ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ Հայքի թագավորության Սյունիքի նահանգի Ծղուկ գավառը, որը հիմնականում զբաղեցրել է ներկայիս Սիսիանի տարածաշրջանը, ունեցել է մեծաթիվ բնակավայրեր: Ըստ Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի` 13-14-րդ դարերում գավառի բնակավայրերի թիվը հասել է 75-ի: Սակայն այդ բնակավայրերի մեծ մասը կամ վերացել է պատմության ասպարեզից կամ էլ չի պահպանել իր պատմական-նախնական անվանումը: Այս առումով բացառություն չի կազմում նաև Սիսիան քաղաքը: Ըստ  պատմական հիշատակությունների, Սիսիանն ի սկզբանե մեզ է ներկայանում Սյունի անվամբ: Այդ բնակավայրը փռվել է ներկայիս պանրագործարանի հարակից բլրակի և դրա շրջակայքի վրա: Այն եղել է ժամանակի մարդաշատ, զարգացած և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը: Ստեփանոս Օրբելյանն այն անվանել է «Տուն արքունի և ապարանք իշխանանիստ»: Պատահական չէ, որ մինչև 2-3-րդ դարը  հանդիսացել է ոչ միայն Ծղուկ գավառի, այլև` ողջ Սյունյաց նահանգի վարչական և հոգևոր կենտրոնը: Քաղաքն ունեցել է իր շուկաները, արհեստանոցները, իջևանատները: Վերնախավն ապրել է միջնաբերդում, իսկ չքավորները` քաղաքի պարիսպներից դուրս` կազմելով արվարձանը: Այստեղ կա մի ամբողջական դամբարանադաշտ, որտեղ կատարվել են տարբեր պեղումներ: Հենց այտեղ էլ 1970 թվականին շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի մի եզակի դամբարան:

(Մասնագետների վկայությամբ այն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն: Դամբարանիգանձըպահվածէրթրծածկավովպատրաստվածսարկոֆագիմեջ (ոսկյազարդեր, գավազանիգլխիկ, 3 մատանիներ, ականջօղեր, կրծքազարդի 7 կախիչ: Հայտնաբերվել են նաև դաշույններ, նիզակի ծայրեր, դանակներ, նետասլաքներ, կավե անոթներ, ակեր, տղամարդու մի գլխիկ` պատրաստված կապարանման նյութից, տարբեր գույնի ու տեսակի մատանիներ և ակնաքարեր, ապակու խմորից պատրաստված մեծ թվով ուլունքներ, մետաղյա կոճակներ, զինվորի և արջի պատկերներով քարե կնիք, մեկ ոսկյա, 12 արծաթյա դրամներ): Ոսկեղենի մի մասն էլ, մինչև ոստիկանության հսկողության տակ վերցնելը, տարվել է բնակչության կողմից: Դամբարանի գանձերն այժմ գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում):

Սյունի ավանի տարածքում հաջորդ գանձը հայտնաբերվել է 1986 թվականին: Այն իրենից ներկայացնում է 1883 արծաթե տարբեր տեսակի դրամներից կազմված մի եզակի հավաքածու: Դրանք պահված էին կավե կարասի մեջ: Դրամագետների կարծիքով այն պատկանում է 6-9-րդ դարերին և բաղկացած է հիմնականում արաբական և սասանյան դրամներից:

Կան Սյունի անվան ծագումնաբանության մի քանի տեսակետներ: Այդ  անունը նախ կապվում է սյունիներ կամ սիսակյաններ նախարարական տոհմի անվան հետ:

Այն հին հայկական նախարարական ամենանշանավոր տոհմերից մեկն էր: Ըստ պամահայր Խորենացու, այդ տոհմը սերել է Սիսակ նահապետից և Սյունյաց աշխարհի  անունը կապել է Սիսակ նահապետի անվան հետ: «Սիսակը, (ըստ ավանդության՝ Հայկի թոռը, Գեղամի որդին, որը հորից ժառանգություն է ոտացել Գեղամա ծովից մինչև Երասխ ընկած երկրամասը) այստեղ բնակվելով, իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք»: (Ք-ն հին հայերենում հոգնակիի նշանակությամբ վերջածանցն է): Սյունին հանդիսացել է Սյունիքի կենտրոնը: Երկրամասի Սյունիք և Սիսական անվանումներն օգտագործվել են զուգահեռաբար: Եթե ասենք, օրինակ, Ստեփանոս Օրբելյանն իր պատմությունն անվանել է ,Սյունիքի  պատմությունե, ապա Ղևոնդ Ալիշանը՝ Սիսական»: Որ ինչպես Սյունի, այնպես էլ Սյունիք, Սիսական անվանումներն ունեն էթնիկական ծագում, հիմնավորվել են մի շարք հետազոտողների կողմից: Այս առումով արժեքավոր են մեր հայրենակից  աշխարհահռչակ և նշանավոր գիտնականներ Նիկողայոս Ադոնցի և Մորուս Հասրաթյանի տեսակետները: Նրանք Սյունի, Սիսական, Սյունիք անվանումները կապում են հյուսիսից լեռնաշխարհ թափացած Սակ, Սյունի-սիվի անունները կրող ցեղախմբերի անվանումների հետ: Նրանց կարծիքով ոչ միայն Սյունիքի, այլև մի շարք երկրամասերի աշխարհագրական անվանումներն առաջացել են տվյալ տարածքում ապրողցեղերի անուններից: Այս առումով Նիկողայոս Ադոնցը նշում է. «…Սյունիքը, իր բնակչությամբ փոքր-ինչ տարբերվում էր Հայաստանի կենտրոնական մասերից: Նրա ցեղային բացառիկությունը պահպանվում և թարմացվում էր մերձակա երկրներից   թափանցող գաղթականական հոսանքներով: Նրանց հետքերը պահպանվել են  աշխարհագրական անունների մեջ. այսպես՝  Բաղք, Սոթք, Աղահեճք, Գարգարացիք, Մուխանք տեղանունների էթնիկական ծագումը կասկածից դուրս է»: Բաղքը, Սոթքը և Աղահեճքը Սյունիքի նահանգի գավառներից էին:

Երկրամասի անվան յուրահատուկ տեսակետ է հայտնում գրող-պատմաբան թարգմանիչ ծննդով Կապանի Լեռնաձոր գյուղացի Սերգեյ Ումառյանը: Նա գրում  է. «…Սիսական անվան հիմքը նույնպես  սիս-ն է, ական հոգնակիով, որը նշանակում է  ծիսարան կամ զոհարան, և այն բնավ չի նշանակում շինծու սի և սակ ցեղերի  անունների գումարը: Ծես բառը սիս է արտասանվել Սյունիքի տեղաբնիկ հնագույն  հայկական ցեղերի հորջորջմամբ: Համոզված ենք, որ Սիսական անվան մյուս համազոր`  Սյունի անունը Սիսիան անվան կրճատ ձևն  է»: Այս տեսակետն, իհարկե, քչերի կողմից կարող է ընդունելի լինել:

Ամենավաղ դարերից Սիսիանը կոչվել է ինչպես Սյունի, այնպես էլ` Ծղուկ: Կան Ծղուկ անվան ծագումնաբանության մի քանի տեսակետներ: Սյունյաց տան պատմիչը գտնում  է. «Ծղուկ գավառն է՝ անվանված Ծղուկ գավառապետի (անունից)»: Սակայն ժամանակակից ուսումնասիրողները հայտնում են այլ կարծիք: Մորուս Հասրաթյանն, օրինակ, կարծում է, որ Ծղուկը եղել է Սյունիի ածական անունը, որը նշանակում է  բազուկ- բռունցք: Պատմաբան Թաթիկ Հակոբյանն անվանմանը տալիս է էթնիկական  ծագում. «Ծղուկ  տեղանունը Ս. Օրբելյանը բխեցնում է համանուն գավառապետի  անունից, որը հավանական չէ: Ենթադրվում է, որ այն ունի էթնիկական ծագում: …Սյունյաց իշխանների ոստանն այս գավառում գտնվելու շնորհիվ այն հաճախ կոչվում  էր Սյունիք կամ` Սիսական»:

Իսկ  Սերգեյ Ումառյանը Ծղուկին դարձյալ տալիս է ծիսական բովանդակություն, կարծելով, որ ,ծղ, ծաղ հիմքով դիցարանները կապված են եղել կրակի  պաշտամունքի հետե:

Հետագայում, սկսած 2-րդ, 3-րդ դարերից, Սյունին իր տեղը զիջել է Շաղատին: Եվ պատմական որոշակի ժամանակահատվածից Սյունի գյուղաքաղաքի անունը ոչ մի աղբյուրում չի նշվում: Այն չկա նաև Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից բերված Ծղուկ գավառի բնակավայրերի ցուցակի մեջ: Ըստ Մորուս Հասրաթյանի` Սյունին հավանաբար 7- րդ դարից կոչվել է Ույծ (զատ, անջատ): Հետաքրքիր է նշել, որ այդ ավերված գյուղաքաղաքի վրա մինչև 1826 թվականը Գյուլումփա անունով գյուղ է եղել:

Սյունի ավերված քաղաքին հետագայում տրվել է քաղաքատեղի` օտարահունչ` Շահարիստան անունը: Եվ արդեն նոր ժամանակներում բնակավայրը կոչվել է Ղարաքիլիսա: Ղարաքիլիսա օտար հնչողությամբ նշանակում է սև եկեղեցի, ղարա` սև, քիլիսա`  եկեղեցի: Հավանաբար այդ անունը բնակավայրը ստացել է սկսած 18-րդ դարից, երբ դեռևս 7-րդ դարում կառուցված եկեղեցու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել: Այս եկեղեցին միջնադարյան Հայաստանի պատմական հուշարձանների ցանկի գլուխգործոցներց մեկն է:

Բնակավայրը մինչև 1935 թվականը կրել է օտարահունչ Ղարաքիլիսա անունը: Նույն թվականին անվանափոխվել է և ստացել Սիսավան անունը: Իսկ 5 տարի հետո` 1940 թվականին Սիսիան գյուղը վերանվանվել է Հացավան, իսկ Սիսավանը` Սիսիան: Նիկողայոս Ադոնցը Սիսիան անվանը տալիս է հետևյալ բացատրությունը. «Պե՞տք է, արդյոք, ենթադրել, որ Սիսիանը Սիս/ակ/անի կամ Սիս/աջ/անի կրճատումն է, թ՞ե պետք  է ընդունել, որ այն կապված է նույն Սիս հիմքից, հոգնակիի նշան հանդիսացող ան-ի  օգնությամբ և համեմատության մեջ դնել այն արդի Սիսիանի հետ, որ Զանգեզուրի  գավառի՝  հին Սյունիքի մի մասն է, թեև Սիսիանը կարող է համարվել նաև Սիսականի կրճատձ ևը:

1930 թվականին, երբ հանրապետությունում գավառային բաժանումներին փոխարինելու եկան շրջանային բաժանումները, Ղարաքիլիսան դարձավ նորաստեղծ Սիսիանի շրջանի վարչական կենտրոնը: Սակայն լինելով վարչական կենտրոն այն մինչև 40-ական թվականների վերջերը համարյա թե ոչնչով չէր տարբերվում մնացած գյուղական բնակավայրերից. նույն կենցաղը, նույն` առանց ճարտարապետական լուծումների հիմնականում ցեխաշեն տները, ծուռումուռ ու փոշոտ փողոցները: Շրջկենտրոնն անցյալից վատ ժառանգություն էր ստացել:

Լուսանկար՝ «Սիսիան» 1931թ. Լուսանկարիչ` Գուրոս:

 

 

Լուսանկար՝ Ղարաքիլիսա 1930թթ.: Այժմ «Քառասուն աղբյուր» հուշարձանի տարածքը:

Շրջկենտրոնը ետպատերազմյան տարիներից սկսեց վերելք ապրել: Զարգացում ապրեցին մեր կենսագործունեության բոլոր բնագավառները:

Անճանաչելիորեն փոխվեց քաղաքի տեսքը: Շարք մտան ամբողջական նոր բնակելի թաղամասեր, վարչական, մշակութային, կրթական և այլ տեսակի ճարտարապետական հրաշալի տեսք ունեցող շենքեր ու շինություններ: Այն վերածվեց արդյունաբերական կենտրոնի: Մինչև 90-ական թվականների կեսերը այտեղ գործում էին շուրջ մեկ տասնյակ արդյունաբերական ձեռնարկություններ:

Շրջկենտրոնը կարճ ժամանակահատվածում դարձավ նաև շրջանի կրթական և մշակութային կենտրոնը: Առաջին գյուղերիտ դպրցը կազմակերպվել է այստեղ 1924 թվականին: Այն յոթնամյա դպրոց էր: Իսկ դարձյալ առաջին միջնակարգ դպրոցը բացվել է 1933 թվականին: Այսօր այստեղ գործում են 5 հանրակրթական, մեկական երաժշտական, գեղարվեստի, մարզական դպրոցներ, մեկ քոլեջ, ագրարային համալսարանի մասնաճյուղ: Գործում են նաև պատմության թանգարան, պատկերասրահ և այլ մշակութային օբյեկտներ:

Աճել է նաև բնակչությունը: 1831 թվականի մարդահամարով այտեղ բնակվում էր ընդամենը 116 մարդ, որոնց մի զգալի մասը եկել էր Պարսկաստանի Սալմաստ գավառից: Գաղթացներից որոշ ընտանիքներ հետագայում փոխադրվեցին լքված Բերդիկ գյուղ, որը ստացել էր օտարահունչ Ղալաջուղ անունը (ղալա` բերդ, ջուղ` գյուղ) և այն անվանեցին Երկրորդ Ղարաքիլիսա: Ներկայումս քաղաքն ունի շուրջ 14 հազար բնակիչ:

1974 թվականին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից ավանին շնորհվել է քաղաքի կոչում: Մինչև 1996 թվականը, մինչև Սյունյաց մարզի ձևավորումը, Սիսիանը մնում էր որպես շրջանային կենտրոն:

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

Պատմաբան

 

 

 

 

 

Մեկ Արձագանքման ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ համար

  1. Ասքանազյանների հետքեր փնտրելով՝ երկու դրվագով հանդիպել եմ, որ նրանց, առաջին դեպքում, ասքանազյանների գնդեր հեթիթներից բաժանելու նպատակով, Մեծամորում բնակվելու իրավունք մ․թ․ա․ 18–րդ դարում տվել է Անուշավան Սոսանվերը, իսկ վերջերս Հայ, Վիքիպեդիայի ԵՐՎԱՆԴՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ում տեսա, որ մ․թ․ա․ 6-րդ դարում Սյունիքում, ասքանազյաներին բնակության իրավունք է տվել Երվանդյան Տիգրանը, իսկ թե ովքեր էին ասքանազյանները, դրանք ՀԱՅԱ էթնոսի ավագ սերունդներն էին, թորգոմյանները՝ կրտսեր․․․ես ունեմ նաև այն կարծիքը, որ ասքանազյաները՝ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐՆ ԷԻՆ , և երվանդունիներ տերմինը հորիվածք է, նրանք փոխարինելու եկան Հայկյան Մանավազ-յաններին՝ տիրելով նրանց, այսպես ասած ԲիՀայնա – ուրարտական ժառանգությանը:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *