Մարդը, ով վառ հետագիծ թողեց սիսիանյան իմ սերնդի կյանքում

Պատանեկությանս պատմության էջերը թերթելիս հայացքս կանգ առավ էջերից մեկին: Հետհայացք գցելով անցածս ուղու վրա` հասկացա, որ այդ էջերի ձևավորման գործում իր ներդրումն ունեցող անձը մեծ նշանակություն է ունեցել նաև իմ հետագա ուղին ձևավորելու համար: Անձ, որն իր վառ հետագիծն ունի Սիսական աշխարհի բազմադարյա պատմության հատորյակներում: Լինելով հայրենասեր, ռազմական ոգով օժտված` նա իր լուրջ ներդրումն է ունեցել պատանի սիսիանցիների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Այդ տարիների պատանիները կհիշեն «սկաուտ» անունը, որը շատերի անձի կերտման համար լուրջ գործոն է հանդիսացել: Համոզված եմ, որ սկաուտների պատմության հետ անմիջական կապ ունեցող այդ անունը շատերի մոտ վեր կհանի պատանեկության պատմության ծալքերում գեղեցիկ դասավորված հուշերը: Մարդ, որը գիտեր ստեղծել պատմություն, անմնացորդ նվիրվել իր գործին, դաստիարակել մատաղ սերնդին, լինել հավատարիմ ընկեր եւ լավ ղեկավար: Այդ տարիների սիսիանյան իմ սերնդի կյանքում անջնջելի հետագիծ թողած մարդը Սեյրան Խաչատրյանն է:

Սեյրան Խաչատրյանին շատերը կհիշեն. կհիշեն զինվորական համզգեստով` կապիտանի կոչումով, սկաուտական համազգեսով` սեպուհ-խմբապետի կոչումով: Անձ, ով իր ներդրումն է ունեցել սիսիանցի երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում` այդ տարիներին երկրի համար կարեւորագույն ժամանակահատվածում: Սիսիանում հիմնադրելով սկաուտական շարժումը` սեպուհ-խմբապետը նպաստել է պատանի հայ արիների եւ արենուշների ռազմական ոգու բարձրացմանը, բարոյական եւ հայրենասիրական արժեքների ձևավորմանը: Փաստ է, որ Սեյրան Խաչատրյանի սկաուտական նվիրվածությունը տվել է իր արդյունքը. ներկայումս նախկին հայ արիներից ու արենուշներից շատերն իրենց արժեհամակարգով նպաստում են մեր պետության զարգացմանը:

Վստահ եմ, որ նրանք ամեն պատեհ առիթի, եթե ոչ բարձրաձայն, ապա, գոնե, հոգու խորքում հիշում են իրենց սեպուհ-խմբապետին:

Այսօր` օգոստոսի 15-ին, Սեյրան Խաչատրյանին հիշենք` շնորհավորելով նրա տարեդարձը եւ հետմահու ուղղակի շնորհակալություն հայտնենք նրան ազգանվեր գործի համար:

Նախկին արենուշ` Մերի Մանուկյան

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *