ՍԻՍԻԱՆԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիսիանը հայկական լեռնաշխարհի ամենավաղ բնակեցված տարածաշրջաններից մեկն է: Այն մեր հազարամյակի արշալույսին արդեն կարևոր դեր էր խաղում հին Հայաստանի քաղաքական և հոգևոր կյանքում: Շաղատում էին կենտրոնացված Սյունյաց նահանգի վարչական և հոգևոր ատյանները: Ըստ ,Զորանամակիե Սյունիքը մարտադաշտ է հանել 10 000 հեծյալ: Իսկ դա նշանակում է, որ ունեցել է բնակչության բավականին մեծ թվաքանակ: Սյունիքը առավել հզորության է հասել 4-րդ դարում` Սյունյաց տեր Անդոկ Սյունու օրոք, որի դուստրը` Փառանձեմը, Արշակ 2-րդի կինն էր: Գուցե և պատճառներից մեկն էլ դա էր, որ Սյունիքը Հայոց արքունիքում, ըստ  «Գահնամակի», զբաղեցրել է առաջին բարձը:
4-ից 7-րդ դարերում նաև բնակչության թվաքանակի աճով կարելի է բացատրել այնպիսի պատմամշակութային հուշարձանների ծնունդը, ինչպիսիք են Սյունի պատմական ավանը, Կարմիր վանքը, Սիսիանի, Բռնակոթի եկեղեցիները, Աղիտուի` իր տեսակի մեջ եզակի մահարձանը և այլ արժեքներ:
12-ից 13-րդ դարում արդեն Սյունիքի Ծղուկ գավառի (որը զբաղեցրել է Սիսիանի ներկայիս տարածքները) քարտեզի վրա գոյություն են ունեցել զուտ հայերով բնակեցված 75 բնակավայր: Առավել խիտ բնակչություն են ունեցել Բռնակոթ, Շաղատ, Աղիտու, Վաղատին, Լոր գյուղերը: Հենց այս գյուղերն են ունեցել Տաթևի վանքին վճարվող ամենաբարձր հարկաչափերը:
Տարածաշրջանում հայ բնակչության տեղաշարժերը առավել նկատելի են դարձել մեկը մյուսին փոխարինող օտար նվաճողների ասպատակությունների ընթացքում: Մարդիկ սկսել են հանգրվան որոնել այն օտար ափերում, որտեղ հնարավոր է եղել ինչ որ չափով ապահովել իրենց ֆիզիկական գոյությունը: Հենց դա է պատճառը, որ մի շարք գյուղեր կամ ամբողջովին դատարկվել են, կամ էլ քիչ բնակիչներ են մնացել այդ գյուղերում:
Բնակչության թվաքանակը սկսել է կայունանալ և ավելանալ սկսած 1805 թվականից, երբ Սիսիանը Ղարաբաղի խանության հետ անցավ Ռուսական տիրապետության տակ: Առաջին նշանակալից ներգաղթը արձանագրվել է 1828-29 թվականներին, երբ Ռուս-Պարսկական երկրորդ պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագով թույլատրվեց պարսկահայերի գաղթն Արևելյան Հայաստան: Պարսկաստանի Խոյի և Սալմաստի գավառներից Սիսիան վերադարձան ինչպես նախկինում տարածաշրջանը լքած, այնպես էլ բավականին նոր ընտանիքներ, որոնք վերաբնակություն հաստատեցին Սիսիանում, Ղալաջուղում, Լծենում, Թասիկում, Աշոտավանում, Մուցքում, Շաղատում, Բալաքում, Անգեղակոթում, Սալվարդում և Ույծում:
Մինչև 19-րդ դարի առաջին կեսերը Սիսիանում կանոնավոր մարդահամարներ չեն անցկացվել: Շատ թե քիչ առավել հավաստի մարդահամարը Ռուսական կայսրության կողմից ողջ Ղարաբաղի խանությունում, այդ թվում նաև Սիսիանում անցկացվեց 1831 թվականին: Ըստ այդ մարդահամարի Սիսիանի տարածաշրջանի 27 գյուղերը միասին ունեին 2713 բնակիչ: Առավել շատ բնակիչներ ունեին Ույծ, Անգեղակոթ, Բռնակոթ, Սալվարդ, Շաղատ և Թասիկ գյուղերը: Այդ ժամանակ ներկայիս Սիսիան քաղաքն ունեցել է ընդամենը 53 հայ բնակիչ:
Նույն մարդահամարի տվյալներով Սիսիանի տարածաշրջանում հաշվառվել են նաև 558 այլազգիներ: Նրանք եղել են մուսուլմանական կրոն ընդունած տարբեր ցեղախմբերի ներկայացուցիչներ, որոնք եկել բնակություն էին հաստատել հին հայկական լքված բնակավայրերում` վերանվանելով նաև այդ բնակավայրերի պատմական անունները: Նրանք եղել են քոչվոր խաշնարած ցեղեր, որոնց մեր կողմերն են ձգել Սիսիանի լայնածավալ ալպիան մարգագետիններն ու արոտավայրերը: Այդ ցեղախմբերի ներկայացուցիչները սկզբում կրում էին մեկ ընդհանուր անվանում` մուսուլմաններ: Սա նրանց կրոնական պատկանելիությունն է, որով չէր արտացոլվում նրանց ազգային պատկանելիությունը: 1831 թվականի մարդահամարով մուսուլման տերմինը փոխվում է, և նրանք սկսվում են կոչվել թաթարներ: Իսկ ովքեր էին նրանք: Վկայակոչելով հայ ազգագրագետ, տնտեսագետ և պատմաբան Ստեփան Զելինսկուն, հայ ազգագրագետ Երվանդ Լալայանը գրում է. «Սիսիանու թաթարները Միջին Ասիայի մոնղոլական զանազան ցեղերի և առավելապես սելջուկների մնացորդներ են, որոնք յետոյ խառնուել են Պարսկաստանից եկողների և արաբական ցեղերի հետ», (Ե. Լալայան, «Զանգեզուրի գավառ», Թիֆլիս,1898թ.,էջ 96):
Ըստ ժողովրդագիր Զավեն Կորկոտյանի` 1831 թվականի աշխարհագիրի ժամանակ նրանք անվանված են թաթար, ըստ որում այդ հասկացության տակ ամփոփել են նաև բոլոր մնացած իսլամ ազգերին: …Հետագայում «մուսուլման» տերմինը ճշտորոշվում ե և ընդունվում «թաթար» տերմինը, վորով դուրս են մնում քրդերը, պարսիկները, կարափափախները և այլն, (Զավեն Կորկոտյան,  «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում» (1831-1931),  հրատարակչություն Մելքոնյան ֆոնդի, Յերեվան 1932,էջ 21): (Կարափափախները Միջին Ասիաից Կովկաս ներխուժացծ թուրքական ցեղեր էին: Կարա` սև, փափախ` գլխարկ, կրել են սև գառան մորթուց կարված գլխարկներ):
19-րդ դարի վերջերին Սիսիանում մուսուլման բնակչության կորիզը կազմել են շիա թուրքերը: Միայն Շաքիում կային նաև սյունի օսմանցիներ: Սակայն մյուս ազգերի ներկայացուցիչներն էլ քիչ չեին: Որոտանում, օրինակ, կային 180 տուն շիա պարսիկներ: 22 տուն շիա պարսիկներ կային նաև հայկական Տոլորս գյուղում: Միայն 1936 թվականից այդ բոլոր ցեղախմբերը ստացել են մեկ ընդհանուր անուն` ադրբեջանցիներ:
1877 թվականին Շուշիի Պելուճա գյուղից Սիսիան եկան նաև 81 տուն ռուս մալականներ, որոնք բնակություն հաստատեցին Բազարչայ և Բորիսովկաա գյուղերում:
19-րդ դարի վերջերին այլազգիները Սիսիանում արդեն որոշակի տոկոս էին կազմում: Ըստ Ղևոնդ Ալիշանի 1886 թվականին Սիսիանն ունեցել է 40 բնակավայր, 20 հազար 490 բնակիչ: Հայերը տարածքում կազմել են բացարձակ մեծամասնություն: Մարդահամարի տվյալներով տարածքում ապրել են 13 հազար 143 հայեր, և արդեն 6882 թուրք-թաթարներ ու պարսիկներ, 465 ռուս մալականներ :
Սիսիանը թուրք-թաթարական տարրից ազատելու առաջին արմատական քայլերն արվել են Անդրանիկի կողմից: Նա 1918 թ. օգոստոսի կեսերից մինչև 1919-ի ապրիլը ամրացել է Սիսիանում և կազմակերպել երկրամասի ինքնապաշտպանությունը: Զինվորներից բացի Սիսիանը ապավեն է կանգնում նաև 13.899 գաղթականների: Քանի որ պետական օժանդակություն չկար, բոլոր հոգսերը պետք է հոգային տեղացիները: Այդ նպատակով 4 ենթաշրջանների ներկայացուցիչները պարտավորվում են զորամասի կարիքների համար հավաքել 6000 փութ ցորեն, 1000 փութ գարի, 50 փութ յուղ: Գյուղերում սկսվում է նաև զորակոչը: Անդրանիկը այդ պատասխանատու գործի կազմակերպումը դնում է Սիսիանի շրջանի կոմիսար Զախար Տեր-Ղազարյանի վրա: Հենց այդ օրերին կառավարության կողմից Սիսիանում տեղակայված զորքերի հրամանատար է նշանակվում պորուչիկ Պողոս Տեր-Դավթյանը: Սեպտեմբերի 22-ին Բռնակոթում հրավիրված ժողովի օրակարգում դրվում է թուրքական Ջոմարդլու, Օրթոքյուզ և Արավուս գյուղերի տեղահանության հարցը, քանի որ դրանք սարերով կապի մեջ էին Նախիջևանի հետ և այստեղ աստիճանաբար հավաքվում էին տաճկական առանձին ջոկատներ: Ըստ ժողովի որոշման Օրթոքյուզն ու Ջոմարդլուն մարտերով գրավվում են, Արավուսի թուրքերը խոստանում են ենթարկվել Անդրանիկին: Նույնը խոստանում են նաև թուրքաբնակ Շխլար, Դաստակերտ, Փուսագ, Ղվրախ, Ալիշար, Մուրխուզ գյուղերը: Իսկ մի քանի ընդհարումներից հետո Որոտանի, Վաղուդիի, Շաքիի, Կզլջուղի և Շամբի թուրքերը 1918-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հեռանում են Մինքենդի և Քելբաջարի կողմերը: Այդ օրերին ակտիվանում են Նախիջևանում տեղակայված թուրքական զորքերը: Առանձին ջոկատներ 1918-ի հոկտեմբերին Բիչանագի կողմից շարժվում են Սիսիանի վրա: Պողոս Տեր-Դավթյանը կազմակերպում է մարտը: Թևերից գրոհում են հեծյալները, կենտրոնից՝ աշխարհազորայինները: Մի քանի ժամ տևած մարտում թուրքերը պարտություն են կրում և նահանջում:
…Անդրանիկը Սիսիանը թողեց 1919-ի ապրիլի 2-ին: Սակայն այստեղ մնացին Պողոս Տեր-Դավթյանը և Զախար Տեր-Ղազարյանը, որոնք Նժդեհի` Զանգեզուր գալուց հետո շարունակեցին Անդրանիկի գործը:
… Խորհրդային կարգերի հաղթանակից հետո թուրք-թաթարները բոլոր միջոցները գործադրում էին հասնել թվական գերակշռության և այդ ճանապարհով նվաճել Զանգեզուրը : Նրանք շատ լավ էին հասկանում, որ հողը նրանն է, ով ապրում է այդ հողի վրա: Ոչ միայն համոզում, այլ ինչ-որ տեղ ստիպում էին Զանգեզուրից փախած ադրբեջանցիներին կրկին ետ վերադառնալ իրենց բնակավայրերը: Առաջին էտապում հաջողվում է մուսուլմանական մոլեռանդությունն արթնացնել Սիսիանի շրջանի 1918 -21թթ. հիմնովին ավերված Օրթոքյուզ, Իրիմիս և Բահարլու գյուղերի նախկին ադրբեջանցիների մոտ: 1925 թվականին սրանք ընտանիքներով կրկին վերադառնում են Սիսիան : Դա այն շրջանն էր,երբ հողհավասարեցումն ըստ ծխերի արդեն ավարտվում էր, իսկ 1924 թվականին անմարդաբնակ և ավերված Օրթոքյուզ գյուղի հողատարածությունները հանձնվել էին հարևան Թասիկին, Իրիմիսինը՝ 1923 թվականին՝ Ույծին, իսկ Բահրլուինը՝ նույն թվականին՝ Գետաթաղին: Օրթոքյուզցիների և թասիկցիների վեճն ավարտվում է տուրուդմփոցով: Տեղացիներն արգելում են ադրբեջանցիներին մտնելու այդ գյուղերը: Այսպես կոչված  «գաղթականների» հոսքն ավելանում է նաև Շաքե, Վաղատին գյուղեր: Եկածները գրկաբաց չեն ընդունվում նաև տեղական իշխանությունների կողմից և արտաքսվում են շրջանից: Վերջիններս գործում են առավել վստահ, քանի որ նրանք արդեն իրենց ձեռքի տակ ունեին Անդրկենտգործկոմի և Հայկենտգործկոմի որոշումները, ըստ որոնց հրահանգված էր 1923 թվականից հետո վերադարձածներին հող չտալ Զանգեզուրում:
Այդ տարիներին Ակսել Բակունցն աշխատելով որպես գավառի գյուղատնտես և միաժամանակ հողբավար, 1925 թվականի սեպտեմբերի 7-ին այդ հարցի կապակցությամբ հանրապետության հողվարչությանը ներկայացրել է համապատասխան զեկուցագիր և խնդրել «ձեռք առնել միջոցներ և հրահանգել մեզ մի միջոցի»: Որ դա ուղղակիորեն կազմակերպվում էր Բաքվից, վկայում է նաև Ակսել Բակունցի կողմից բերված հետևյալ փաստը. «Բահարլու գյուղի գաղթականները եկել են Քյուրդստանի գործկոմի տված վկայականով (25թ. հունիս 11), որի մեջ գրված է հետևյալ փաստը (բնագիրը ռուսերեն է). «Սույնը տրվում է Զանգեզուրի գավառի Սիսիանի շրջանի Բահարլուղ գյուղի բնակիչներ թվում է ութ անուն – ազգանուն), որոնց ուղարկում ենք հայրենիքը ՝ Զանգեզուրի գավառը իրենց նախկին բնակավայրերում տեղավորվելու համար: Վերոհիշյալը հաստատվում է կնիքով և ստորագրությամբ: (Ստորագրել են Քյուրդիստանի գավգործկոմի նախագահը և գործերի վարիչը¤: Ա.Բակունց, Երկ. Հ. 4, Երևան, 1984 թ., էջ 460-461¤:
Առաջին միջոցառման ձախողումից հետո, Ադրբեջանը ակտիվանում է 1926 թվականին՝ Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման ժամանակ: Ստեղծվում է հանձնաժողով ՝ բաղկացած 3 հոգուց: Նրա կազմի մեջ մտնում են Անդրկենտգործկոմի ներկայացուցիչ Յու. Կոչետկովը, Ադրբեջանի կենտգործկոմի ներկայացուցիչ Ա. Կարաևը և Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ա. Բակունցը: Լուրջ տարաձայնություններ են առաջանում հատկապես Կապանի և հարևան թուրք գյուղերի սահմանների գծման հարցում: Ինչպես նշում է Ակսել Բակունցը, փաստորեն գծվում է ազգային սահման, թուրք գյուղերը թողնվում են Ադրբեջանին, հայ գյուղերը՝Հայաստանին: Իսկ դրանից շահում է մյուս կողմը: Դժգոհ լինելով հանձնաժողովի եզրակացությունից, 1926 թվականի հոկտեմբերի 18-ին հողժողկոմատին ուղղված զեկուցագրի մեջ Բակունցը նշում է.  «…Այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջողը եղել է մեծ մասամբ Զանգեզուրը» (նույն տեղը, էջ 482¤:
Ոչ Կոչետկովը և ոչ էլ Կարաևը բանի տեղ չեն դնում Հայաստանի ներկայացուցչի այն առաջարկը, ըստ որի սահմանը պետք է անցնի ոչ թե խճուղով, այլ` Չայզամի գետով: Անտառն ուղղակիորեն պոկվել է Զանգեզուրի գավառից և հանձնվել Քուրդիստանին՝ իբր թուրք քոչվորներին արոտատեղ և խոտհարք տրամադրելու անհիմն պատճառաբանությամբ:
…30-ական թվականների սկզբներին Ադրբեջանը դարձյալ գործողության մեջ դրեց ազգային կազմի փոփոխության հասնելու իր հին ծրագիրը: Սակայն այս անգամ էլ չկարողացավ հասնել հաջողության՝ շրջանի որոշ ղեկավարների սկզբուն քայնության և վճռականության շնորհիվ: Հատկապես բարի խոսքեր պետք է ասել կուսշրջկոմի առաջին քարտուղար Հովհաննես Մոկացյանի հասցեին: Նախկին բհարլուցիները, 1935 թվականին դարձյալ փորձում են վերաբնակություն հաստատել այստեղ: Նույն թվա կանի սեպտեմբերի 30-ին կուսշրջկոմի բյուրոն քննարկում է այդ հարցը և որոշում վարչական կարգով նրանց դուրս հանել շրջանից: Որոշման կատարումը հանձնարարվում է շրջխորհրդի գործկոմի նախագահ Գերասիմ Մանուչարյանին: Իսկ նա կատարում է իրեն հանձնարարված գործը: Ու երբ 1937 թվականին նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ, մի շարք անհիմն մեղադրանքների հետ, դատարանն արձանագրում է նաև. »1935 թ. Բհարլու գյուղ են վերադառնում նախկին բնակիչներ՝ ադրբեջանցիներ, սակայն շրջկոմի բյուրոն հատուկ նիստով 1935 թ. սեպտեմբերի 30-ին որոշում է նրանց այնտեղից վարչական կարգով վռնդել, առաջարկելով նրանց թողնել հանրապետության սահմանները և հանձնարարում ի կատար ածել մեղադրյալ Մանուչարյանին, որը դիմում է ամենակոպիտ և գռեհիկ միջոցների՝ 1936 թ. մարտ ամսին նրանց իրենց ընտանիքներով, երեխաներով ու անասուններով դուրս են գցում ձյան վրա ( «Սիսիանի Հարվա ծային» շրջթերթ, մայիս, 1937 թ.): Հ. Մոկացյանը նույնիսկ դատապարտվում է գնդակահարության, որը հետագայում բեկանվում է :
1959 թվականին ադրբեջանցիներն արդեն կազմում էին Զանգեզուրի ողջ ազգաբնակչության 18,3, 1970 թվականին19,8%, այսինքն 10 տարվա ընթացքում ազգային կազմի հարաբերակցությունը փոխվում է 1,5 տոկոսով՝ ի հոգուտ ադրբեջանցիների: Բացարձակ թվով 137 հազար 194 բնակիչ ունեցող երկրամասում ադրբեջանցիների թիվը հասել էր 27 հազար 164 -ի: Ըստ որում, Կապանում այդ թիվը արդեն հասել էր 37,3,Կապան քաղաքում՝ 12,0, Մեղրիում՝ 27,0, Սիսիանում` 23,9,Գորիսում՝ 3,4 տոկոսի:Վտանգավորն այն էր, որ ադրբեջանցիներն ընդհանուր աճի տեմպերով արդեն գերազանցում էին հայերին:1965-75 թվականներին,օրինակ, «…Հայերի թիվը (Զանգեզուրում Հ.Ա.)ավելացել է 14, ադրբեջանցիներինը՝ 21,2 տոկոսով, առաջինի տարեկան միջին աճը կազմել է մեկ տոկոսից մի փոքր ավելի, երկրորդինը ՝ 2 տոկոս « ¥Ա. Ա. Ասլանյան, Խ. Ա.Ավետիսյան,  «Զանգեզուր», Երևան , 1975 թ. էջ 66) :
Այս չոր թվերից դժվար չէ եզրակաց նել, որ մի քանի տասնամյակը բավարար էին, որպեսզի ադրբեջանցիները երկրամասում հասնեին թվական գերակշռության: Այդ նպատակի իրականացման համար նրանք օգտագործում էին երկու հիմնական գործոն՝ 1. բնական աճ և 2. ներհոս :
…80-ական թվականների սկզբներից սկսած Զանգեզուրում ադրբեջանցիների աճը փոքր ինչսկսեց դանդաղել: 1984-86 թվականներին, օրինակ, Սիսիանում նրանք կազմում էին արդեն շուրջ 12 % :
Երիտասարդության մի մասն ընդունվելով ադրբեջանական ուսումնական հաստատություններ, այլևս չէր վերադառնու: Դանդաղել էր ադրբեջանցիների բնական աճը: Դա արդեն չէր կարող չանհանգստացնել Բաքվին: Էմիսարները սկսել էին ակտիվորեն գործե: 1988-ին Սիսիանի տարածքում արդեն մնացել էր զուտ ադրբեջանական 8 և խառը բնակչություն ունեցող 3 բնակավայր` 5169 ընդհանուր բնակչությամբ:
Զարմանալիորեն վերջին տարիներին նվազել էր նաև բնական աճը: Եթե, օրինակ, Սիսիանում միջին հաշվով 1987-ին բնակչության բնական աճը 1000 մարդու հաշվով կազմել է 18,4, ապա Աղիտուում 15,0, Արևիսում՝ 6,6, Սոֆուլուում՝ 1 %:
Սումգայիթյան ոճրգործությունից հետո, 1988-ի մարտից սկսվեց ադրբեջանցիների նոր արտահոսքը: Նոյեմբերի կեսերից հետո շրջանում իրավիճակը խիստ սրվեց: Շրջան էին գալիս փախստականների նոր խմբեր: Շրջանից հեռանում էին ադրբեջանցիները: 1988 թվականի նոյեմբերի վերջերին տեղում մնացել էին Որոտանի ադրբեջանցիները և մի քանի ընտանիքներ Աղիտուում, Արևիսում: Նրանց փոխադրումը կազմակերպելու նպատակով Նախիջևանի հատուկ տարածաշրջանի պարետ, հայտնի հայատյաց գեներալ-լեյտենանտ Մակաշովի հանձնարարությամբ, դեկտեմբերի 3-ին Սիսիան եկավ ոմն գեներալ Մամչենկո՝ մի խումբ զինվորականների հետ: Նա եղավ ադրբեջանական գյուղերում և վերադարձավ նույն օրը: Մակաշովին հասցագրված իր զեկուցագրի մեջ նա վերջում նշել էր հետևյալ խնդրները՝

  1. Շրջանում մնացած ադրբեջանցիների պաշտպանության կազմակերպում և նրանց փոխադրում,
  2. Դատարկ տների և նրանցում եղած իրերի պահպանություն:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, Սիսիան եկավ նույն ինքը՝ գեներալ-լեյտենանտ Մակաշովը: Շրջանի և իրավապահ մարմինների ղեկավարներին ահաբեկելուց հետո հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ից Սիսիանում մտցնում է պարետային ժամ: Նույն օրը շրջան մտան Նախիջևանի բանակային ստորաբաժանումները: Դա Սիսիանի պատ մության մեջ առաջին պարետային ժամն էր: Հիմնական նպատակը արդեն պարզ էր: Պետք է ապահովվեր գեներալ Մամչենկոյի զեկուցագրի վերջին 2 կետերի կատարումը: 1989-ի մարտի վերջերից պարետային ժամը հանվեց: Հանվեց, քանի որ բանակը արդեն համարյա կատարել էր իր առջև դրված խնդիրը:

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *