ՏՈ´ՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԲՌՆԱԿՈ´Թ…

Վերջին տարիներին, ազգային եւ պետական տոների շարքում, մեզանում նշվում են նաեւ համայնքային տոները` համայնքի օրը, ինչը շատ համայնքներում դարձել է ավանդական:

Վեցերորոդ տարին անընդմեջ հեկտեմբերի 20-ին Բռնակոթում նշվում է համայնքի օրը, տոն, ինչը առթի է դառնում ոչ միայն համախմբելու տարբեր վայրերում ապրող բռնակոթցիներին, այլեւ` ներկայացնելու տարվա ընթացքում համայնքում կատարված աշխատանքները, խնդիրները եւ վաղվա անելիքները:

Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հուշարձաններին ծաղիկներ դնելուց հետո համայնքային իշխանության ներկայացուցիչները, շարքային բռնակոթցիները, հյուրերը գյուղի մշակույթի տանը ներկա գտնվեցին դպրոցի եւ համայնքապետարանի աշխատակիցների ուժերով կազմակերպված հանդիսավոր տոնակատարությանը:

Բոլոր ելույթներում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ Բռնակոթը հերոսներ եւ գիտնականներ ծնած գյուղ է, որ տվել է այնքան գիտնական եւ հերոս, որքան չի տվել անգամ որեւէ մարզ կամ` շրջան, եւ բոլորը պատիվ համարեցին մեծանուն Նիկիողայոս Ադոնցի, Որոտան գետի վրա կառուցված` Թանգու կամրջի հեղինակ Մելիք-Թանգու, Ատրպատականի հայոց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Ներսես Արքեպիսկոսպոս Թանգյանի, Հայրենական պատերազմի հերոսներ Սամսոն Մկրտումյանի, Լիպարիտ Իսրայելյանի եւ մեր ժամանակների մյուս նշանավոր գիտնականների ու հերոսների համագյուղացին ու հայրենակիցը լինելը, ինչը, հպարտությունից բացի, նաեւ` պարտավորեցնող է:

Շնորհավորելով Բռնակոթի տոնը` դպրոցի կազմակերպիչ Դոնարա Ասրյանը նշեց, որ աշխարհում քիչ գյուղեր կան, որ ունեն սեփական դիմագիծը, ունեն սեփական ստորագրությունը, ինչպիսին Բռնակոթն է: «Երիտասարդ բռնակոթցին կենսախինդ է, տարեցը` խոսքաշեն, հյուրսեր ու հայերնասեր, ալեւորը` իմաստուն»,- ասաց Դոնարա Ասրյանը եւ հավելեց, որ Բռնակոթում միշտ էլ հարգի է եղել գիրն ու ուսումը, ինչի մասին վկայում է 140-ամյա դպրոցը, ինչի մասին վկայում են 4 տասնյակից ավելի գիտականները` Ադոնցի փառապսակ գլխավորությամբ, ով իր գյուղը, իր հայրենիքը, իր ծննդավայրը ներկայացրել է աշխարհին որպես հպարտության անցաթուղթ:

Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը, ներկաներին փոխանցելով համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորանքը գյուղի տոնի առթիվ, նշեց, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բռնակոթը շուտով կունենա բարեկարգ եւ լիովին ձեւափոխված հրապարակ եւ նորակառույց ջրագիծ: Շնորհակալություն հայտնեց բոլոր բռնակոթցիներին, որ աշխարհի որ անկյունում էլ լինեն, չեն մոռանում իրենց գյուղը, եւ փորձում են նպաստել հարազատ գյուղի զարգացմանը:

Բռնակոթի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանը, շնորհավորելով վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրեր հասած Բռնակոթին` նորօրյա տոնի առթիվ, նշեց, որ բոլոր բռնակոթցիները, աշխարհի որ ծագում էլ լինեն, այս օրը, յուրաքանչյուրը յուրովի, նշում է այս տոնը եւ հավերժ փառաբանում իր ծննդավայրը:

Հիշելով պատմության մեջ հերոսացած նշանավոր բռնակոթցիներին եւ խոնարհվելով նրանց ավանդի առջեւ, Անդրանիկ Հարությունյանը նշեց, որ այդ հերոսական սերնդին փոխարինելու եկած նոր սերունդը ջանում է ետ չմնալ ավագներից եւ իր լուման է դնում հայրենի գյուղի շենացմանն ու բարօրությանը: Համայնքի վարչական ղեկավարը նշեց, որ սուբվենցիոն ծրագրով իրականացվող` հրապարակի կառուցմանը եւ նոր ջրագծի անցկացմանը զուգահեռ հայրենի գյուղին օգնում են նաեւ արտերկրում ապրող բռնակոթցիները: Իր եւ համագյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց Արգամ Արշակյանին, ում կողմից գյուղին նվիրված տրանսպորտային միջոցով դպրոց ու մանկապարտեզ են տեղափոխվում դպրոցականներն ու մանկապարտեզի սաները: Շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Արման Շահգալդյանին, ում նվիրատվությամբ նախօրեին գյուղամիջում կանգառի նոր տաղավար է տեղադրվել: Շնորհակալություն հայտնելով` միաժամանակ հորդորեց համագյուղացիներին պահել եւ պահպանել ստեղծածը, քանի որ դա արվել է գյուղի եւ գյուղացիների համար:

Բռնակոթցիների տոնը առավել գեղեցիկ եւ հիշարժան դարձրեցին դպրոցի աշակերտների պատրաստած հումորային ծրագիրը, մանկապարտզի սաների գեղեցիկ կատարումները եւ Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի տան ժողգործինքերի համույթի կատարած ժողովրդական երգերի շարանը:

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *