ՍԻՍԻԱՆԸ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հայ մեծ արձակագիր Ակսել Բակունցը 1915-16 թ.թ. դասավանդել է Լորի դպրոցում, հետագայում, աշխատելով որպես Զանգեզուրի գավառի գլխավոր գյուղատնտես և հողբաժվար, Սիսիանի մասին թողել է ուշագրավ հիշատակություններ:

ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սիսիանի արածաշրջանում դպրոցաշինության գործն ընդհատվել, բայց երբեք չի մարել: Այն մասնավորապես նոր վերելք ապրեց 1805 թվականի Գյուլիստանի պայմանագրից հետո, երբ Արցախի հետ Զանգեզուրը ևս միավորվեց Ռուսական կայսրությանը: Սիսիանցին, օգտագործելով շատ թե քիչ ապահով, տանիք ոչինչ չէր խնայում իր զավակներին անուսում չթողնելու համար: Դա գնահատվել է նաև Ակսել Բակունցի կողմից, որը դեռևս դարասկզբին, անդրադառնալով Սիսիանի դպրոցաշինությանը, գրել է. «Եվ այժմ գյուղում տուն չկա, որ պարտք չլինի այս նեղ օրերը մի կերպ կառավարելու համար: Արդ՝ այսպիսի դրության մեջ մտածել դպրոցի մասին, աչքի ընկնող մի պատվաբեր երևույթ է, որ գալիս է ցույց տալու, թե ինչպես գյուղացին հասկացել է ուսման անհրաժեշտությունը, որ հացի հոգսի հետ աշխատում է որդուն անուսում չթողնել», (Ակսել Բակունց, հ.4, Եր. 1984թ., էջ 139):

«ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ»

20-ականներին աշխատելով որպես Զանգեզուրի գավառի գլխավոր գյուղատնտես և հողբաժվար, ձիով շրջել է նաև Սիսիանի ողջ գյուղերով: Իր շրջագայությունների հիման վրա թողել է «Մեր գյուղերում» արձակ ստեղծագործությունների շարքը, որը հրաշալի ակզբնաղբյուր է մեր բնակավայրերի 20-ականների ընդհանուր մթնոլորտի մասին որոշակի պատկերացում կազմելու համար: Այդ շարքից մի հատված նվիրված է նաև Սիսիանին: 1923 թվականին տեղի է ունենում շրջանի նորաստեղծ գյուղական խորհուրդների համագումարը: Համագումարին մասնակցում էին պատգամավորներ շրջանի բոլոր 37 գյուղերից: Նախ զեկուցում է շրջգործկոմի նախագահը: Այնուհետև հերթականությամբ ձայնը տրվում է գյուղերի ներկայացուցիչներին: Առաջինը ելույթով հանդես է գալիս Բռնակոթի գյուղխորհրդի նախագահը: Նա ներկայացնում է գյուղխորհրդի կատարած աշխատանքները: «…Ունեցել ա 10 նիստ, շոշափած ա 45 հարց. էս երկու ամսում հասարակության ժողով 5 անգամ ա եղել: Ունենք 2061 շունչ, արական էլ, իգական էլ: Բաքվում ունենք 381 բանվոր, գյուղում կա 560 հատ լծկան եզ, 1428 ոչխար, 33 ավանակ (ոմանք ծիծաղում են, մեկը տեղից ձայնում է ` «Մին էլ ասա»): Գյուղում կա փօկ, 65 գութան: Գյուղն ունի դպրոց, որտեղ հաճախում են 157 (տեղից հարցնում են` ինչ, աշակերտ, ինչ, ժպտալով պատասխանում է զեկուցողը): Հետո սեկցիաները,- կուլտուրականն աշխատում է լավ: Էս 2 ամսում գյուղում ծնվել է 17 երեխա, մեռել են 7(մի պատգամավոր տեղից` «մեր գյուղում էս տարի հլա մեռնող չի եղելե): Չորս ճանապարհ ենք շինել, 400 մարդ ա աշխատել: Կապերատիրն ունի 175 անդամ: Լիկկայանն առայժմ լավ ա» (Ա.Բակունց, 2-րդ հատոր, Երևան, 1979 թ.,էջ 340): Կարծում ենք այսքանով որոշակի պատկերացում կարելի է կազմել գյուղի` խորհրդային առաջին տարիների մասին:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20-ական թվականների Սիսիանի գյուղատնտեսության վերաբերյալ շատ արժեքավոր տեղեկություններ կան նրա «Գյուղատնտեսության ուսումնասիրության փորձ» հոդվածում, որը տպագրվել է երկերի ժողովածուի 4-րդ հատորում: Կատարել ենք հետևյալ ծաղկաքաղը: Ըստ Բակունցի 1924 թվականին Սիսիանն ունեցել է 37 գյուղ և 4129 տնտեսություն: Խոսելով ոռոգման մասին, նշում է, որ «Ջրանցքներ կամ խոշոր առուներ քիչ կան: Բռնակոթ գյուղն ունի «Աղի յար», որ սկսվում է սարից և բերում է հալոցքի ջուր»: Նշում է, որ գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում տաք քամիները: «Այդ քամիները տարբեր ուղղություն և անուններ ունեն. Բռնակոթինը վնասում է հյուսիս-արևմտյան քամին (փիս քամին), ավելի շատ պատահում է հուլիս և օգոստոս ամիսներին»: Նա թվարկում է այն բույսերը, որոնք այդ ժամանակ մշակվում էին գյուղում: Դրանք էին` աշնանացան ցորեն, գարի, գարնանացան ցորեն, հաճար, առվույտ, կորնգան, քռոշնա, շամբալա, կարտոֆիլ, դդում, կտավատ, ծխախոտ, կաղամբ, բողկ, զանազան կանաչիներ, բազուկ, լոբի, բակլա, ոսպ, կորեկ, սիսեռ: «Սիսիանի մահալը հայտնի է իր ցորենով: Գավառի առատության ծանրաչափը Սիսիանի տարեկան բերքից է կախված: Առատ տարիներում Սիսիանի բերքը հերիք է ամբողջ գավառի համար»,- գրում է նա:

ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լինելով գյուղատնտեսական շրջան, Սիսիանում այգեգործությունը շատ ավելի երիտասարդ բնագավառ է: Ըստ Բակունցի` 20-ական թվականներին Սիսիանն ունեցել է ընդամենը 31 հեկտար այգի: Անդրադառնալով այդ հարցին, գրել է. «Պտղաբուծությունն էլ մի կարևոր ճյուղ է, եկամտաբեր մի աղբյուր, որ փակված է սիսիանցու առջև..: Սակավ բացառությամբ, Սիսիանում ամեն տեղ կարելի է պտղատու ծառեր տնկել, եթե ոչ արտահանելու, գոնե իրենց կարիքները հոգալու համար: Շատ անգամ կարելի է տեսնել մի գյուղում հինգ-վեց պտղատու ծառ, որոնոք լավ բերք են տալիս, ծառի տիրոջ հարևանները բավականանում են միայն նախանձով, իսկ երբ հարցնում ենք, թե ինչու ծառ չեք տնկում, պատասխանում են ոչ մի քննադատության չդիմացող խոսքով, թե մեր պապերի ժամանակ չի եղել, մենք էլ էդ ճանապարհով ենք գնում», (Ա.Բակունց, հ. 4-րդ, Եր., 1984 թ., էջ 422-423):
Հնուց կարծրացած նման մտածողությունը փոխելու համար տարիներ տևցին: Բակունցի այդ քննադատությունը տեղ է հասել միայն երեսունական թվականներին, երբ մի քանի պտղատու ծառեր երևացին բռնակոթցի Դիլանանց Վանու, Բալոնց Խաչոյի, Ախսու բիբու, Կուճի տերտերի տնամերձերում:
Միայն 40-ական թվականների կեսերից հետո Սիսիանում այգեգորածությունը սկսվեց դիտվել որպես գյուղատնտեսական արտադրության կարևոր ոլորտներից մեկը: Ձորերի ենթաշրջանից հետո այգիներն աստիճանաբար սկսեցին բավականին մեծ տարածքներ զբաղեցնել Սիսիանի տարածաշրջանի միջին, ինչպես նաև վերին գոտու տնտեսություններում: Արդեն 90-ականների սկզբներին այստեղ այգիները զբաղեցնում էին 400 հեկտար տարածություն:

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ԹԵՄԱՏԻԿԱ, ՈՐ ՎԵՐՑՎԵԼ Է ՍԻՍԻԱՆԻՑ

ԾԻՐԱՆԻ ՏԱՓԸ
Պատմվածքը գրվել է 1926 թվականին: Պատմվածքի համար նյութ է ծառայել Սիսիանի շրջանի Լոր և Շենաթաղ գյուղերի միջև եղած հողային հինավուրց վեճը և նրա լուծումը Բակունցի կողմից:
Լոր գյուղում աշխատելու տարիներին նա ծանոթ է եղել թե այդ գյուղի և թե հարևան Շենաթաղի հողային ու տնտեսական վիճակին:
1926 թ. մարտին Գորիսից Երևան տեղափոխվելով՝ Բակունցը աշխատանքի է անցել Հողժողկոմատի հողբաժնում և շուտով գործուղվել Զանգեզուր՝ հողաշինարարական որոշ հարցերի կապակցությամբ: Նրան հատկապես հանձնարարված էր լուծել հիշյալ գյուղերի հողային վեճը, որը հետևյալն էր: Երկու գյուղերի միջև գտնվում է Շորքար կոչվող մոտ 3000 քմ տարածությամբ սարահարթը (Շորքար անվան պատճառն այն է, որ սարահարթում եղած մեծ քարի տակից հանքային ջուր է բխում): Գյուղերից յուրաքանչյուրն այդ արոտատեղին իրենն է համարել, և անհիշելի ժամանակներից նրանց միջև տեղի են ունեցել վեճեր, որոնք երբեմն ավարտվել են մահակակռիվներով: Հաղթող գրեթե միշտ դուրս են եկել շենթաղցիները: 1923 թ. Զանգեզուրի գավգործկոմը որոշել է սարահարթի մեծ մասը հանձնել սակավահող Լորին: Բայց շենթաղցիները չեն համաձայնել որոշմանը, և վեճերը շարունակվել են:
Բակունցին, որպես Ալեքսանդր վարժապետի, լավ էին ճանաչում թե՝ Լորում, թե՝ Շենթաղում: Նրա նկատմամբ գյուղացիների ունեցած հարգանքը պատճառ է դառնում, որ հարգվի Բակունցի ընդունած որոշումը: Նա կարողանում է շենթաղցիներին համոզել, որ հողամասի հիմնական մասը պետք է հանձնվի Լորին, որպես ավելի սակավահող գյուղի: «Մտածում էի, թե ի՞նչ ուժ ունի Ալեքսանդր վարժապետը, որ նրա առաջ շենթաղցիները ծպտուն չհանեցին, այլ ընդհակառակը սիրով հրավիրեցին և տարան իրենց գյուղը»,- մի առիթով նշել է Համո Սահյանը:
Այս ամենը գեղարվեստական իրենց արտացոլումն են գտել նրա «Ծիրանի տափ» պատմվածքում: Լոր և Շենթաղ գյուղերը ստացել են են Միր և Մրոց անունները, իսկ վիճելի Շորքարը՝ Ծիրանի տափ:

ԽՈՆԱՐՀ ԱՂՋԻԿԸ

Գրել է 1926-ին: Իրական է եղել գլխավոր հերոսուհին՝ Խոնարհը: Վերջինիս փոքր քույրը՝ Անահիտը, եղել է Բակունցի աշակերտուհին: 1917-ին Խոնարհին հայրը ամուսնացնում է հարևան Շենաթաղ գյուղից մի մարդու հետ, որը սակայն շուտով մահանում է: Խոնարհը երկրորդ անգամ ամուսնանում է դարբասցի Սուլթան Անդրեասյանի հետ: Ունեցել է 2 որդի, մահացել է 1926 թվականին, 27 տարեկան հասակում: Սուլթանը նոր կին է բերում տուն: Իսկ Խոնարհի որդիները զոհվում են Հայրենական պատերազմում: (Ա. Բակունց, հ. 1, Երևան, 1976թ., էջ 625, 638):

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *