ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԹՈՂ ԴԱՌՆԱ ԲՌՆԱԿՈԹԻ ՆՈՐ ԶԱՐԹՈՆՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Սիսիանի համայնքում իրականացվող սուբվենցիոն վեց ծրագրերից մեկով  բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ են իրականացվում Կարեն Դեմիրճյան անվան զբոսայգում (նախկին` Երեւանյան, որը սեփականատերը վերադարձրել է համայնքին) եւ Բռնակոթի կենտրոնական հրապարակում, որը, ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի` բռնակոթցի հերոսներ Լիպարիտ Իսրայելյանի եւ Սամսոն Մկրտումյանի, կոչվել է Հաղթանակի հրապարակ:

Հաղթանակի հրապարակը կառուցվել է 1988 թվականին (ճարտարապետ` Արեգ Իսրայելյան, քանդակագործ` Գետիկ Բաղդասրայնա), եւ, ինչպես հավաստիացնում են տեղացիները, եղել է շատ գեղեցիկ, սակայն տարիների ընթացքում կորցրել է իր բարեկարգ տեսքը, երբեւէ չի վերանորոգվել, դարձել է անշուք ու հերոսներին եւ հորոսներ ծնած գյուղին ոչ վայել տարածք, այն էլ` գյուղի կենտրոնում:

Մոտ 2450 մետր քառակուսի տարածք ընդգրկող հրապարակում կատարվում է 19 մլն. 850 հազար դրամի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանք: Աշխատանքներն իրականացնում է «Հիդրո» ՍՊԸ-ն:

«Հաղթանակի հրապարակը իր դիրքով, ճարտարապետական տեսքով, շրջակա հին ու նոր հուշարձաններով եւ հերոսական խորհրդով ինքնին շատ խորհրդանշական է հերոսներ եւ գիտնականներ ծնած Բռնակոթի պարագայում, ու բարեկարգվելուց եւ կանաչապատվելուց հետո այն թող դառնա Բռնակոթի նոր զարթոնքի եւ նոր վերածննդի նորովի խորհրդանիշ»,- ասում է Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ, ծննդով բռնակոթցի Սիմոն Հովհաննիսյանը:  

Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը նշում է, որ կանաչապատվելու է տարածքը, անցկացվելու է լուսավորություն եւ ոռոգման համակարգ, ամբողջությամբ փոխվելու են հրապարակի եզրաքարերը, կատարվելու է սալապատում, տեղադրվելու է 6 նոր աղբաման եւ 6 նոր նստարան, ու ոչ միայն վերականգնվելու է նրա երբեմնի գեղեցիկ տեսքը, այլեւ դառնալու է ավելի ժամանակակից ու հարմարավետ:

Բռնակոթի կառավարման ներկայացուցիչ Անդրանիկ Հարությունյանի խոսքով` հրապարակի բարեկարգման եւ կանաչապատման համար ուրախացել են բոլորը,  հատկապես` տարեցներն ու երեխաները, որովհտեւ հրապարակում հիմնականում նրանք են խաղում եւ հանգստանում:

Մեզ հետ զրույցում աշխղեկ Կամո Խառատյանը նշեց, որ աշխատանքի մեկնարկը տրվել է օգոստոսի 7-ին, ունեն մոտ երկու ամիս ժամանակ եւ հույս հայտնեց, որ կանեն ամեն ինչ` հոկտեմբերի 20-ին ավանդաբար նշվող Բռնակոթի տոնին բարեկարգ ու նորացված հրապարակ նվեր տալ գյուղին եւ գյուղացիներին: «Առայժմ կատարվում են հողային աշխատանքներ, հանվել եւ տեղափոխվել է 10 մեքենա աղբ, կտեղափոխենք եւս այդքան: Աշխատանքի ենք վրցրել հիմնականում տեղացիներին, վարպետները նույնպես կլինեն գյուղից… Իսկ աշխատանքի որակը երաշխավորում ենք»,- վստահաբար հավաստիացնում է Կամո Խառատյանը եւ հավելում նաեւ, որ այգու ծառերից մեկը, որը, ըստ նախագծի, ընկնում է ապագա մայթի վրա, եւ ենթական է հատման, իրենք չեն հատի, կպահպանեն, քանի որ մեծ ու սաղարթախիտ ծառը գեղեցկացնում է տարածքը:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *