ՓՈՔՐԻԿ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՏՈՆԸ

Սիսիանի թիվ 3 մանկապարտեզի նախակրթարանի 25 սաների տարեվերջյան հանդեսն էր, որին լրջորեն էին նախապատրաստվել ոչ միայն խմբի պատասխանատուները, այլեւ երեխաները, ովքեր ջանում էին իրենց ծնողներին, տատիկներին, քույրիկներին ներկայացնել տարվա ընթացքում սովորածը, աչքի ընկնել իրենց երգ ու պարով, արտասանությամբ եւ արժանանալ հանդեսին ներկա գտնվողների հիացմունքին ու ծափերին: Երեխաները խոստովանեցին, որ մի քանի ամսվա ընթացքում սովորել են ոչ միայն տառերը, այլեւ կարող են նախադասություններ կազմել, հասկացել են` որն է բարին, որը` չարը, իմացել, որ գրքերի ուժը իրենց միշտ կպահի լույսի մեջ: Երեխաները իրենց սովորած բանաստեղծություններով հավաստեցին, որ արդեն մեծ են, հիմա նապաստակն ու գնադկը չեն լինելու իրենց խաղընկերը, այլեւ` գիրքն ու պայուսակը, եւ անհամբերությամբ են սպասելու սեպտեմբերի 1-ին, որպեսզի դպրոցում էլ նոր ընկերներին եւ ուսուցիչներին ցույց տան նախակրթարանում իրենց սովորածը: Երեխաներն անկեղծացան, որ երբ առաջին անգամ ոտք են դրել մանկապարտեզի նախակրթական խումբ, հուզվել են, անգամ` արտասվել, հիմա էլ են հուզվում, բայց

սա այլ հուզմունք է, հուզվում են, որ հրաժեշտ են տալու իրենց սիրելի դաստիարակին, խմբասենյակին, դահլիճին: Ու թեեւ հուզված են, բայց այս հանդեսը իրենց փոքրիկ կյանքի ամենամեծ տոնն է:

Սիսիանի թիվ 3 նախակրթարանի տնօրեն Էմմա Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց խմբի երեխաների հետ աշխատանք տարած բոլոր անձանց, գտնելով, որ սա խմբային, թիմային աշխատանք է, եւ միայն անմնացորդ նվիրված ու սրտացավ աշխատանքի դեպքում է հնարավոր այդքան կարճ ժամանակում հասնել նման արդյունքի: Շնորհակալություն հայտնեց ծնողներին` այդքան լավ երեխաներ դաստիարակելու եւ իրենց նախակրթարան բերելու համար: «Մեր մանկապարտեզի 42 -րդ եւ նախակրթարանի 2-րդ սերունդն ենք ճանապարհում դպրոց: Ցանկանում եմ, որ այս երեխաները արժանապատիվ քաղաքացիներ դառնան մեր

հասարակության, լավ զավակներ` իրենց ծնողների եւ պիտանի մարդ` մեր ժողովրդի համար»,- ասաց նախակրթարանի տնօրեն Էմմա Հովսփեյանը եւ շնորհակալություն հայտնեց նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին` նախակրթարանի խումբը մանկապարտեզի մյուս խմբերից չառանձնացնելու, նրանց սննդի եւ այլ ծախսերը նույնպես համայնքային բյուջեից հոգալու համար, հավաստիացումով, որ այն կլինի շարունակական: Էմմա Հովսեփյանը նշեց, որ նախակրթարան են հաճախում նաեւ քաղաքին մոտ գտնվող գյուղական բնակավայրերից: «Մեր աշխատանքի ծավալը մեծացել է, ավելացել է պատասխանատվությունը, բայց մենք շարունակում ենք նույն սիրով եւ հաճույքով աշխատել երեխաների հետ»- հավաստիացրեց նախակրթարանի տնօրենը:

Իրենց երեխաների հետ նման ջանադիր եւ հոգատար աշխատանք տանելու համար ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Իսկուհի Բալյանը, ի մասնավորի նշելով, որ միայն սիրով եւ նվիրված աշխատանքի դեպքում է հնարավոր հասնել նման արդյունքի:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *