիկ, կուսակցական, պետական աշխատող, Անդրկովկասում եւ Հայաստանում հեղափոխական շարժումների եւ խորհրդային կարգերի համար պայքարի մասնակից Պապիկ Մկրտչյանն է, որ այդ ժամանակ Երեւանում ընդհատակյա կուսակցական գործունեություն էր ծավալում: 37 թվականին նա էլ է դառնում անձի պաշտամունքի զոհ:

Հորս եւ նրա քույր-եղբայրերից երեքին տալիս են ամերիկայն որբանոց, 4-ին իր հարկի տակ է վերցնում Աննա հորաքույրս: Բայց հորս հորեղբոր որդին` Սամսոնը, հորս եւ քույր-եղբայրներին վերցնում է ամերիկյան որբանոցից, բերում Բռնակոթ, որոշ ժամանակ անց տեղափոխում Բաքու: Հայրս 17 տարեկանում մեկնում է Մոսկվա, ընդունվում Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ավարտելուց հետո սկսվում է Հայրենական պատերազմը, եւ նրանց ողջ կուրսը տեղափոխվում է սովորելու Ժուկովսկու անվան ռազմական ակադեմիայում: Հայրս ավարտել է այդ ակադեմիան, դասախոսել այնտեղ եւ հաստատվել Մոսկվայում:

-Դուք ի՞նչ ճանապարհ եք անցել:

-Ավարտել եմ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետը: Վաղ տարիքից ճանաչում ձեռք բերել որպես բանաստեղծուհի: Հետագայում ծավալել եմ թարգմանական լայն գործունեություն, հայերենից ռուսերեն եմ թարգմանել Կոստանտին Երզնկացի, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Համո Սահյան, Շիրազ, Արշալույս Մարգարյան, Վարդգես Բաբայան: Շատ եմ թարգմանել Վահագն Դավթյան, ում հետ անձամբ եմ ծանոթ եղել:

Շատ թարգմանություններ տպագրվել են Երեւանում եւ Մոսկվայում դեռեւս սովետական ժամանակաշրջանում: Հաճախ ինքս եմ Մոսկվայում կազմակերպում հայ պոեզիայի, գրականության երեկոներ, հայ-ռուսական մշակութային միջոցառումներ:

Թարգմանական, գրական գործունեության համար Սփյուռքի նախարարության կողմից արժանացել եմ «Վիլյամ Սարոյան» մեդալի, վերջերս պարգեւատրվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանտան ոսկե մեդալով, Ռուսաստանում հայ պոեզիայի հանրահռչակման եւ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման համար` Ռուսաստանի հայերի միության արծաթյա խաչով: Թարգմանական գործունեության եւ հայ պոեզիայի թարգմանության համար այս տարի Թարգմանչաց տոնին արժանացել եմ «Կանթեղ» մրցանակի: Իհարկե, հաճելի է գնահտված լինելը, բայց եւ` պարտավորեցնող:

-Շուտով պիտի վերադառնաք Մոսկվա:

-Բռնակոթից մեկնելուց հետո հայ-սլավոնական համալսարանում հանդիպում ունեմ ուսանողների հետ: Դա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ այն, ինչ թարգմանում եմ, եւ թարգմանում եմ հայկական պոեզիան, պարտական եմ հայ-սլավոնական համալսարանի հիմնադիր եւ առաջին ռեկտոր Լեւոն Մկրտչյանին, ում հետ ծանոթացել եմ Մոսկվայում, երբ դեռ 24 տարեկան էի, հիմա 66 եմ, նա է ինձ մղել թարգմանության հրաշագեղ աշխարհ…

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ հայրենիքից եւ պապերի ծննդավայրից:

-Մեր տանը ընտանեկան ալբոմ կար, հիմա էլ կա, երեխա ժամանակ սիրում էի թերթել այն, նայել հարազատների նկարներին, ու միշտ այն զգացումն ունեի, որ մշտապես գտնվում եմ մահացածների եւ ողջերի ընդհանուր հոսքի մեջ, եւ ահա, երբ եկա այստեղ, նորից նույն ուժով զգացի, որ գտնվում եմ անցյալի եւ ներկայի մեջ: Կարծում եմ, որ մահացածաների եւ ողջերի արանքում կա մի նուրբ սահման, եւ մենք մեկ ընդհանրություն ենք` մեկ հարազատ տոհմ, որը շարունակվում է միշտ…

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

     

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *