ՄԵՆԱԿ ՄԻ ԲԱՆ ԼԱՎ ՉԵՂԱՎ. ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԷԼ ՊԻՏԻ ԱԶԱՏԱԳՐԵԻՆՔ…

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 5493 սիսիանցի: Զոհվել է 2807-ը: Պատերազմից վերադարձած 2686 հոգուց հաղթանակի 75 ամյակն այսօր դիմավորում է միայն 4 հոգի` Գրիգորի Սամսոնի Հովսեփյանը (Լոր), Հակոբ Լեւոնի Վարդանյանը (Լոր), Վաղարշակ Համբարձումի Հայրապետյանը (Բալաք), Արամայիս Մեսրոպի Հունանյանը (Սալվարդ): Փառք ու պատիվ նրանց եւ խոնարհում` նրանց բերած հաղթանակին…

Սալվարդեցի 96-ամյա Արամայիս Հունանյանը մեզ դիմավորեց իրենց տան բակում: Չգիտեմ` ինչու, նախապես մտածել էի, որ զառամյալ, «ձեռ ու ոտից ընկած», տարեց մեկին պիտի տեսնեի… Փառք աստծո, սխալվել էի… Տան բակում մեզ դիմավորեց կենսուրախ, փայլուն հիշողությամբ, առողջ դատողությամբ, առողջ տեսքով Արամայիս հայրիկը, ում հետ նաեւ հաճելի էր զրուցելը: 17-18 տարեկան սայլապան պատանին պատերազմ է մեկնել 1942-ին, ճանապարհին հիվանդացել է, ետ են ուղարկել տուն, առողջանալուց հետո կրկին զորակոչել… Արամայիս հայրիկը այնպես մանրամասն ու այնպես հանգամանալից է պատմում իր` պատերազմ մեկնելը, որ աչքիդ առաջ պարզորոշ տեսնում ես այն ուղին, որով անցել են ինքը եւ իր նման հազարավորները: Դեռ պատերազմական լուրջ գործողությունների մեջ չմտած` վիրավորվել է, կրկին տուն են ուղարկել, ապաքինվել ու նորից շարունակել մարտական ուղին, որն այս անգամ երկար էր ու տանջալից, որը ձգվում էր Թամանյան թերակղզուց մինչեւ Կիեւ, մինչեւ Կույբիշեւ, մինչեւ Առաջին Ուկրաինական ճակատ: «Ալյուր կար, բայց հաց չկար,- ասում է Արամայիս հայրիկը,- հրամանատարիս խնդրեցի թույլ տա` հաց թխեմ: Թույլատրեց: Խմոր արեցի, մոտակա բնակավայրից մի սաջանման բան գտա, քարերով օջախ սարքեցի, ու էդ սաջի վրա հաց թխեցի: Ախ դու, խիտրի արմյան, ասացին մարտական ընկերներս ու կերան իմ թխած հացը»,- պատանեկան աշխույժով ու խանդավառությամբ պատմում է Արամայիս հայրիկը, ու համաձայնվում իմ այն մտքին, որ «արմյանը ոչ թե խիտրի էր», այլ` «ումնի»…  Ու ծիծաղում ենք… հետո հավելում` ուր էր թե` «ումնի լինեինք», բայց, ախր, «խիտրի էլ չէինք»… Սակայն չեղած տեղից կրակ-վառել-հաց թխելը բազմազգ սովետական բանակի մեջ հենց մեզ էր խորհրդանշում ու հացապաշտի, հացարարի` մեր ազգային նկարագիրը բացահայտում…

Հարցիս, թե որտեղ եւ ինչպես դիմավորեց հաղթանակի լուրը, Արամայիս հայրիկը չի շտապում պատասխանել, ասում է` կասեմ… Ու դանդաղ, զգուշորեն բացում է աջ թեւվի վերնաշապիկի կոճակները, բարձրացնում թեզանիքը, եւ նոր միայն նկատում եմ, որ ձեռքի մատների ծայրերը չկան, իսկ երբ վերնաշապիկի թեւքն ավելի է բարձրացնում, ցույց է տալիս հին ու փակված վերքը, ինչը, սակայն, դեռ փակված չէ իր սրտում, իր մտքում եւ իր հիշողության մեջ… Վիրավորվել է Առաջին Ուկրաինական ճակատում` 1943-ին, ջարդվել է բազկի ոսկորը, հիմա թեւվի այդ հատվածում ոսկոր չկա, միայն միսն ու ջլերը, բուժվել է հոսպիտալում, ապաքինվել եւ վերադարձել տուն, ու հաղթանակի լուրը տանը լսել… «Սայլապան եմ եղել, հետո որ տրակտոր ու մեխանիզմ եկավ գյուղ, եղել եմ մեխանիզատոր, աշխատել, տուն-տեղ դրել, ամուսնացել, 5 զավակ ունեցել, շրջապատվել թոռ ու ծոռներով, իմ աշխատանքով հարգանք ու հեղինակություն վաստակել, շրջանում լավ անուն հանել, սովետը որ չքանդվեր, հաստատ աշխատանքային հերոսի կոչում կստանայի»,- ասում է Արամայիս հայրիկը… Սակայն ափսոսանք չի հայտնում, որ սովետը չկա, ընդհակառակը, երբ զրույցը շարունակեցինք օրվա խորհրդի` Շուշիի ազատագրման, արցախյան պատերազմի, հայրենիքի ազատագրված տարածքների, ազատամարտիկների մասին ու փորձեցինք համեմատել երկու պատերազմները, Արամայիս հայրիկի հոգում կրկին ծառս եղավ 19-20 տարեկան պատանի-զինվորը եւ ասաց` մենակ մի բան լավ չեղավ` պիտի Նախիջեւանն էլ ազատագրեինք…

Արամայիս հայրիկը բազմաթիվ մեդալներ ու պարգեւներ է ստացել: Հարցնում եմ` իր համար որն է ամենաթանկը, ասում է` բոլորն էլ, բայց մեդալների մեջ փնտրում-գտնում է անցյալ տարի Բելոռուսիայի նախագահ Լուկաշենկոյի կողմից ուղարկված մեդալը, ու կտրված մատների ծայրով շոշափում այնպես, ասես դա իր կտրված մատների ծայրերը լինեն… Նույն կերպ է պատասխանում իմ` իսկ թոռներից ամենաշատ ում է սիրում հարցին` բոլորին, ասում է… Բոլորն էլ իր սրտում իրենց տեղն ունեն, բայց տան ծուխը ծխացողը, հաստատ, իր անվանակիր թոռն է լինելու, ում աչքի առաջ է անցնում պապի ամեն օրը…

Արամայիս հայրիկը հետաքրքվեց, թե քանի վետերան է մնացել Սիսիանում, թվարկեցի անունները: Բոլորն իրար ճանաչել են, մայիսյան տոնին մեդալներն ու շքանշանները փակցրել հագուստին ու գնացել հարգանքի տուրք մատուցելու իրենց զոհված ընկերների հիշատակին կանգնեցված հուշարձանների մոտ… Այս տարի մի քիչ այլ կլինի… Համաճարակը կխանգարի, եւ նրանք նույն հանդիսավորությամբ չեն գնա հարգանքի տուրք մատուցելու… «Բայց ես, ինչպես ամեն առավոտ, մայիսի 9-ին էլ կգնամ մեր գյուղի զոհվածների հուշարձան, կհարգեմ նրանց հիշատակը…»,-ասում է Արամայիս հայրիկը, ու, գուցե, մեր ողջ զրույցի ընթացքում առաջին անգամ նրա աչքերը խոնավանում են… Տխուր տրամադրությունը ցրելու համար ասում եմ, որ ձիգ պիտի մնա, որ պարտավոր է ապրել եւ իրենով ապրեցնել զոհված այն հայրենակիցների անունները, որ փորագրված է իրենց գյուղի հուշարձանին… Արամայիս հայրկիը կրկին խանդավառվում է, եւ ասում, որ իր տոհմի նահապետ Հունան պապը ապրել է 106 տարի, ինքն էլ պիտի այդքան ապրի` որպես երկրորդ աշխարհամարտի կենդանի լեգենդ, ու խոստանում, որ ինձ էլ կհրավիրի իր փառահեղ տարեդարձին…

…Երբ վերադառնում էինք Սալվարդից, մտիքս մեջ դեռ երկար շարունակվում էր Արամայիս հայրիկի հետ զրույցը, ինչպես որ իր մտքի մեջ է այն անվերջ, անընդհատ շարունակվում ու շարունակվելու է… Նրա համար պատերազմը չի ավարտվել, պատերազմը ապրում է իր հետ, պատերազմը իր կենսագրության մի մասնիկն է…

…Երբ հասած հասկի նման հայրենի հողում ընկնեն բոլոր վետերանները, հայոց երազաշատ ու երազակերտ հողում կծլարձակի հայրենիքի եւ հայրենասիրության մասին այն ոսկե սերմը, որ իրենք են շաղ տվել ու շաղ են տալիս հայրենի տներում ու հետնորդների սրտերում որպես պատգամ` մենակ մի բան լավ չեղավ` պիտի Նախիջեւանն էլ ազատագրեինք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *