ՍԻՍԻԱՆՈՒՄ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԸ կամ` էլ դույլեր չեն դրվի կաթոցների տակ…

Սուբվենցիոն ծրագրով Սիսիանում փոխվում են 7 բազմաբնակարան շենքերի տանիքներ, որի նախահաշվային արժեքը կազմում է 113 միլիոն 812 հազար դրամ: Ծրագրի 45 %-ը (51 միլիոն 215 հազար դրամ)` համայնքային ներդրումն է, 55 %-ը` կառավարության: Աշխատանքներն իրականացնում է Նորոգշին (Նոր բակ) ընկերությունը:

Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Սիսիանում կա 86 բազմաբնակարան շենք, որից 70-ի տանիքը ենթակա է փոխման, բայց ծրագրում ներառված 7 շենքերը (Խանջյան 1ա, Ա. Մանուկյան 3, Սիսական 9, 11, 15, 19, 46) ընտրվել են ոչ թե պատահականության, կամ` իրենց սուբյեկտիվ ցանկությամբ, այլ հաշվի է առնվել այն հանգամանքը, թե որ շենքերից են ավելի շատ բողոքներ ստացվել, որ շենքերում է վիճակն ավելի անմխիթար, ու հատուկ այդ նպատակով կազմված հանձնախմբի ուսումնասիրության եւ եզրակացության արդյունքում էլ ընտրվել են շենքերը: «Օրինակ` Խանջյան 1 ա շենքի տանիքի տախտակամածի 30 %-ը փտել էր, բնակիչները վառելու նպատակով հանել-տարել էին հեծանները, եւ ամեն պահի ծածկը կարող էր նստել»,- ասում է Սիմոն Հովհաննիսյանը եւ հավելում, որ նույն սկզբունքով էլ ընտրվել են մյուս շենքերը:

Նորոգշին (Նոր բակ) ընկերության տնօրեն Սամսոն Մաթեւոսյանի խոսքով` աշխատանքները սկսել են օգոստոսի 8-ից, միաժամանակյա ընթանում են նշյալ բոլոր շենքերի տանիքների փոխումը: Ըստ տնօրենի` աշխատանքների գրեթե 80 %-ն արդեն արված է, ու կաշխատեն մինչեւ անձրեւների սկսվելը ավարտել այն:

«Սիսական փողոցի այս շենքերը կառուցվել են 60-ականների սկզբին եւ երբեւէ դրանց տանիքները չեն փոխվել: Մի կողմից` ժամանակը, մյուս կողմից` բնակիչներն իրենք, անտենաներ դնելով, ինքնագործունեություն անելով, շատ են վնասել այս շենքերի տանիքները, բայց հիմա շատ ուրախ են, որ էլ ստիպված չեն լինելու դույլեր ու ամաններ շարել կաթոցների տակ»,- ասում է Սամսոն Մաթեւոսյանը:

Սիսական 19/10 բնակարանի բնակիչ Մարիամ Ամիրյանը նշեց, որ 7 տարի է` ինչ ապրում է այս շենքում, ընդ որում` վերջին հարկում, եւ ամենաշատն իրենք են տուժում անձրեւից ու հալոցքից, իրենց միջոցներով ինչ-որ բան արել են, բայց խնդիրը չի լուծվել, հիմա շատ ուրախ է, եւ բոլոր բնակիչներն են ուրախ, որ ամբողջությամբ է փոխվում տանիքը, ինչի համար շնորհակալություն է հայտնում երկրի կառավարությանը, Սիսիանի համայնքի ղեկավարին, շինարարներին, որ լուծում են իրենց մշտապես հուզող եւ իրենց այդքան անհարմարություններ ու տհաճություններ պատճառած հարցը:

Խանջյան 1 ա բնակիչ Քաջիկ Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց շենքի տանիքի հարցը բազմիցս հենց ինքն է ներկայացրել ամենատարբեր ատյաններ, ընդհուպ` աշխատանքային այցով Սիսիան եկած երկրի նախորդ վարչապետերին, խոստացել են, նույնիսկ` գումար հատկացրել հատկապես իրենց շենքի տանիքը փոխելուն, բայց այդ գումարներով այլ շենքերի տանիքներ են փոխվել, իսկ իրենցը մնացել է: «Հիմա, վերջապես, այս խնդիրն էլ լուծվեց»,- ասաց Քաջիկ Խաչատրյանը եւ հավելեց, որ դրանով ոչ միայն իրենց, այլեւ` Սիսիանի համար մի շատ կարեւոր հարց լուծվեց, ինչը միայն ուրախացնող է: Քաջիկ Խաչատրյանը հավելեց նաեւ, որ եւ համայնքային իշխանությունները, եւ իրենք` բնակիչները պիտի հետամուտ լինեն, որ որեւէ մեկը անտենա կամ` իրեն անհրաժեշտ որեւէ այլ բան չտեղադրի տանիքին եւ չվնասի, իսկ տանիք տանող լյուկերը պիտի փակվեն, բանալին վստահվի միայն մեկին, որ ամեն ոք չբարձրանա այնտեղ եւ չփորձի ինքնագործունեություն անել:

Այս աշխատանքներին զուգահեռ, 12 միլիոն դրամ արժողությամբ, կառավարության մեկ այլ` հրատապ ծրագրով փոխվում է նաեւ Դուրյան 2 բազմաբնակարան շենքի տանիքը: Սուբվենցիոն ծրագրով` Դաստակերտ բնակավայրի` Ա. Ավետյան փողոցի 5 բազմաբնակարան շենքերի տանիքներ:

«Որոտան»

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *