ՊԱՏՎՈԳՐԵՐ` ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ 4 ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Հայրենական մեծ պատերազմի` սիսիանցի 2686 մասնակիցներից այսօր ողջ են ընդամենը 4 հոգի` Գրիգորի Սամսոնի Հովսեփյանը (Լոր), Հակոբ Լեւոնի Վարդանյանը (Լոր), Վաղարշակ Համբարձումի Հայրապետյանը (Բալաք), Արամայիս Մեսրոպի Հունանյանը (Սալվարդ):

Նրանք  ինը տասնամյակն արդեն հատած եւ իրենց երիտասարդությունը շատ վաղուց անցյալում թողած Մեծ հայրենականի այն վերջին մոհիկաններն են, որ դեռեւս կարող են վերհիշել, պատմել, վերապրել այն տարիների եւ պատերազմական ժամանակների մասին ու վկայել այն հերոսական անցյալը, որի կերտողներից են եղել նաեւ իրենք:

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակի կապակցությամբ վետերաններին այցելեց, նրանց տոնական օրը շնորհավորեց եւ օրվա խորհրդին համահունչ` իր եւ ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի անունից պատվոգրեր հանձնեց ոստիկանության Սիսիանի բաժնի վետերանների խորհրդի նախագահ Արամ Եղյանը:

Ինչպես վկայում է Արամ Եղյանը, 90-նն անց եւ կյանքում շատ բան տեսած ու ապրած վետերանները խորապես զգացվել եւ շոյվել են նման վերաբերմունքից, համոզվել, որ իրենց վաստակը չի մոռացվում, որ իրենց չեն մոռանում:

Միմյանց շնորհավորելով օրվա առթիվ, նրանց մաղթել են առողջություն, երկար կյանք եւ ցանկացել, որ հայրենականի վերջին մոհիկանները իրենց ներկայությամբ զարդարեն գալիք մայիսյան տոները եւս…

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *