ՄԵԴԱԼՆԵՐԸ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Երեւանի` Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ դպրոցի հիմնադիր, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր Նորայր Մուշեղյանի անվան 8-րդ բաց հուշամրցաշարը, որին մասնակցում էին Երեւանի եւ հանրապետության այլ քաղաքների օլիմպիական մարզադպրոցների 10 թիմեր` 120 մարզիկներով:

Շաքե համայնքում գործող ազատ ոճի ըմբշամարտի մանկա-պատանեկան խմբին (հովանավոր` Վրեժ Գեւորգյան, մարզիչներ` Մարատ Մանուչարյան, Լյովա Իսրայելյան) նույնպես հնարավորություն էր տրվել մասնակցելու հուշամրցաշարին: 12 մարզիկներից կազմված Շաքեի թիմի անդամները ցուցաբերեցին իսկական մարտական ոգի եւ ավելի փորձառու ու ավելի հեղինակավոր մարզադպրոցների սաների հետ պայքարում ցուցաբերեցին գոհացուցիչ արդյունքներ` գրավելով մեկ առաջին տեղ եւ գավաթ, երկու` 3-րդ, երկու 2-րդ տեղեր:

Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով եւ պատվոգրերով, որոնք հանձնեց աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, սիրված մարզիկ Արթուր Ալեքսանյանը, ինչը մեկ անգամ եւս կարեւորեց պատանիների շրջանում մարզաձեւի դերն ու նշանակությունը:

«Գյուղական թիմի մարզիկների համար այս հանդիպումները եւ նման մրցաշարերի մասնակցելը փորձ ձեռք բերելուց զատ նաեւ իսկական մարզիկ է կոփում: Մեր երեխաները հաղթելիս ուրախանում են, պարտվելիս` տխրում, ինչը մարզիկին վայել վարքագիծ է, բայց ինչը նաեւ նորանոր հաղթանակների եւ հաջողությունների գրավականն է»,- ասում է թիմի մարզիչ, սպորտի վարպետ Մարատ Մանուչարյանը եւ հավելում, որ նույն ոգով շարունակում են մարզվել` հաջորդ մրցաշարերին նույնպես լավ հանդես գալու մտարդրությամբ:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *