ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ` ՍԻՍԻԱՆԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 12-ը երկար կհիշեն Սիսիանի զորամասի 28 զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ, ովքեր ամենաջերմ շնորհավորանքների ու բարեմաղթանքների ներքո նշանավորեցին իրենց բաղձալի բնակարանամուտը: Գայի թաղամասի 29 ա շենքի բնակարանների բանալիները, հանդիսավոր արարողությամբ, զինծառայողներին հանձնեց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով շենքի նոր բնակիչներին` Սիսիանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը, ով նույնպես բնակարանամուտ նշողների թվում էր, ասաց, որ դեռեւս ոչ վաղ անցյալում յուրաքանչյուր հայ հայրենասերի համար բաղձալի երազանք կթվար ապրել, արարել եւ ծառայել ազատ, անկախ հայրենիքում, բայց ահա 28 տարի է` անկախության դրոշը վեր պարզած, Հայաստանը կերտում է իր պետականությունը, յուրաքանչյուրի համար ապահովելով արժանապատիվ ապրելու հնարավորություն: Շեշտելով ազատ, օտարների լծից անկախ երկրի քաղաքացին, առավել եւս` զինվորը լինելու գիտակցումի հաճելի զգացողությունը, Ալիկ Բաբայանը նշեց, որ հայոց բանակի կայացման, հզորացման, նրա մարտունակության, զինծառայողների բարոյա-հոգեբանականան որակիների բարձրացմանը մեծապես նպաստում են նաեւ սոցիալ-կենցաղային հարցերի լուծումը, համոզմունք հայտնելով, որ նորամուտը բնակարան յուրչաքանչյուր սպայի նոր եռանդ ու կորավ կհաղորդի ինչպես ծառայողական, այնպես էլ անձնական կյանքում: «Զգալով պետության, վերադասի եւ հրամանատարի հոգատարությունն իր նկատմամբ, զինականը պատրաստ է ամեն ինչի` ի փառս պետության եւ նրա շահերի»,- ընդգծեց փոխգնդապետ Բաբայանը:

Շնորհավորելով բոլորին` բնակարանամուտի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեով հայոց բանակի զինծառայողի նկատմամբ նման ուշադրության եւ հոգատարության համար, բնակարանի նորամուտ նշող Սիսիանի զորմասի զինծառայող, համալրման բաժանմունքի տեսուչ, ավագ սերժանտ Ռուզաննա Խաչատրյանը նշեց, որ  ինչպես բոլորը, այնպես էլ ինքը հուզված է եւ հպարտ, որ իրենց ընտանիքներն ապրելու են բարեկեցիկ պայմաններում եւ ցանկացավ, որ այդ բնակարանները լցվեն միայն ընտանեկան ջերմությամբ, համերաշխությամբ ու սիրով: «Բոլորս գիտենք, որ զինվորականների ընտանիքները նրանց հետ հավասար կրում են զինվորական ծառայության բոլոր դժվարությունները: Այս բնակարանները տարիների դժվարին ու պատվաբեր ծառայության ընթացքում հարազատների այդ մեծ աջակցության գնահատականն է, ինչն էլ մեզ պարտավորեցնում է ծառայել ավելի բարեխղճորեն»,-ասաց Ռուզաննա Խաչատրյանը եւ մաղթեց, որ ոչ մի դարանակալ գնդակ չխռովի հայոց բանակի զինվորի պահած սահմանի անդորրը…

«Իմ խորին համոզմամբ` մարտունակության կարեւոր բաղադրիչներից մեկը սոցիալական ցուցիչն է: Համոզված եմ` սոցիալապես ապահովված հայկական բանակի զինծառայողը բազմապատիկ ավելի կլինի մարտունակ եւ պատրաստակամ»,- նշեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնակատար, գնդապետ Բուդաղյանը:

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորելով նոր բնակարան ստացող զինծառայողներն, նշեց, որ իրավ ուրախ է եւ հպարտ ներկա գտնվել նման նշանակալի հանդիսության: «Կարծում եմ` բոլոր ներկաներն ապրում են հոգու նույն ցնծությունը, նույն ոգեշնչումը եւ լցվում նույն հավատով` վաղը ավելի մեծ հաջողությունների հասնելու: Հայոց բանակի զինծառայողների բնակ-կենցաղային բարելավմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն մի նոր ու առաջանցիկ քայլ է զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ հայրենիքի սահմանների անառիկության ամրապնդման ճանապարհին: Ես այն կարծիքին չեմ, որ մեր արածն ինչ-որ բացառիկ բան է: Արել ենք այն, ինչ պարտավոր էինք անել, եւ կարծում եմ, որ շատ ընտանիքների պարագայում` բավականին ուշացումով: Այդ պատճառով ուզում եմ, շնորհավորելուց զատ, շնորհակալություն հայտնել բոլորիդ հայրենիքին մատուցած ձեր ծառայության, տոկունության, մեզ մինչեւ վերջ հավատալու համար»,- հավելեց պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանի աչքից չվրիպեց հանդիությանը մասնակից «Որոտնա» ազգագրական պարի խմբի անդամների շապիկներին գրված` Գարեգին Նժդեհի` «Սյունիքը աշխարհագրական մեր հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող» խոսքերը` զուգահեռ անցկացնելով ընդամենը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Նժդեհի հասեցին Ալիեւի հնչեցրած պիղծ խոսքերին տված արժանապատիվ պատասխանի հետ…

ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր-Գալուստ քահանա Սահակյանի եւ գնդերեցների կողմից կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Շենքի շինարարության ղեկավար Ավետ Սարգսյանի ուղեկցությամբ պաշտպանության նախարարը եւ հյուրերը շրջեցին բնակարաններում, ծանոթացան պայմաններին, շնորհավորեցին նոր բնակիչներին` մաղթելով միայն ուրախության եւ երջանկության պահեր նոր հարկի տակ:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ նոր շենքի առկայությունը էականորեն փոխել է ժողովրդի կողմից «Բանգլադեշ» անունը ստացած թաղամասի տեսքը, տրամադրությունը, եւ համայնքի կողմից խոստացավ նոր խաղահրապարակ կառուցել նոր շենքի տարածքում, իսկ նորապսակ ընտանիքներին էլ հանձնել նվերներ…

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *