Սիսիանի գրադարանում ամփոփվեց «Կարդալ մինչեւ լուսին» ընթերցանության մրցույթը

Ութերորդ տարին անընդմեջ Սիսիանի քաղաքային գրադարանում անցկացվում է «Կարդալ մինչեւ լուսին» խորագրով ընթերցանության մրցույթը, որի նպատակը ընթերցողի եւ գրքի միջեւ սերտ համագործակցություն ստեղծելն ու երեխաներին գրադարանի եւ գրքերի հետ կապելն է: Մրցույթին մասնակցում են քաղաքի դպրոցների աշակերտները, ինչը ոգեւորիչ խթան է աշակերտ-դպրոց-գրադարան կապի սերտացման եւ համագործակցության համար:

Մինչ մրցույթի արդյունքներն ամփոփելն ու հաղթողներին իրենց վաստակած մրցանակները հանձնելը` մրցույթի կազմակերպիչները եւ մասնակիցները գրքի` երեխայի աշխարհայացքի ձեւավորմանն ու զարգացմանը նպաստող դերի մասին հայտնեցին կարեւոր, հետաքրքիր ու բովանդակալից բազմաթիվ կարծիքներ ու մտքեր, իսկ երաժշտական դպրոցի սաները ներկայացրեցին գեղեցիկ կատարումներ:

Սիսիանի մշակույթի կենտրոնի` գրադարանային գծով տնօրենի տեղակալ Հերմինե Հովակիմյանը նշեց, որ լավ գրքի հետ պատահական հանդիպումը կարող է փոխել մարդու ճակատագիրը, որ գրքերը երազանքեր են ծնում եւ կյանքի կոչում, եւ հարկավոր է ճանաչել գիրքը, քանի որ այն մարդու ամենահարուստ բարեկամն է ու կյանքի հավերժաման ուղեկիցը, ինչպես պատմահայր Խորենացին է ասել` իմաստության անսպառ աղբյուրը:

Սիսիանի ավագ դպրոցի աշակերտ Նաիրի Սահակյանը կարեւորեց աշակերտ-գրադարան կապը, հավելեց, որ գրադարանավարուհիները շփման հաճելի եւ ջերմ միջավայր են ստեղծել, եւ ինքը մեծ բավականությամբ է այցելում գրադարան ու գտնում իրեն անհրաժեշտ գրքերը:

Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նելլի Հովսեփյանը, հիշելով իր առաջին այցը գրադարան, նշեց, որ մինչեւ հիմա էլ հիշում է իր առաջին զգացողությունը` գրքերի բույրը: «Գիրքը ինձ համար բույր է, գիրքը ինձ համար խորք է, գիրքը ինձ համար տիեզերք է, աշխարհ է, դպրոց է, մարդիկ են»,- ասաց ուսուցչուհին` հավելելով, որ իրեն անչափ դուր է եկել վերջերս կարդացած` «մարդ պետք է ընթերցած լինի ընդամենը տասը գիրք, բայց` հազարավոր գրքեր ընթերցելուց հետո» միտքը եւ, չթերագնահատելով նոր ժամանակների ամենամեծ ձեռքբերումներից մեկի` ինտերնետի դերը, հորդորեց աշակերտներին չկտրվել գրքերի` տիեզերական անսահմանությունից, քանի որ ոչ մի տեխնիկա, ոչ մի գիտատեխնիկական առաջընթաց չի կարող փոխարինել գրքին

Ընթերցանության մրցույթի ամփոփմանը բավականին հետաքրքիր նախաձեռնությամբ էին ներկայացել Սիսիանի թիվ 2 դպրոցի աշակերտներն իրենց ուսուցչուհի Խոնարհ Գրիգորյանի հետ: «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի հերոսների կերպարը մարմնավորող աշակերտները եւ ուսուցուչուհին գրադարանի հեքիաթի սենյակին նվիրեցին հեքիաթի մոտիվներով պատրաստված քաղցր տնակը, իսկ Խոնարհ Գրիգորյանը հետաքրքիր պատմություններ պատմեց աշխարհի հեքիաթների պուրակի, հեքիաթների թեմաներով դրոշմանիշների եւ հեքիաթների թանգարնների մասին:

Ծնողները շնորհակալություն հայտնեցին գրադարանավարներին` իրենց երեխաներին եւ իրենց թոռներին գրքերի տիեզերական աշխարհին կապելու եւ նման եղանակներով գրքի նկատմամբ սերը մեծացնելու համար:

Ամփոփելով «Կարդալ մինչեւ լուսին» ընթերացանության մրցույթի արդյունքները, կազմակերպիչները նշեցին, որ բոլոր մասնակիցներն ինքնին արդեն հաղթող են, քանի որ կարդացել են բազմաթիվ գրքեր, բայց, ինչպես պահանջում է կարգը, պատվոգրեր հանձնեցին ամենաշատ գրքեր կարդացած երեխաներին եւ ամենակտիվ դպրոցներին:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանը շնորհակալություն հայտնեց թե ընթերցանության մրցույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին, թե դպրոցներին ու ծնողներին` արդյունավետ համագործակցության եւ երեխաներին գրքին ու գրադարանին կապելու շնորհակալ գործի համար:

«Որոտան»

2 մեկնաբանություն Սիսիանի գրադարանում ամփոփվեց «Կարդալ մինչեւ լուսին» ընթերցանության մրցույթը հոդվածին

  1. Շնորհակալ եմ գեղեցիկ և յուրահատուկ մեկնաբանության համար։

  2. Շնորհակալ եմ հավուր պատշաճի լուսաբանման համար։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *