ՍԻՍԻԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԹԱՐՄ ՄՍԻ ՆՈՐ ՎԱՃԱՌԱԿԵՏ

Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում, որի նպատակը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը նպաստելն է, Սիսիանի համայնքապետարանի ջանքերով եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի աջակցությամբ Սիսիան քաղաքում բացվեց թարմ մսի նոր վաճառակետ, ինչի արդյունքում համայնքում վերջ կտրվի մսի` փողոցային առեւտրին եւ կնպաստի մսի շուկայի կայուն զարգացմանը:

Ողջունելով հյուրերին եւ ներկաներին` Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը իր ու համայնքի բնակչության անունից շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին այն բոլոր ծրագրերի համար, որոնք վերջին 3,5 տարվա ընթացքում իրականացվել են Սիսիանի համայնքում: «Երբ մեկ տարի առաջ դրվեց մսի` փողոցային առեւտուրը վերացնելու խնդիրը, մարզի` սննդի անվտանգության պետ պարոն Խաչատրյանի հետ քննարկեցինք հարցը եւ ժամանակ խնդրեցինք պայմանները ստեղծելուց հետո միայն ֆերմերներին արգելել մսի` փողոցային առեւտրի իրականացումը: Կային մարդիկ, որ դա չէին պատկերացնում, բայց այսօր այն իրականություն է»,- ասաց համայնքի ղեկավարը եւ հավելեց, որ մսի առեւտրի կետի ստեղծմամբ ոչ միայն գյուղացիները կկարողանան քաղաքակիրթ եղանակով իրականացնել իրենց արտադրանքի վաճառքը, այլեւ գնորդ համաքաղաքացիները կկարողանան միս գնել սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններն ու պահանջները բավարարող առեւտարակետից: Համայնքի ղեկավարը նշեց նաեւ, որ երբ Գետափնյա թաղամասում այս ծրագիրը հաջողի, աշխատանքներ կտանեն նույնանման վաճառքի կետեր ստեղծել նաեւ քաղաքի կենտրոնում եւ Գայի թաղամասում:

Շվեյցարիայի համադաշնության եւ համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալահվերդյանը, շնորհակալություն հյատնելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարություններին` ծրագրին ակտիվ մասնակցելու եւ սատարելու համար, մարզային, համայնքային իշխանություններին, սննդի անվտանգության պետական տեսչությանը եւ ծրագրի իրականացնող կազմակերպությանը` ՌԶԳ-ին, մսի վաճառքի կետի բացումը համարեց շատ խորհրդանշական, քանի որ երբ տարիներ առաջ գրոծակալությունը սկսել էր իր գործունեությունը, այն սկսել էր Սիսիանից, որն այնուհետեւ ընդլայնվել էր` տարածվելով Գորիսից մինչեւ Վայոց ձոր, ապա ընդգրկել Հայաստանի 6 մարզեր եւ 200 գյուղական բնակավայրեր: «Ծրագրի հիմնական նպատակն է խթանել գյուղական բնակչության եկամուտների աճին, ստեղծել նոր աշխատատեղեր եւ անասնապահության զարգացման շնորհիվ լավացնել բնակչության բարեկեցությունը»,- նշեց Զառա Ալահվերդյանը:

Իր ողջույնի եւ շնորհավորանքի խոսքում ՀՀ կառավարության ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ որեւէ կառույց, լինի պետական թե` հասարակական, միայնակ որեւէ արդյունքի չի հասնի: «Մենք այս տարիուկեսվա ընթացքում ցույց տվեցինք մեր հասարակությանը, որ երբ պետական վերահսկողությունը, պետական կառույցները համագործակցում են իրար եւ հասարակական սեկտրի հետ, ունենում ենք այսպիսի արդյունքներ: Սննդամթերքի անվտանգության տեսչության եւ անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման գործակալությանը` Սիսիանում մսի վաճառքի նոր կետի բացումն իրականություն դարձնելու համար եւ հավելեց, որ թեեւ սա մի փոքր քայլ էր սիսիանցիների համար, բայց բավականին մեծ քայլ էր ապագայում առողջ սերունդ ունենալու, մեր երեխաների եւ մեր առողջության պահպանման համար, քանի որ չի կարելի գնել սննդամթերք վատ պայմաններից, չի կարելի գնել վատ սննդամթերք, մի քանի դրամ էժան միս գնել, բայց վտանգել առողջությունը: «Մտածենք մեր առողջության մասին, եւ ոչ թե գնանք էժանի ետեւից, մտածենք մեր մասին, որովհետեւ երբ սկսում ենք խնայել, հետո սկսում ենք մեծ ծախսեր անել` մեր առոջությունը վերականգնելու համար»,- նշեց սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավարը:

Սիսիան համայնքում ծրագրեր ֆինասավորելու եւ իրականացված ծրագրերին աջակցելու համար Սիսիանի համայնքի ղեկավարի շնորհակալագրով պարգեւատրվեցին Շվեյցարիայի համադաշնության զարգացման եւ համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալահվերդյանը եւ «Ռազմավարական գարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը:

Համայնքային վաճառակետի գործարկումը կարեւոր քայլ է թե սպառողների, թե միս արտադրող ֆերմերների համար: Վաճառակետի առավելություններից մեկն այն է, որ այստեղ սպառողը, թարմ միսը ձեռք բերելով անմիջապես արտադրողից` ֆերմերից, ստանում է անհամեմատ որակյալ ծառայություն, քանի որ ապահովված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժասանիտարական անվտանգության եւ հիգիենիկ բոլոր չափորոշիչները: Ակնկալվում է, որ համայնքային վաճառակետը նաեւ կնպաստի գյուղական բնակավայրերում անասնապահության զարգացմանը՝ ապահովելով ֆերմերների համար համայնքում վաճառք իրականացնելու հնարավորություն եւ կայուն եկամուտ:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *