ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆԱԵՎ ՄԱՅԹԵՐ ԿՈՒՆԵՆԱՆ

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Սիսիան քաղաքի Մյասնիկյան-Արամ Մանուկյան-Շահումյան փողոցներում կատարվում են կապիտալ վերանորգման աշխատանքներ, որն իրականացնում է «Հիդրո» ՍՊ ընկերությունը: Ծրագրի պայմանագրային արժեքը 127, 200 հազար դրամ է: (Համայնքային ներդրում` 45 %, սուբվենցիա` 55%):

Ինչպես նշեց ծրագրի տեխնիկական վերահսկիչ Ռենիկ Ամիրխանյանը, այս փողոցներում չկար ջրահեռացման համակարգ, առուները, որ պատրաստված էին եզրաքարերից, փոքր էին, մակերեսային, ինչի պատճառով, հատկապես` անձրեւների եւ հեղեղումների ժամանակ, հաճախակի էին հեղեղվում` ողողելով նաեւ հարակից տներն ու այգիները: Ռենիկ Ամիրխանյանը նշեց, որ կատարվում է 900 մետր կապիտալ ասֆալտապատում եւ բարեկարգում, տեղադրվում են 750 մետր վաքեր: Կվերականգնվեն, եզրաքարերով կառնձնացվեն եւ կասֆալտապատվեն նախկինում միայն անունով գոյություն ունեցող մայթերը, ինչպես նաեւ բնակիչների տների մուտքերը, կկատարվի 1300 գծամետր եզրաքարերի շարվածք: Փողոցներում կատարվելու են հարթեցման աշխատանքներ, փռվելու է 4 սմ հաստությամբ ասֆալտե ծածկ:

Տեխնիկական վերահսկիչը նշեց, որ նախկինում բնակիչներն իրենց այգիներն ու բանջարանոցները ոռոգում էին` առվի դեմը փակելով եւ ջրի մակարդակը բարձրացնելով, իսկ հիմա վաքերից խողովկաներ կանցկացվեն բնակիչների տնամերձեր` նրանց ինքնագործունեությունից զերծ պահելու նպատակով:

«Իրենց կատարած գործի կարեւորությունը լավ են գիտակցում Կարոն, Արայիկը, Վաղինակը եւ աշխատում են նվիրված` սահմանված ժամկետում իրենց վստահված աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- նշեց Ռենիկ Ամիրխանյանը:

Զրույցին միջամտեց Շահումյան փողոցի թիվ 8 տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանը, եւ, գոհունակություն հայտնելով Սիսիանում նման ծավալի աշխատանքներ կատարելու համար, միաժամանակ իր մտահոգությունը հայտնեց, որ եթե չբարեկարգվի եւ չասֆալտապատվի խաչմերուկից վերեւ ընկած հատվածը, որտեղից սկսվում է Շահումյան փողոցը, ու եթե չլուծվի հենց խաչմերուկի վրա գտնվող հաճախակի խցանվող կոյուղատարի հարցը, կատարված ասֆալտը շատ արագ շարքից դուրս է գալու: «Փողոցի բնակիչները շատ են դիմել համապատասխան մարմիններին, եկել են-խցանումները բացել, բայց հարջորդ օրը այն կրկին խցանվել է` ողողելով փողոցը»,- ասաց Գագիկ Հովհաննիսյանը:

«Հիդրո» ՍՊ ընկերութան աշխատակիցը նշեց, որ կոյուղագծի խցանումների պատճառը կոյուղատարի ծածկի կափարիչի` փողոցի մակարդակից ցածր լինելն է, բայց փողոցի բարեկարգման եւ ասֆալտապատման ժամանակ այն բարձրացվելու է եւ հասցվելու փողոցի մակարդակին, ինչի արդյունքում կկանխվեն նաեւ խցանումները:

«Որոտան»

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *