ՍԳԻՑ ԴԵՊԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ…

Ամեն տարի ապրիլի 24-ին ավելի ու ավելի է ստվարանում Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու հարակից տարածքում գտնվող` Մեծ եղեռնի անմեղ զոհերի հուշաքարի այցելուների թիվը: Համեստ, բայց` շատ խորհրդանշական հուշաքարին ծաղիկներ դնելուց եւ խոնարհվելուց հետո սիսիանցիներն իրենց հարգանքի այցն են բերում նաեւ նույն տարաքծում ննջող արցախյան հերոսամարտի նահատակներին, բարձրանում եկեղեցի եւ աղոթք հղում երկինք` ի խաղաղություն հայոց բոլոր անմեղ նահատակների հոգիների:

Սերունդները հերթով գալիս-անց են կենում, բայց 104 տարի արդեն չի փոխվում Մեծ եղեռնի պահանջը` այլեւս երբեք, չի սփոփվում ցավը, չի մեղմանում վրեժը, չի մոռացվում պահանջատիրությունը, մարդկության պատմության եւ աշխարհի խղճի վրա չի չորանում հայոց անմեղ արյունը, ու չի չորանալու այնքան, քանի դեռ չկա արդար հատուցում, քանի դեռ` Բերանն արնոտ Մարդակերը էն անբան, Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան. Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան

Եղեռնի զոհերի հուշաքարի մոտ հնչող երաժշտության ուղեկցությամբ Սիսիանի համայնքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը խոսք ասաց ի խոնարհումն եւ ի խնկարկումն եղեռնի անմեղ զոհերի հիշատակի, ոգեկոչեց ներկաներին, ողբաց նահատակներին, միաժամանակ նշեց, որ թեեւ 104 տարի է անցել մարդկության առաջին եւ ամենազարհուրելի ոճիրից` հայոց ցեղասպանությունից, բայց հայոց համազգային ցավը մինչ այսօր էլ չի սպիացել, չի խամրել մեր հիշողությունը, եւ, ինչ էլ որ լինի, անիրվաները պատասխան են տալու իրենց ոճրագործությունների համար: «Ոչ մի հայ, վրեժը սրտում, չի հանգստանա, մինչեւ չգա արդարության օրը, մինչեւ թուրքերն իրենց բերանով չխոստովանեն ու հատուցեն իրենց արած ոճիրի դիմաց: Ի դժբախտություն թուրք ոճրագործների եւ նրանց այսօրվա հետնորդների, հայերը մինչեւ այսօր էլ չեն մոռանում եւ հայությունը պահպանում է իր ազգային դիմագիծը, մշակույթը, սովորույթները, եւ, որ ամենակարեւորն է, անցյալի մասին հիողությունները: Որքան ժամանակ հարատեւի հայությունը, որքան Արեւմտյան Հայաստանը բռնագրավված մնա Թուրքիայի կողմից եւ շարեւնակվի սփյուռքահայության ոդիսականը, այնքան գոյություն կունենա հայոց օրինական պահանջը կորուսյալ հայրենիքի նկատմամբ ու կշարունակվի կենդանի մնալ հայ դատը: Ազգ, որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբեք: Մենք ապրելու ենք, ինչ էլ որ լինի, իսկ թուրքը պատասխան է տալու»,- նշեց Նարա Հովհաննիսյանը…

Սիսիանի ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Արմիդա Մուշեղյանը նշեց, որ ամեն տարի իրենց դպրոցի ուսուցիչները, աշակերտները բարձրանում են եկեղեցու բարձունք, հարգանքի տուրք մատուցում Եղեռնի զոհերի հիշատակին, ոգեկոչվում: «Մեր նահատակներն անմահ են, իսկ մենք` պահանջատեր, մեր նահատակները մեզ համար ողջ են, հատկապես, երբ նրանք արդեն սրբադասված են: Ես գտնում եմ, որ այս հարցը պետք է հուզի շատ երկրների, որոնք բարոյական պետք է գտնվեն եւ ընդունեն հայոց ղեղասպանությունը որպես այդպիսին: Հայոց ցեղասպանությունը միայն Թուրքիայում չէր, նույնը կատարվեց Ադրբեջանում, երբ սումգայիթյան ջարդերը տեղի ունեցան: Իսկ եթե համապատասխան գնահատական տրվեր, երեւի թե Սումգայիթը չէր կրկնվի: Թող ոչ մի ցեղասպանություն չլինի աշխարհում, թող խաղաղ լինի երկինքը, խաղաղ ապրեն ժողովուրդները: Տարեց տարի, իհրակե, ավելանում է սգերթի մասնակիցների թիվը, սա նշանակում է, որ մեր պահանջատիրությունը ընդլայնվում է, եւ մենք նաեւ հաղթահարել ենք զոհի բարդույթը, հիմա պահանջատեր ենք, եւ այս հուշակոթողի մոտ խոնարհվում ենք ոչ թե զոհերի առաջ, մենք հանդես ենք գալիս որպես պահանջատեր: Մենք շատ ենք խոնարհվել, հիմա չենք խոնարհվում, հիմա պահանջատեր ենք»…

Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակներին իրենց խոնարհումն ու հարգանքն էին բերել Սիսիանի զորամասի սպաներն ու զինվորները: Մարտկոցի հրամանատար, կապիտան Վահան Ավետիսյանն ասաց, որ ե´ւ իր, ե´ւ ծառայակից ընկերների համար կարեւորը չմոռանալն է, իսկ իրենք չեն մոռանում, կարեւորը հայոց բանակի եւ հայ զինվորի դերի գիտակցումն է` այլեւս երբեք եղեռնը բացառելու, եւ իրենք գիտակցում են, կարեւորը ոգեկոչվելն է ոչ միայն կորցրած հայրենիքի նկատմամբ ունեցած պահանջատիրությամբ, այլեւ` հենց հուշակոթողի հարեւանությամբ ննջող արցախյան նահատակների գործի շարունակողը լինելու զգացողությամբ հայրենիքին ծառայելը, ինչը եւ անում են ամենայն պատասխանատվությամբ: «Հայ զինվորը ոգով պինդ է, հավատով` ամուր, նպատակների մեջ` գիտակից: Ես միշտ հիշում եմ, որ ինձանից առաջ էլ են պայքարել հայրենիքի համար, ես էլ եմ ծառայում հայրենիքիս, ինձնից հետո եկողն էլ է ծառայելու: Հայ զինվորը եւ հայոց բանակն են երկրի եւ ժողովրդի խաղաղության ամենամեծ երաշխավորը»,- ասաց մարտկոցի հրամանատար, կապիտան Վահան Ավետիսյանը:

Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին, եւ, օրվա խորհրդին համահունչ, Սիսիանի համայնքապետարանը ապրիլի 24-ին կազմակերպեց նաեւ ծառատունկ, որին մասնակցեցին համայնքապետարանի եւ համայնքային ենթակայության կառույցների, հրշեջ-փրկարարական ջակատի, ոստիկանության Սիսիանի բաժնի, Սիսիանի զորամասի, բնակարանային կոմունալ տնտեսության աշխատակիցներ:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նշեց, որ որոշել են յուրաքանչյուր տարի տնկել ավելի քան 1000 ծառ, իսկ այսօր տնկում են մոտ 800-ը: «Այս տարի մենք լայնամասշտաբ ծառատունկի ծրագիր ունենք: Առաջինը սկսեցինք Երեւան-Սիսիան մայրուղու` Սիսիան մտնող ճանապարհի երկու եզրերին: Տնկում ենք տարբեր ծառատեսակներ, հիմնականում` կանադական արագաճ բարդիներ եւ կատալպա, որը շատ գեղեցիկ ծառատեսակ է: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը, որը ընդառաջեց իմ խնդրանքին` տարմադրելով մոտ 800 ծառ: Իհարկե, տնկելը մի խնդիր է, այն պահել- խնամելը` մեկ այլ խնդիր: Հիմա տնկիները կջրենք ցիստեռներով բերված ջրով, բայց առաջիկայում այստեղ կանցկացնեք խողովակաշար, քանի որ ծառերի հետագա խնամքն ու պահպանությունը նույնպես մեր պատասխանատվության ներոք է, որը կիրականացնի բնակարանային կոմունալ տնտեսությունը: Ինքս էլ ծառեր տնկեցի եւ պանթեոնում, եւ այստեղ, եւ հուսով եմ, որ դրանք կհաստատվեն»,- ասաց համայնքի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով նաեւ Սիսիանի ոստիկանության, զորամասի, հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչներին, ովքեր ակտիվ մասնակցեցին ծառատունկին:

Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Գարիկ Հովսեփյանը նշեց, որ պարտավոր էին զգում մասնակցել ծառատունկին, քանի որ այլ կերպ չէր կարելի: «Ինձ համար այս օրը կրկնակի խորհուրդ ունի, այսօր նաեւ իմ ծննդյան օրն է, եւ ես պարտավորված եմ մեկ ծառ ավելի տնկել: Մենք կորցրել ենք 1,5 միլիոն, բայց ապրիլի 24-ին ծնվածները եւ ծնվողները գալիս են ասելու, որ մենք կանք, կլինենք, ու դեռ շատանանք` ի հեճուկս մեր բոլոր թշնամիների եւ եղեռնագործների»…

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *