Նշվեց ՏԻՄ ստեղծման 23 ամյակը: ԱՆՑՅԱԼԻՆ ՎԵՐԱԴԱՐՁ ՉԻ´ ԼԻՆԵԼՈւ. ՀՈւՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Տեղական ինքնակառավարման մարմինները ստեղծման դժվարին եւ քարքարոտ ճանապարհ են անցել: Մի կողմից` կառավարման անծանոթ ու դեռեւս անհայտ մոդելը, մյուս կողմից` սովետական կառավարման իներցիան պիտի որ լրջագույն խոչընդոտներ դառնային կառավարման նոր մեթոդի ստեղծման եւ կայացման համար, սակայն, ի պատիվ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման ակունքում կանգնած գրագետ, բանիմաց, հմուտ, համարձակ ու ինքնուրույն մտածողություն ունեցող մարդկանց` Սիսիանում դրվեց ՏԻՄ համակարգի ամուր հիմք, որը հետագայում դարձավ այն կայացնելու անկյունաքարը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումից անցել է 23 տարի: Լինելով երկրում ծավալվող գործընթացների անմիջական կրողը` ՏԻՄ համակարգն ապրեց բոլոր այն փորձությունները, բոլոր վայրիվերումները, բոլոր ցնցումները, ինչն առկա էր ողջ երկրի կառավարման համակարգում:

Սիսիանն էլ զերծ չմնաց համայնքային սեփականության փոշիացումից, Սիսիանում էլ համայնքի եւ նրա բնակչի շահերը անխնա ոտնահարվեցին ու ստորադասվեցին կառավարիչների սեփական շահերին, Սիսիանում էլ կառավարման մակարդակն իջավ ամենացածր նշաձողին, երբեմնի մշակութային ու երիտասարդական քաղաք Սիսիանն էլ դարձավ ծերոցող ու գավառական գյուղաքաղաք, որտեղ ամեն ինչ չափվում էր «ընտրաձայնի դիմաց` հողատարածք կամ` գարաժատեղ ու խանութատեղ» ընկալման չափորոշիչով…

Առաջին անգամը լինելով` Սիսիանում նշվեց ՏԻՄ ստեղծման 23 ամյակը, ինչը, թեեւ, հոբելյանական չէր, բայց այն նշելը, ՏԻՄ դերի արժեւորումն ու կարեւորումը  խորհրդանշական էր, քանի որ վերջին շրջանում Սիսիանում ծավալվող բավականին տեսանելի եւ դրական փոփոխությունները նույնպես անմիջականորեն պայմանավորվում են երկրում կատարվող գործընթացներով:

ՏԻՄ ստեղծման 23 ամյակին նվիրված հանդիսությունը նշվեց Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Սիսիանի եւ Գորայքի խոշորացված համայնքների ղեկավարներն ու կառավարման ներկայացուցիչները, համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցները, Սիսիանի զորամասի հրամկազմը, համայնքի հոգեւոր դասը եւ այլք:

Ողջունելով ներկաներին եւ իր ուրախությունը հայտնելով տոնակատարությանը ներկա գտնվելու համար` Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ, կարեւորեց այն հանգամանքը, որ մեր երկրում ՏԻՄ օրը նշվում է որպես առանձին օր, ինչն ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը պետականաշինության գործընթացներում:

Մարզպետն առանձնակի շեշտադրում կատարեց այն հանգամանքին, որ Սյունիքի մարզում տեղական ինքնակառավարման համակարգը սահմանել է այնպիսի բարձր նշաձող, ինչի վկայությունն են 2019 թվականի ՏԻՄ մրցանակաբաշխության 4 անվանակարգում մարզի 4 համայնքների գրաված պատվավոր տեղերը: Մարզպետը մասնավորաբար նշեց, որ Կապանի` մշակութային,  Գորիսի` տարվա լավագույն, Սիսիանի` տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնքների կողքին իրեն առավելապես ուրախացրել է Տեղի` ամենաբարեկագ համայնքի անվանակարգը, քանի որ այն փոքր համայնք լինելուց զատ` նաեւ գյուղական բնակավայր է, ինչը բացառապես գովելի է:

Անդրադառնալով երկրում ծավալվող գործընթացներին` Սյունիքի մարզպետը նշեց, որ թե իր, թե համայնքների ղեկավարների եւ կառավարման ներկայացուչիչների աշխատանքի գնահատողը միայն ու միայն ժողովուրդն է, պահանջատերը համայնքի բնակիչն է, քաղաքացին ու գյուղացին, եւ հորդորեց բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը, հակառակ պարագայում գալիս է ինքնամաքրման, ինքանֆիլտրման մի պահ, երբ զգում ես, որ դուրս ես մնացել երկրում ծավալվող խաղի կանոններից:

Հունան Պողոսյանը հորդորեց քայլել միայն առաջ, նայել միայն առաջ, մոռանալ իներցիոն գործընթացները, մոռանալ այն մտայնությունը, որ պատմության անիվը կարող է շուռ գալ, որ անցյալը կվերադառնա, որ երկրի նոր իշխանությունները «կձախողեն»: «Նման բան չի կարող լինել, որովհտեւ մենք բոլորս դա թույլ չենք տա»,- շեշտեց մարզպետը եւ հորդորեց նայել միայն առաջ, քանի որ եկող տարի ավելի լարված ու ծանրաբեռ աշխատանք է սպասվում բոլորին:

Խոսելով մարզպետարան-համայնքապետարաններ փոխհարաբերությունների մասին, Հունան Պողոսյանը շեշտեց, որ նման տարանջատում չկա: «Ոպրես մարզպետ, որպես նախկին սպա, կամ` ներկա սպա, ասում եմ, որ պատվախնդրությունից վեր ոչինչ չկա, եւ եթե մարզպետարանը պիտի փորձի իրեն վեր դասել մյուս օղակներից, չարաչար կսխալվի: Կունենա´նք ուժեղ համայնքներ, կգնահատվի մարզպետարանի ողջ աշխատանքը»,-հավելեց մարզպետը եւ հորդորեց մաքուր պահել համայնքները, բնակավայրը, քաղաքը, մարզը, ինչը երկիրը կարգի բերելու առհավատչյաներից է:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ողջունելով բոլորին ՏԻՄ օրվա կապակցությամբ, նշեց, որ այս դահլիճում բազմիցս են նշվել մասնագիտական տոներ, զանազան միջոցառումներ, իրադարձություններ, մեծարման երեկոներ, բայց առաջին անգամն է նշվում ՏԻՄ օրը եւ շնորհավորեց ՏԻՄ ոլորտի աշխատակիցներ, ընդգծեց մեր երկրի պետականաշինության գործում մեծ կարեւորություն ունեցող համակարգի դերը: «Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կանգնած են ՏԻՄ կազմավորման ակունքներում, բոլոր նրանց, ովքեր անձնվեր աշխատանքով արդարացրել ու արդարացնում են իրենց ընտրողների հույսերն ու սպասումները»,- հավելեց համայնքի ղեկավարը` անդրադարձ կատարելով 2 տարի առաջ ՏԻՄ պատմության մեջ սկսված նոր շրջանի`  բազմաթիվ խնդիրներով եւ բարդություններով լի խոշորացված համայնքների գործունեությանը: Համայնքի ղեկավարը նշեց, որ նորաստեղծ ՏԻՄ-ի առջեւ ցանկացած խոչընդոտ կարողացել  եւ կարողանում են հաղթահարել բոլորի համախմբված ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ: «Արժանանալով մեր քաղաքացիների վստահությանը, կարողացել ենք անցած 3 տարիների ընթացքում, որից 2-ը որպես խոշորացված համայնք, իրականացնել մոտ 3,5 միլիարդ դրամի սոցիալ-տնտեսական զանազան ծրագրեր, որոնք սկզբունքորեն չեն կենտրոնացել միայն Սիսիան քաղաքում, համայնքի բոլոր բնակավայրերում լուծում են ստացել տասնյակ խնդիրներ»,- ասաց համայնքի ղեկավարը եւ շեշտեց, որ համախմբված աշխատանքի շնորհիվ 2018 թ.-ին Սիսիանի համայնքը հաղթող է ճանաչվել լավագույն երիտասարդական, այս տարի` տարվա նշանակալից առաջընթաց անվանակարգերում ու մաղթեց բոլորին երբեք չկորցնել բնակիչների վստահությունն ու արժանապատվորեն կրել համայքնային ծառայողի բարձր կոչումը:

«Զգործս ձռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տեր, եւ զգործս ձեռաց մերոց հաջողեա զմեզ, ամեն» գողտրիկ աղոթով իր օրհնության եւ բարեմաղթանքի խոսքն ասաց Սիսիանի սուրբբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ քահանա Զեյնալյանը: Սիսիան համայնքում տեղակայված զորամասերի եւ Սիսական գնդի ողջ անձնակազմի անունից շնորհավորեց զորամասի հրամատարի տեղակալ Ալիկ Բաբայանը` հզոր պետության ստեղծման ճանապարհին կարեւորելով հզոր բանակի եւ ուժեղ համայնքի դերը:

Օրվա առթիվ իրենց շնորհավորանքի խոսքն ասացին Սիսիանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Ջուլիետա Հոկոբյանը, թիվ 2 դպրոցի փոխտնօրեն Էվելինա Թադեւոսյանը, թիվ 5 դպրոցի ուսուցչուհի Նելլի Հովսեփյանը եւ ուրիշներ:

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացված  զորավարժությունների ակտիվ մասնակիցները եւ երկար տարիներ ՏԻՄ համակարգում աշխատած համայնքային մի խումբ ծառայողներ ու համայնքային աշխատակիցներ պարգեւատրվեցին Սիսիանի համայնքապետի եւ Սիսիանի զորամասի հրամանատարի պատվոգրերով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *