ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ` ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 3 ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

Սիսիանի թիվ 3 նախակրթարանում աշնանը նվիրված հանդես էր: Միջին խմբի սաները, որ հաճախ են զանազան թեմաներով ցերեկույթներ անցկացրել խմբասենյակում, ծնողների, հյուրերի եւ մանկապարտեզի դաստիարակների առջեւ առաջին անգամն էին հանդես կազմակերպում: Ոմանք հուզված էին, ոմանք` ավելի խանդավառ` ցուցադրելու իրենց սովորածն ու իամացածը: Դահլիճը զարդարված էր գունագեղ փուչիկներով, աշնան բերք ու բարիքով, բայց այս ամենի մեջ ամենասիրունը երեխաներն էին, որ իրենց անուշ երգով, պարով, արտասանությամբ աշնան հանդեսը վերածեցին գեղեցիկ տոնի:

Երեխաները ներկայացրեցին «Պապն ու շաղգամը» փոքրիկ բեմականացումը, որի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը կարողացել էր հասկանալ, որ ցանկացած գործ անելու եւ որոշակի հաջողության հասնելու համար կարեւոր է յուրաքանչյուրի եւ ամենքի ջանքն ու դերը:

Աշնանը նվիրված հանդեսը կայացնելու համար ջանացել էին դաստիարակ Անի Ղուկասյանը, երաժիշտ Էդիտա Ամիրաղյանը, բոլորը, անգամ, ինչպես նշեցին երեխաները, խոհարարները, որ իրենց պատրաստած աշնան հանդեսը լինի ոչ միայն սիրուն, ոչ միայն գեղեցիկ, այլեւ` համեղ:

Թիվ 3 նախակրթարանի մեթոդիստ Լուսինե Հակոբյանը շնորհավարեց երեխաներին գեղեցիկ եւ հաջողված հանդեսի համար եւ շնորհակալություն հայտնեց կոլեկտիվին` միմյանց օգնելու եւ աջակցելու համար:

Հանդեսին ներկա Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը, ում դուստրը նույնպես հանդեսի մասնակիցներից էր, օրհնեց բոլոր բալիկներին, նշեց, որ թե որպես ծնող, թե որպես համայնք, թե իբրեւ քրիստոնյա եկեղեցու անդամներ, հաճելի է տեսնել մանկապարտեզի կոլեկտիվի աշխատանքի արդյունքը: Տեր-Պարգեւը հավելեց, որ սովորաբար աշունը պատկերացնում ենք տխուր երանգներով, բայց այս երեխաները իրենց երգով, պարով, կեցվածքով եւ ուրախ տրամադրությամբ բոլորին հուշեցին, որ աշունը նաեւ երջանկություն է, առատություն, բերք ու բարիքի խորհրդանիշ եւ նոր սկզբի նախապատրաստություն:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *