ՆՈՐ ԳՐՔԵՐ ՍԻՍԻԱՆԻ` ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՊՍԿ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Սիսիանի` Աղվան Մինասյանի անվան մանակապատանեկան ստեղծագործության կենտրոնի գրադարանային ֆոնդը հարստացավ նորատիպ գրականությամբ: Հրանտ Մաթեւոսյան, Ակսել Բակունց, Րաֆֆի, Վահագն Դավթյան, Մինաս, Թամարա Հովհաննիսյան, Հովհաննես Թումանյան, Հայ ժողովրդական երգեր եւ նվագներ, Հայ արվեստի վարպետներ, հանրագիտարաններ, Չարլզ Դոուսեթ եւ բազմաթիվ այլ անուններ ու հեղինակներ, որոնց առկայությունն արդեն իսկ փաստում է համալրված բարձրարժեք գրականության մասին:

Կենտրոնի գրադարանավարուհի Մարինե Մարտիրոսյանը նշում է, որ իր նախաձեռնությամբ եւ գրադարանի խորհրդի անդամների, ընթերցողների եւ ծնողների անունից գրադարանի գրքային ֆոնդը համալրելու խնդրանքով դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը: Իրենց հետեւողական աշխատանքի արդյունքում, ահա, մշակույթի նախարարությունը Սիսիանի` Աղվան Մինասյանի անվան ՄՊՍ կենտրոնի գրադարանին է նվիրել 335 կտոր գիրք: «Ազգային գրադարանից մեզ տեղեկացրել էին, որ պատրաստվում են այց կատարել Սյունիքի մարզ, եւ իրենց հետ կբերեն նաեւ մեր գրադարանին հատկացված գրականությունը, սակայն փոխվել էր ծրագիրը, եւ մեզ իրազեկել էին, որ այցը հետաձգվում է»,- ասում է Մարինե Մարտիրոսյանը, ապա հավելում, քանի որ ցանկանում էին օր առաջ գրադարանում ունենալ այդ գրքերը, սեփական ծախսերով ու միջոցներով ինքն է կազմակերպել Ազգային գրադարանի պահեստից գրքերի տեղափոխումը Սիսիան: «Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր ընդառաջել են մեր խնդրանքին եւ մեր գրադարանը հարստացրել ու համալրել այսքան արժեքավոր գրքերով, որից կարող են օգտվել ոչ միայն կենտրոնի սաները: Բայց առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանին եւ Ազգային գրադարանի աշխատակիցներին, ովքեր արեցին հնարավոր ամեն ինչ` այս գրքերը ամենակարճ ժամանակում Սիսիան տեղափոխելու համար: Տիկին Հովասափյանի հետ ձեռք բերեցինք համագործակցության պայմանավորվածություն, եւ վստահ եմ, որ դրա արդյունքը շատ բեղմնավոր է լինելու»,- ասում է գրադարանավարուհին:

Կենտրոնի հելունագործության խմբակի խմբակավար Նորվարդ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Մարինե Մարտիրոսյանին` նախանձախնդիր այդ քայլի համար, նշելով, որ, գրքից հեռացող մեր ժամանակներում, նա, իսկապես, ազգանվեր եւ կարեւոր գործ է արել` իր ջանքերով հարստացնելով եւ պահպանելով գրադարանը:

«Մեր ջանքերն անտեղի չէին, կարեւորը, որ մենք հասանք մեր նպատակին»,- ասում է գրադարանի խորհրդի նախագահ Նաիրի Սահակյանը` հավաստիացումով, որ դպրոցական արձակուրդների ընթացքում կփորձեն ավելի շատ գիրք կարդալ:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *