ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԲՈՍԱՅԳԻ ՉԻ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ

Զրուցում ենք Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, 2019 թ.-ը մոտենում է ավարտին: Ինչպես ասում են` արածները եւ չարածները ի մի բերելու ժամանակն է:

– 2019 -ին մեր համայնքում կատարվեցին աննախադեպ ծավալի աշխատանքներ: Միայն սուբվենցիոն ծրագրով կատարվել է 1 միլիարդ, 5 միլիոն դրամի աշխատանք: Եթե դիտարկենք առանձին միավոր-օբյեկտներ, շինաշխատանքներ են իրականացվել 27 առանձին օբյեկտներում, որից 24-ում աշխատանքները 100 %-ով ավարտված են: Մյուս 3 ծրագրերը, (ասֆալտապատումը` եղանակային, Կարեն Դեմիրճյանի անվան զբոսայգու բարեկարգումը` տեղադրվելիք կարուսելների մատակարարման ուշացման, տեղափոխվում է Չինաստանից, Անգեղակոթի ոռոգման ցանցի` դարձյալ եղանակային պատճառներով), դեռեւս չեն ավարտվել, սակայն` ընթացքի մեջ են:

– Ինչո՞վ աչքի ընկավ 2019-ը Սիսիանի համայնքապետարանի ամենակարեւոր բաժիններից մեկի` քաղաքաշինության բաժնի համար, որը ղեկավարում եք Դուք:

-Մեր կատարած փաստացի աշխատանքներով: Բաժինն աշխատել է չափազանց ծանրաբեռնված, առանց հանգստյան օրերի: Սուբվենցիոն ծրագրերով ներկայացրել ենք 6 հայտ, որի մեջ ընդգրկվել է 27 առանձին փաթեթ: Տրվել է միայն 54 շինթույլտվություն: Նման ծավալի աշխատանք Սիսիանի համայնքում երբեւէ չի կատարվել: Հավելեմ, որ մարզում ամենամեծ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են Սիսիանի համայնքում թե´ գումարային առումով, թե´ օբյեկտների քանակով:

-Իրականացված ծրագրերից ո՞րն եք առավելապես կարեւորում:

-Բոլորն էլ: Ցանկացած ծրագրի մասին խոսելիս կարող եմ ապացուցել եւ համոզել բոլորին, որ դա ամենակարեւորն էր: Օրինակ` բազմաբնակարան շենքերի տանիքները: Սիսիանում ունենք 86 բազմաբնակարան շենք, որից 65-ն էլ ահավոր վիճակում են, եւ 65-ն էլ կապիտալ նորոգման կարիք ունեն, եւ եթե կարճ ժամանակում չկարողանանք դրանք փոխել, մի քանի տարի հետ շատ լուրջ խնդիր է առաջանալու: Տանիքների փոխումը սկսել ենք ամենաանմխիթարներից, եւ նախատեսել ենք տարեկան փոխել, գոնե, 10 բազմաբնակարանի տանիք: Պարզապես պիտի կարողանանք առաջնային խնդիրը տարանջատել երկրորդականից: Օրինակ` Խանջյան 1-ի ա-ի տանիքի նորոգման աշխատանքը կազմել է 30 մլն դրամ: Գայի թաղամասի բնակիչը միգուցե չգիտի, չի տեսնում, որ այնտեղ նման ծավալի աշխատանք է կատրվել: Մենք կարող էինք այդքան գումարով, ասենք, նախկին «Որոտան» կինոթատրոնի հրապարակը եւ հարակից շրջակայքը բարեկարգել, ինչն ավելի տեսանելի է, եւ ավելի շատ մարդ կտեսներ ու կգնահատեր մեզ, բայց, կարծում եմ, այդ մոտեցումը սխալ կլիներ: Կամ` անգեղակոթցին խմելու եւ ոռոգման ջուր չունենար, բայց մենք ասֆալտեինք մի բազմաբնակարան շենքի բակային հատված: Թեպետ բոլոր խնդիրներն էլ կարեւոր են, բայց մենք առաջնորդվել ենք առաջնայինը երկրորդայինից տարբերակելու մոտեցմամբ, ինչն ավելի ճիշտ է:

Կարեւոր են ինչպես զբոսայգիների եւ հրապարակների, փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը, այնպես էլ լուսավորության, ոռոգման եւ խմելու ջրագծերի անցկացումը: Սիսիանում վերջին 20 տարում որեւէ զբոսայգի չի բարեկարգվել, վերջին տարում Սիսիանում եւ գյուղական բնակավայրերում տեղադրվել է այնքան լուսավորման կետ, որքան չի տեղադրվել նախորդ բոլոր տարիներին միասին վերցրած:

– Սուբվենցիոն ծրագրերի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ իրականացվում է ՀՀ կառավարություն – համայնք համաֆինանսավորմամբ, ինչը նշանակում է որոշակի տոկոսով համայնքային ներդրում: Ինչպե՞ս է լուծվել համայնքային ներդրման խնդիրը:

-Ինչպես նշեցի` Սիսիանի համայնքում կատարվել է 1 միլիարդ 5 միլիոն դրամի սուբվենցիոն աշխատանք, որից համայնքային ներդրումը կազմել է մոտ 400 միլիոն դրամ, ինչը բավականին մեծ թիվ է Սիսիանի նման քիչ ռեսուրսներ ունեցող համայնքի համար: Բայց մենք կարողացել ենք համայնքային ներդրումն ապահովել մեր խնայողություններով, համայնքի բյուջեն ճիշտ ծախսելով, ուռճացված հաստիքներ չպահելով, ծանոթ-բարեկամով գործի չընդունելով, բյուջեի` եկամտային մասի ավելացմամբ, համայնքի` գյուղնշանակության հողերը եւ արոտները վարձակալության տալով, ինչը նախկինում չի եղել: Սեփական եկամուտներն ապահովելով կարողացել ենք լուծել համայնքային ներդրման խնդիրը:

– Տարիներ շարունակ, համայնքի բյուջեն լցնելու պատրվակով, անխնա օտարվել եւ փոշիացվել է համայնքային սեփականությունը, բայց համայնքային բյուջեն, Դանայան տակառի նման, այդպես էլ չի լցվել` լուծում չտալով նաեւ համայնքային խնդիրներին:

-Ինքս համամիտ չեմ այն մտքին, որ համայնքային բյուջեն հնարավոր է լցնել համայնքային սեփականությունն օտարելով: Օտարումներից ստացված ամենամեծ գումարը թող կազմի, ասենք, 4-5 միլիոն դրամ: Եթե տարվա մեջ կազմակերպում ենք 20 միավոր հողերի աճուրդ, միջինացված թվերով մեկ հողի կադաստրային արժեքը կազմում է մոտ 300 հազար դրամ: Այս պարագայում հողերի օտարումից ստացված գումարը, ինչքան էլ ուզենանք, 10 միլիոն դրամից չի անցնի, եւ այն պատրվակը, որ ինչ- որ բան օտարելով կարող ես համայնքում գործ անել, Սիսիանում իրատեսական չեմ համարում եւ արդարացված չէ: Հետագայում` միգուցե…

– Ի տարբերության համայնքային սեփականության օտարումների, այս տարի Կարեն Դեմիրճյանի անվան (նախկին` Երեւանյան) զբոսայգու մի հատվածը վերադարձվել է համայնքին, ինչն աննախադեպ երեւույթ է, որը սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում է: Ինչպե՞ս է դա հնարավոր դարձել, եւ նման հավանականություններ էլի՞ կան, օրինակ, ասենք, նախկին Մանկական զբոսայգին…

-Եթե տարածքի վարձակալը մեկ կամ` երկու հոգի է, հեշտ է հարցը լուծել` մեկ կամ երկու սեփականատիրոջ հետ աշխատանք տանելով, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան զբոսայգու պարագայում էր, բայց նախկին Մանկական զբոսայգու դեպքում հարցը շատ բարդ է, խճողված, քանի որ ունի մոտ 10 վարձակալ, այս մարդիկ միմյանց միջեւ առք ու վաճառք են կատարել, վերավաճառել իրար, տվել ենթավարձակալության, եւ բարեխիղճ գնորդը մեղավոր չէ, որ ինչ- որ մեկից, օրինակ, 10 հազար դոլարով տարածք է գնել: Համայնքային բյուջեով հնարավոր չէ ետ գնել այդ տարածքը եւ զբոսայգին վերադարձնել համայնքին…

-Հնարավոր չէ՞ այն համայնքային գերակա շահ ճանաչել եւ դատարանով վերադարձնել:

-Մտածում ենք` հասկանալ, թե ինչքան գումարի մասին է խոսքը, միգուցե ինչ -որ քայլեր կձեռնարկենք:

-Եթե վարձակալները չեն կատարել պայմանագրի պահանջները, իսկ իրականում չեն կատարել, դա հիմք չէ՞ միակողմանի լուծել պայմանագիրը եւ համայնքային նախկին սեփականությունը կրկին դարձնել համայնքային:

-Հնարավոր է, բայց պետք է անել այնպես, որ չվնասենք բարեխիղճ գնորդին:

– Պարոն Հովհաննիսյան, առավելապես որո՞նք կառանձնացնեք կատարված ծրագրերից, որ էականորեն փոխել են համայնքի բնակչի տրամադրությունը, բարելավել նրա կյանքի որակը:

– Առաջինը, որքան էլ զարմանալի թվա, Կարեն Դեմիրճյանի անվան զբոսայգու բարեկարգումը: Այս պահին անգամ, երբ ընթանում են աշխատանքները, արդեն բնակիչների շարժը կա, աշխուժությունը, մարդկանց հետաքրքվածությունը դա է վկայում: Ամենաշատ գովեստի խոսքեր ինքս ստացել եմ այս այգու բարեկարգման աշխատանքները կատարելու ընթացքում:

Մյուսը` Անգեղակոթ բնակավայրի խմելու եւ ոռոգման ջրի ցանցի անցկացումն է: Ամենամեծ կասկածը եւ մտահոգությունը, որ ունեցել եմ, կապված է եղել այս ծրագրի հետ: Երկար տարիներ չեն պատկերացրել, որ բարդ ռիելեֆ ունեցող այդ հատվածով հնարավոր է ջրագիծ անցկացվել: Տեղեր կան` ոչ միայն տեխնիկայով, անգամ` ձեռքով, հնարավոր չէր խողովակներ տանել, տեղափոխել ենք գրաստներով: Կառուցվում է 5,6 կմ երկարությամբ ջրագիծ, որից 4,5-ը այս պահի դրությամբ արդեն արված է: Ջուրը ջրագիծ բաց թողնելու համար մնում է մոտ 10-15 օրվա աշխատանք, ինչը կարվի գարնանը:

-Եկող տարի նույնպես շարունակվելու են համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, ինպե՞ս եք նախապատրաստվում դրան եւ ի՞նչ առաջնահերթ ծրագրեր եք ներկայացնելու:

– Եկող տարի էլ կներկայացնենք գրեթե նույնատիպ ծրագրեր` 12 բազմաբնակարան շենքի տանիքների փոխում, լուսավորություն` քաղաքում եւ գյուղական բնակավայրերում, Սիսիանի 2 եւ Շամբ, Նորավան, Որոտնավան բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգում, 450 մլն դրամ արժողությամբ, որը գումարային առումով մեր ամենամեծ ծրագիրն է, կկատարվեն մոտ 4 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Կկատարվեն նաեւ վարչական շենքերի վերանորոգման աշխատանքներ:

-Գետափնյա թաղամասի այսպես ասած ռմբակոծված փողոցները այս տարի է՞լ են դուրս մնում:

-Դա այլ խնդիր է: Գետափնյա թաղամասի ողջ տարածքում իրականացվելու է 1 միլիարդ 500 միլիոն դրամի ծրագիր, որով փոխվելու է խմելու ջրի եւ կոյուղագծերի ողջ ցանցը` գերմանական «KAFW» բանկի ֆինանսավորմամբ: Սրա մեջ մտնում է նաեւ Դարբասի խմելու ջրի, Շաքեի պատաժից Աշոտավան, Հացավան, Թասիկ նոր ջրագծի անցկացումը; Ծրագիրը հաստատվել է, մրցույթում շահել է իրանական մի կազմակերպություն, բայց, քանի որ Իրանի նկատմամբ սանկցիաներ կան կիրառված, եվրոպական կողմը չի ցանկացել ֆինանսավորել իրանական կազմակերպությանը, մրցույթը չեղարկվել է, նոր մրցույթ կհայտարարվի, եւ, ամենայն հավանականությամբ, եկող տարի կսկսվեն այդ աշխատանքները: Եւ Ձեր նշած փողոցների բարեկարգումն ու ասֆալտումը կարող ենք իրականացնել ջրագծերի անցկացման ավարտից հետո միայն: Բայց մինչ այդ ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի եւ համայնքի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել 250 միլիոն դրամ արժողությամբ տեխնիկա, որով կիրականացնենք ընթացիկ վերանորոգման եւ սպասարկման աշխատանքները:

– Ի՞նչ հարցեր կային, որ չուղղեցի Ձեզ: Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

-27 ծրագրից 25-ն ավարտելը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է թե´ մեզ, թե´ համայնքի, թե´ նրա բնակչի համար: Բայց, ինչպես ասում են, բավարար չէ, որովհետեւ յուրաքանչյուրը ցանկանում է առաջնահերթ լուծված տեսնել իր խնդիրը: Եթե մի գյուղում մի ծրագիր ես իրականացնում, կողքի գյուղից, փոքր երեխայի նման, նեղանում են, թե` բա մե՞նք… Իրենք, իհարկե, մեղավոր չեն… Բայց հնարավոր չէ անտեսել սահմանամերձ մի գյուղի խնդիր, որտեղ շահառուները քիչ են, ավելի քիչ մարդ կտեսնի ու կգնահատի մեր աշխատանքը, ու բերել հրապարակի շատրվանը կառուցել` բոլորին զարմացնելու համար, որ գործ ենք անում ու մեր մասին դրական կարծիք ձեւավորվի, ճիշտ չի լինի: Մեր բնակիչների մեջ պիտի մի պարզ բան փոխվի` մենք մեկ համայնք ենք:

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

 

Մեկ Արձագանքման ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԶԲՈՍԱՅԳԻ ՉԻ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ համար

  1. Սոնա says:

    Ուզում եմ հիշեցնեմ պարոն Հովհաննիսյանին, որ Ադոնցի փողոցը վերջին անգամ ասֆալտապատվել է 80-ականների սկզբին և ոչ մի անգամ գոնե մասնակի վերանորոգում չի կատարվել. քայլելն անհնար է, երբ պիտի լուծում տրվի այս հարցին.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *