ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՈՆՑԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ. «ՀԵՐՈՍԱՑԱԾ ԱՊՐԻԼ»

Սիսիանի` Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանում կազմակերպված «Հերոսացած ապրիլ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթը նվիրված էր ապրիլյան քառօրյայում նահատակված սիսիանցի ինը ազատամարտիկների հիշատակին: Հուշ-ցերեկույթին ներկա էին նահատակների ծնողները, այրիները, զավակները, թոռներն ու հարազատները, ովքեր մեկ անգամ եւս վերապրելով ողբերգական եւ հերոսկան ապրիլյան ցավը, թաց աչքերով ու զուսպ հպարտությամբ լսեցին նորօրյա հերոսների հասցեին հնչած խոսքերը, սփոփանքով, որ հայրենիքի նահահակները այսպես հիշվում են, որ նրանց հիշատակի առջեւ խոնարհվում են, ու անմահ է յուրաքանչյուրի անունն ու սխրանքը:

Թանգարանի սրահներից մեկում առանձին բաժին էր ձեւավորվել` ներկայացնելով  նահատակներից յուրաքանչյուրին, ցուցադրելով նրանց անձնական իրերը, ստացած պետական պարգեւները, լուսանկարները:

Թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ապրիլյան քառօրյայի հարազատներին, որ ընդառաջել են իր խնդրանքին եւ թանգարանին տրամադրել զոհվածների իրերն ու պետական պարգեւները` կյանքի կոչելու հուշ-ցերեկույթը, նշեց, որ նրանք սիրահոժար են տրամադրել այդ իրերն ու պետական պարգեւները ժամանակավոր ցուցադրության համար, չբացառելով, սակայն, որ որոշ առարկաներ հարազատները կնվիրեն թանգարանին: «Մտադիր ենք հավաքել եւ ամբողջացնել արցախյան ազատամարտի սիսիանյան տարեգրությունը` ինչքան որ ակրող ենք, որովհետեւ այն արդեն մեր պատմության մի մասն է, եւ ուրիշ որտեղ, եթե ոչ` պատմության թանգարանում պիտի հավերժի այդ հերոսական պատմությունը»,- ասաց Հասմիկ Գրիգորյանը:

«Մեր հերոսներն իրենց սխրանքով ու հայրենասիրությամբ նորովի իմաստավորեցին 2016-ին հաջորդող տարիներին մեր անցնելիք ճանապարհը, նոր լիցք հաղորդեցին հայոց նորանկախ երկու պետությունների հետագա կայացման եւ հզորացման ազգային ձգտումներին: Նրանք իրենց ոգեղեն ներկայությամբ առաջնորդ դարձան մեր ընթացքին»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը:

Իր հովվական խոսքը բերելով հուշ-ցերեկույթի մասնակիցներին` Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը նշեց, որ պատմությունը պարզապես պատմական իրադարձությունների մի շղթա չէ, դա այն հատուկ իրադարձություններն են, որ դուրս են գալիս ժամանակի ընթացքից եւ դառնում անկյունաքարային` մարդու ճակատագրում: Տեր հայրը հավաստեց, որ մենք` ապրողներս, ամեն բան անում ենք` նահատակների ընտանիքների անդամներին միայնակ չթողնելու իրենց ցավի եւ վշտի հետ, որովհտեւ այդ ցավը միայն նրանցը չէ, ինչպես որ միայն նրանցը չէ այն սխրանքը, որ կատարել են հայրենյաց նահատակները: «Մեր անցյալի ու մեր ապագան կերտելու կարեւորագույն հիմնասյուներից մեկը դարձան քառօրյա պատերազմի այն ինը հերոսները, որոնք իրենց կյանքը նահատակեցին, եւ նրանց հիշատակը վառ պահելը ամենքիս սրբազան պարտքն է»,- նշեց Տեր-Պարգեւը` ներկաներին հորդորելով մշտապես աղոթքով հիշել հայրենիքի նահատակներին եւ տիրոջ բարեխոսությունը խնդրել նրանց հոգիների խաղաղության համար:

Ադոնցի անվան պատմության թանգարունում նման ցուցադրություն կազմակերպելու, նորօրյա հերոսներին մեկ անգամ եւս արժեւորելու եւ նրանց սխրանքը գնահատելու համար սիսիանցի 9 զոհվածների անունից հուշ-ցերեկույթի կազմակերպիչներին շնորհակալության խոսք ասաց Մայիս Միրզոյանի այրին` տիկին Արծվիկը, նշելով, որ թեեւ անդարձ է իրենց կորուստը եւ անսփոփ` վիշտը, բայց նման միջոցառումներով, նահատակների հիշատակի եւ նրանց սխրանքի առաջ խոնարհվելով, իրենք մխիթարվում են, որ զուր չի թափվել այն թանկ արյունը, որով հողը հայրենիք է դարձել: Տիկին Արծվիկը ցավով նշեց, որ ապրիլյան քառօրյային էլ, ինչպես 90-ականներին, կիսատ մնաց հայրենիքն ամբողջացնելու գործը, բայց անտեղի չթափվեց այն թանկ արյունը, որը հզոր եւ միասնական հայրենիք կերտելու հիմքը շաղախեց եւ ամրացրեց:

Հուշ-ցերեկույթի ամենահուզիչ եւ տպավորիչ պահը նահատակների թոռների ելույթներն էին, որ խորհրդանշում էր սերունդների` երբեք չկտրվող կապը, հերոսականության եւ հայրենասիրության շարունակականությունը եւ փոխանցումը սերնդից սերունդ, հորից` որդի, պապից` թոռ: Այդ փոքրիկները, գուցե, առայժմ ողջ խորությամբ չեն ընկալում իրենց պապերի կատարած սխրանքը, բայց նրանք արդեն իրենց արյան եւ հիշողության մեջ կրում եւ տանում են հերոսկանության եւ հայրենասիրության այն ոսկե հատիկներն ու ծիլերը, որ այնպես շռայլորեն ցանել են իրենց պապերը…

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *