Մայիսի 5-ը սովետական մամուլի օրն էր. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ…

Երեք հիշարժան դիպված իմ կյանքում կապված է սովետական մամուլի օրվա` մայիսի 5-ի հետ. գուցե` ճակատագրորեն, գուցե` զուգադիպությամբ, գուցե` ոչ պատահական…

Առաջին անգամ` 10-րդ դասարանում սովորելիս…

Սովորում էի Վաղատինի միջնակարգ դպրոցում: Իմ ծննդավայր Լծենի դպրոցն ութնամյա էր: Սիսիանի շրջսովետի գործկոմի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ ինձ հրավիրել էին ելույթ ունենալ: Գնացել էի դպրոցի տնօրեն Պայքար Գալստյանի հետ: (Իմ հասակակիցներից շատերի նման ես էլ էի թղթակցում «Պիոներ Կանչ» թերթին, «Պիոներ» ամսագրին, դպրոցական արձակուրդներին հաճախում էի Հայաստանի ժուռնալիստների միությունում գործող «Ֆուչիկի» անվան պատանի լրագրողների դասընթացներին: Լույս` հիշատակիդ, ՀԺՄ նախագահ Արմեն Հակոբյան, ինձ նամակ գրելիս գրում էր` թանկագին Արեւ, քեզ հազար բարեւ…): Հիմա բոլորովին չեմ էլ հիշում` ինչի մասին եմ խոսել, միայն աղոտ մտաբերում եմ, որ ասել եմ` շրջանային «Որոտան» թերթում, բացի սիլոսից, ՍՄԿԿ այսինչ համագումարի լույսի ներքո` հնգամյակը 4 տարում կատարելու մասին նյութերից, պիտի լինեն նաեւ այլ նյութեր, որ սիլոսահոտից բացի ծաղկահոտ էլ գա…. Դահլիճում նստածները հետաքրքրվել են, թե ով է էս աղջիկը: Երբ մեկը մեկին շշնջացել է` Արամայիս Ամիրյանի, ասել են` ա՜… Հիշում եմ նաեւ, որ դպրոցի տնօրենս ինձանից շատ էր ուրախացել իր աշակերտուհու համար. դրանք այն ժամանակներն էին, երբ դեռ «աշխարհն ինձ համար այնքան պարզ ու այնքան դյուրին էր»…

Երբ դուրս էի մնացել բուհի ընդունելության մրցույթից, եւ, ստաժի համար գյուղում հորթ էի պահում, 1980-թ.-ի մայիսի 5-ին հրավիրվել էի մասնակցելու ՀԿԿ Սիսիանի շրջկոմի դահիլիճում նշվող` մամուլի օրվան նվիրված միջոցառմանը: Ու, թերեւս, ինձ համար  անսպասելի, «Որոտան» թերթի խմբագրության կողմից նվիրեցին այս ժամացույցը: (Անցել է 40 տարի, պահում եմ սրբորեն: Տուփի վրայի ստորագրությունը, հավանաբար, Միշա Ղազարյանինն է, ով այդ ժամանակ թերթի պատասխանատու քարտուղարն էր, խմբագիրը` երջանկահիշատակ Բենիկ Գասպարյանը)…

Ժամանակը թռավ, այս դեպքերի տպավորություններն ի պահ տրվեցին հիշողության ծալքերին: Կյանքը շարունակվեց…

Ավարտել էի բուհ-ը, եւ ուղեգրով նշանակվել Լեռնաշենի ութնամյա դպրոցում որպես մայրենի լեզվի ու գրականության ուսուցչուհի, ու հայրենի Լծենում սպասում էի սեպտեմբերի 1-ին, որ գնամ դպրոց…

1985 թ.-ի օգոստոսն էր: Այդ տարիներին Լծենում մի քանի տուն միայն հեռախոս ուներ, մեր տանն էլ կար, բայց Հրանուշ բաջունց տնից (գյուղում բոլորը նրան Հրանուշ բաջի էին ասում) ինձ կանչեցին հեռախոսի մոտ: Հեռախոսափողի մյուս ծայրից կանացի մի ձայն ասաց` «Որոտան» թերթի խմբագրությունից Ծովինար Պետրոսյանն է` նամակների բաժնի վարիչը, խմբագիրը ձեզ հրավիրում է խմբագրություն, կգաք հայրիկիդ հետ…

Հայրս եղել էր «Որոտան» թերթի արտահաստիքային թղթակից, հրաշալի բանաստեղծություններ տպագրել, թեպետ կրթությամբ եւ մասնագիտությամբ զոոտեխնիկ էր, բայց` էությամբ` պոետ, մտածողությամբ` լայնախոհ, գործունեությամբ` ստեղծարար… ու, առանց երկմտելու, հավանություն տվեց թերթում աշխատելու` ինձ արված առաջարկությանը:

«Որոտան» թերում ընդունվեցի աշխատանքի` փոխարինելով հերթական ֆիզարձակուրդը գնացող սրբագրիչ Ամալյա Ալեքսանյանին… Ազատ ժամանակ էլ գրում էի, տպագրվում: Մի քանի ամիս անց խմբագիրն ինձ հրամանագրեց որպես գրական աշխատող…

…Մայիսի 5-ին ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար, նախկինում` «Որոտանի», հետագայում` «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր Շչորս Դավթյանը խմբագրության աշխատակազմին հրավիրել էր իր աշխատասենյակ, եւ քննարկում էին խմբագրության աշխատանքները, անելիքները, յուրաքանչյուրի գործունեությունը: Ինձ համար, իսկապես, անհայտ ու անծանոթ մի աշխարհ, որին կամաց-կամաց սովորում էի…

Երբ հերթը հասավ ինձ, լուսահոգի Շչորս Դավթյանը, սկսնակիս համար անսպասելի, ասաց` այս աղջիկը նորություն է …ինչը, ի զարմանս ինձ, լավ չընդունվեց բազմափորձ հնաբնակներից ոմանց կողմից… Թեեւ ընդամենը մի քանի ամիս հետո հենց ինքն էլ իմ թեկնածությունը երաշխավորեց ՀԼԿՄ Սիսիանի շրջոմի քարտուղարի պաշտոնում, բայց նրա  խոսքերը, կարծես, ճակատագրական դարձան…

…Սիսիանում էլ էր սկսվել հայոց համազգային շարժումը, եւ թափ էր հավաքել «հինը կործանելու եւ նոր կարգեր հաստատելու պայքարը»: Սիսիանում իշխանության եկած նորերից շատերը իմ պայքարի ընկերներն էին, ու «նոմենկլատուրային անդեմ, անդիմագիծ խմբագրին» թվացել էր, թե հեսա իրեն հանելու են, ինձ դնեն խմբագիր, քանի որ «պիտիմինուտկաներից» մեկի ժամանակ «սեփական խելք էի  ունեցել» ասել` ամեն տարի որ գրում ենք` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ այս տարի 5 օր շուտ սկսեցին գարնանացանը, ուրեմն` գարնանացանը սկսել են …հունվարին, «անդեմին» սա թվացել էր նորերի կողմից ինձ խմբագիր նշանակելու ուղերձ, եւ, թեպետ իր խնդրանքով էի երկրորդ անգամ վերադարձել խմբագրություն, գտել էր ինձնից «ազատվելու» ելքը… Տեւական ժամանակ իմ գրած հոդվածները չէին իջնում տպարան, թեեւ շաբաթական 3 անգամ տպագրվող թերթը նյութերի մեծ պահանջ ուներ, տեւական ժամանակ նրա աշխատասեղանին ստվարանում էր իմ ստորագրությամբ գրված նյութերի դափոնը, տեւական ժամանակ որեւէ թեմա «չէր վստահվում ինձ», բայց ես… գրում էի, գրում… Սակայն հաստիքների կրճատման անվան տակ, «գորշ-անդիմագիծը» կրճատեց նամակների բաժնի վարիչի (իմ) եւ պատասխանատու քարտուղարի (Սերգեյ Վարդանյանի) հաստիքները, բայց երեք ամիս հետո վերականգնեց Սերգեյ Վարդանյանին… Ինձ համար ամեն ինչ պարզ էր…

Փոխտնօրենի պաշտոնում մոտ երկու տարի աշխատեցի «Որոտան» թերթի` այն ժամանակ ինձ համար ամենալավ գրիչ, նախկին կոլեգա, բայց արդեն Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանի հետ:

Մեկ-եկու տարի հետո շրջանային նոր իշխանությունները «անդեմ ու գորշ նոմենկլատուրայինին» ազատեցին աշխատանքից… Հաջորդող 4-5 տարվա մեջ փոխվեց եւս 4 խմբագիր, եւ 1932 թվականից տպագրվող ՀԿԿ Սիսիանի շրջկոմի եւ շրջսովետի գործկոմի պաշտոնաթերթ «Որոտանը» դադարեց գոյություն ունենալ…

Տարիներն անցան… Սիսիանի մտավոր կարողությունները, Սիսիանի ինտելեկտուալ դիմագիծը գնահատող, Սիսիանի ինքնուրույնության, սիսիանյան հոգեւոր-բարոյական արժեքների եւ արժանապատվության համար կռիվ տվող, պրոֆեսիոնալիզմը առաջնային համարող, լրատվամիջոցի հարգը, արժեքը կարեւորող համայնքային նոր ղեկավարի նախանձախնդրությամբ, անկախ կարգավիճակով, 1997 թվականի տարեվերջին հիմնադրվեց «Որոտան» անկախ թերթը… եւ ինձ` մարզային «Սյունիք» թերթի Սիսիանի թղթակցիս առաջարկվեց խմբագրել «Որոտանը», որտեղից մի ժամանակ ինձ ազատել էին աշխատանքից` «հնգամյակը` չորս տարում» «բարեխղճորեն կատարել չկարողանալու համար»…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

5 մեկնաբանություն Մայիսի 5-ը սովետական մամուլի օրն էր. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ… հոդվածին

  1. Hay Azian says:

    Հարգելի Արևհատ, անմոռաց հիշողություններ են, ապրած կյանքի դրվագներ: Ցավոք գործընկերների մեջ էլ կան պատեհապաշտներ, որոնք դիրք ձեռք բերելիս, մոռանում են իրենց մարդկային տեսակը: Դե կյանք է, կարևորը փրկել եք ՈՐՈՏԱՆԸ, նոր կյանք տվել նրան.
    Շնորհավոր Ձեր տոնը:

  2. Մեծ հետաքրքրությամբ կարդացի, սիրելի տ. Արևհատ ։ Կարծես թե շատ ժամանակ չի անցել Ձեր նկարագրած օրերից, բայց ասես հին ու սիրելի ֆիլմերից էի դիտում։
    Իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ, ինչ ահռելի տարբերություն ` այսօրվա կյանքի, ու այն ժամանակվա։😊
    Պատկերացնում եմ, թե ինչ ապրումներ է ունեցել երիտասարդ, էներգիայով ու թարմությամբ լի օրիորդը` հանդիպելով ” հնգամյակը չորս տարում”,-ից այն կողմ չանցնող, ժանգի հաստ շերտին։ Այսօր էլ կա “հինը` նորի դեմ “, միշտ է լինելու, բայց մի անուշ, չկրկնվող բույր է մնացել այն օրերում, որի մասին կարդացի Ձեր պատմությունում, ։
    Երանի ժամանակ առ ժամանակ տեղադրեիք Ձեր հայրիկի ստեղծագործություններից։
    Շնորհակալություն։
    Շնորհավոր տոնդ, սիրելի Արևհատ։😊

  3. Շնորհավորում եմ սրտանց Արեւ ջան… Մաղթում եմ հաջողություններ 🌟🌟🌟🌻🌻🌻 Շատ հետաքրքիր էր… 👍կարդացի սկզբից մինչեւ վերջ…🌝🌻🌻🌻

  4. Ես հիշեցի հոգում վարդեր երգելու շրջանում ինձ ծանոթ Արևիկին…

  5. Շնորհակալ եմ, Նաթելա ջան, բայց սա դեռ ի~նչ էր էն ամենի համեմատ, որ հետո եղավ…դա էլ, գուցե, կգրեմ հայմամուլի օրվա առթիվ🥰😘😍

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *