ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ` ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ…

Չգիտեմ` մեր տոնացույցում քաղաքացու` նորաստեղծ օրը կկարողանա՞ ամրագրել իր ապրելու իրավունքը, բայց քաղաքացու օրվան նվիրված` Սիսիանի համայնքապետարանի կազմակերպած միջոցառումները լուսաբանելու նպատակով քաղաքի կենտրոնական հրապարակ գնալու ճանապարհին մտովի անընդհատ կրկնում էի Մայակովսկու հայտնի տողերի` իմ իմպրովիզացիան` կարդացեք, նախանձեցեք, ես քաղաքացին եմ Հայաստանի Հանրապետության ու մտածում, որ, հավանաբար, այդպես էլ կվերնագրեմ իմ գրելիք հոդվածը: Բայց… բայց հրապարակում միայն համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցներն էին` ներկայացնելու տոնի համար իրենց նախապատրաստած գեղարվեստական համարները, շախմատի դպրոցի բակում սաները բացօթյա շախմատ էին խաղում, գեղարվեստի դպրոցի տարածքում, նկարակալների մոտ նստած, փոքրիկ նկարիչներն էին իրենց գույներն ու երազանքները թղթին հանձնում, երաժշտական դպրոցի պատի տակ փոքրիկների երգչախումբն էր զվարթ նոտաներ հնչեցնում, «Սյուն» գրախանութի բակում երեխաները ասֆալտին ծաղիկներ էին նկարում, Ազատամարտի հրապարակ տանող փողոցում կոմունալ տնտեսության աշխատակիցները դույլերով ջրում էին նոր տնկած 50 տնկիները, հրապարակում բարձրախոսից հնչում էր հայրենասիրական երգ, մի քանի ոստիկան պահպանում էին որեւէ խախտում չարձանագրած օրվա կարգ ու կանոնը, եւ Սիսակ Նահապետի անվան հրապարակում Նարեկ Խաչատրյանը իր բարի, բարի ժպիտով սպասարկում էր երջանիկ երախաներին` նրանց նստեցնելով մանկական խաղալիք-մեքենաները… Նարեկը եռագույն էր ներկել իր աղավնիներին եւ ասում էր, որ ցանկացել է այս օրը մի քիչ տարբերվի մնացած օրերից, այս օրը իր աղավնիներին եռագույն է ներկել, որ խաղաղության սիմվոլները զարդարեն նաեւ քաղաքացու տոնը, եւ կարմիր-կապույտ-ծիրանագույնով ու սիրով լցվեն նաեւ մարդկանց հոգիները… Երբ հարցրեցի, թե ինչով է բացատրում մեր քաղաքացիների պասիվությունը եւ քաղաքացու տոնին չմասնակցելը, Նարեկը տվեց օրվա` ինձ համար ամենահետաքրքիր մեկնաբանությունը, ասելով` մի քանի օր առաջ` ապրլիլի 24-ին, այս հրապարակը մարդկային ծով էր, որ գնում էր իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, այսօր տոն է, բայց մարդ չկա, եւ դա շատ վատ է: Եթե մեզ քաղաքացի ու տեր զգայինք մեր երկրին, հաստատ եղեռն չէր լինի:  

Մանկական մեքենաներով երթեւեկող երեխաների աշխույժն էր հրապարակին ջերմություն ու ժպիտ պարգեւել, ցայտաղբյուրները ջրի շիթեր էին շաղ տալիս շուրջբոլորը, եւ կարծես ամեն ինչ լավ էր… Չէր երեւում միայն… քաղաքացին: Չկային նաեւ նրանք, որ ամեն օր ֆեյսբուքներով կուրծք են ծեծում` նոր Հայաստանին իրենց հավատարմության մասին, որ ամեն օր գոռում-գոչում են, թե իրենք կրողն ու տանողն են հետհեղափոխական Հայաստանի ծանր բեռը, որ իրենք առաջին եւ միակ…քայլողն են եղել Սիսիանում… բայց ներկա չէին իմաստավորելու եւ տեր լինելու «իրենց կերտած» նոր Հայաստանում առաջին անգամ նշվող առաջին տոնին… Երեկոյան հրավառությանն ու դիսկոտեկի՞ն գուցե մասնակցեն…

Իր խանութի մոտ մեկին շնորհավորեցի օրվա աթիվ, ասաց` քեզանից չէի սպասում, մեկ ուրիշն ասաց` վայ, տեղյակ չէ, որ քաղաքացու օր է, մի կին, ընդունելով իմ բարի լույսը, աճապարեց ասել, որ հողամաս է գնում, հազիվ եղանակը լավ է, կարտոֆիլը պիտի ցանել, համայնքապետարանի մշակույթի բաժնի աշխատակցուհին իմ շնորհավորանքին շնորհավորանքով պատասխանեց, իսկ մի քանի հոգի հրաժարվեցին խոսել օրվա խորհրդի մասին, ասելով` ժամանակը ցույց կտա… Մեկն էլ ասաց, որ դեռեւս ցածր է մեր բնակչության քաղաքացիական գիտակցությունը, շատերը տեղյակ չեն, որ տոն է, բայց ոչինչ, այն կամաց-կամաց կարմատավորվի, երբ որ բնակիչը կամաց-կամաց քաղաքացի կդառնա, իսկ դա երկար, դժվարին ու բարդ ճանապարհ է…

Կապ չունի, որ օրվա իմ ռեպորտաժը այնքան էլ ծավալուն ու հագեցած չստացվեց, կապ չունի, որ տխրեցի` իմ վաղեմի ընկերոջ` ինձանից շնորհավորանք չսպասելու համար, կապ չունի` ով է հիասթափվել քաղաքացու օր ունենալուց, ով` խանդավառվել: Մի օր պիտի՞ սկսվի պետականություն ունեցող երկրի` քաղաքացի լինելու ընկալումը, գիտակցումը, կարեւորումը, արժեւորումը, որն էլ կամաց-կամաց կդառնա կենսակերպ… Այս խոհերով տարված` մտովի փայփայեցի այն երազանքը, որ գալու է այն նվիրական օրը, երբ շատ-շատերը իմպրովիզ կանեն Մայակոսվսկու հայտնի խոսքերը ու ամենայն հավատով եւ հպարտությամբ կասեն` կարդացեք, նախանձեցեք, ես քաղաքացին եմ Հայաստանի Հանրապետության…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ` ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ… համար

  1. Шноракал ем вор гнаатум ек гехецикн у барин . Амен инч гехецик е нердашнакцутиан меч. Ес патвавор кахакацин ем Аиастани Анрапетутиан.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *