ԱԴՈՆՑՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ- 140


1977 թ.-ից մայիսի 18-ը հռչակվել է թանգարանների միջազգային օր: Այդ օրվան է առնչվում նաեւ Եվրախորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Թանգարանների գիշեր» ակցիան, որին մասնակցում է աշխարհի ավելի քան 40 երկիր: Մեր երկիրը ակցիային միացել է 2005 թ.-ին: Իսկ ահա Սիսիանի` Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանում այն նշվում է 2007 թ.-ից: Հենց այդ թվականին էլ թանգարանն արժանացել է Ֆրանսիայի կապի եւ մշակույթի նախարարության շնորհակալագրի:

Այդ օրը թանգարաններ այցելություններն անվճար է:
Թե որն է նման ակցիա կազմակերպելու նպատակը, Սիսիանի` Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը մի քանի բացատրություն է տալիս, ասելով, որ միշտ չէ, որ հանրությունը հնարավորություն ունի թանգարաններ ու ցուցասրահներ այցելել անվաճար, բոլորը չէ, որ կարող են այցելել անվճար, մյուս կողմից` առօրյա վազքը, աշխատանքը, ծանրաբեռնվածությունը, խնդիրները այնքան են «կլանում» մարդկանց, որ նմանատիպ ակցիան իր հնչողությամբ հուշում է` «ոչ միայն հացիվ»: Սակայն ակցիայի կարեւորագույն նպատակներից առաջինը եւ խորքայինը անցյալի ժռանգությունից չկտրվելն է եւ մշակութային ժառանգությունը փոխանցելու գիտակցման ամրապնդումը: Ահա ինչու, ինչպես հավաստում է թանգարանի տնօրենը, պատահական չէր, որ ակցիան այս տարի կրում էր «Գրավոր հիշողություն» խորագիրը, որը նույնն է ակցիայի մասնակից բոլոր երկրների համար: «Նկատի ունենալով, որ 2012 թ.-ին Երեւանը հռչակված է համաշխարհային գրքի մայրաքաղաք եւ պիտի նշվի նաեւ հայ տպագրության 500 ամյակը, ակցիայի խորագիրը մեզ մոտ մի քիչ փոխվեց` «Գրավոր ժառանգություն», իսկ քանի որ այս տարին հայտարարված է Ադոնցյան, մեր գրավոր ժառանգությունը նվիրեցինք Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140 ամյակին, ում անունով է կոչվում նաեւ մեր թանգարանը: Ադոնցին քիչ են ծանոթ, քիչ են կարդում, բայց, գոնե, այս տեսակ շփումով, նրա մասին ավելի հաճախ խոսելով, նրա գրավոր ժառանգության նմուշների եւ լուսանկարների ցուցադրումով փորձում ենք Ադոնցի մեծության գիտակցումը սերմանել հանրության մեջ եւ նրա հայրենակիցը լինելու հպարտության զգացումն արթնացնել, որովհետեւ Ադոնցը ճակատագրի արքայական պարգեւն է մեր ազգին»:
«Թանգարանների գիշերը» թեեւ հագեցած էր միջոցառումների բազմազանությամբ, բայց օրը, ինչպես եւ տարին, ինչպես եւ տրամադրությունը, ընկալումը, գիտակցումը Ադոնցյան էր: Ուխտի էր նման այցը դեպի Ադոնցյան սկիզբը` դեպի Բռնակոթ: Մասնակիցները եղան այն տանը, որտեղ ծնվել է Ն. Ադոնցը, տեսան, շոշափեցին այն իրերն ու առարկաները, որոնք առ այսօր պահպանվում են իրենց նախնական ու նախաստեղծ տեսքով, թեեւ` խնամքի ու վերանորոգման կարոտ, հաղորդակից եղան այն մեծ ոգեղենությանը, որն առ այսօր ապրում է տոհմական տան կիսավեր կամարի ներքո, շփվեցին այն մարդկանց հետ, կիսեցին այն աղն ու հացը, ըմպեցին այն գինին, որ ավանդաբար, սերնդե սերունդ, հյուրընկալության ու հյուրասիրության հնավանդ կարգով առ այսօր էլ պահպանում են Ադոնցյան տոհմի ժառանգները` նույն տանը, նույն տարածքում:
Ադոնցյան տարվա, Ադոնցյան ոգու, Ադոնցի ժառանգության ընկալման մի յուրօրինակ ծես էր այցը Բռնակոթի եկեղեցի, որն ուղղակի կապ ունի Ն. Ադոնցի հետ: Ուխտագնացության կազմակերպիչն ու ղեկավարը` Ծ. Պետրոսյանը, եկեղեցու ներսում ուխտի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն սյանը, որի վրա փորագրված է նաեւ Ադոնց տոհմի նախահոր` Ադդիի անունը, ով, ի թիվս այլոց, Տաթեւի վանքում կառուցել են Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Անժխտելի, անառարկելի, ինքն իրենով խոսուն մի վավերագիր, որ…հռչակավոր Ադոնցները արմատով, ծագումով, սերումով բռնակոթցի են, եւ` ոչ այլ կերպ, ինչը փորձում են ներկայացնել ոմանք:
Եկեղեցու բակում Ն. Ադոնցի հոր` հոգեւորական Գեւորգի տապանաքարն է: Հեղվեց գինին տապանաքարին, խոսվեց այն օրինաչափության մասին, որ այս տեսակ տոհմը պիտի որ ծներ հայոց ճակատագրի իր արքայական մեծությանը` Նիկողայոս Ադոնցին: «Մենք ցանկացանք անպայմանորեն Ադոնցյան ժառանգության ուխտին մասնակից դարձնել նաեւ Բռնակոթի համայնքային իշխանությանը, դպրոցի ուսուցիչներին, պարզ մարդկանց` մեկ անգամ եւս շեշտելու պատմական Սյունիքի կյանքում Բռնակոթի` հզոր եւ եզակի բնակավայր լինելու մասին, ասել, որ Ադոնցի ժառանգներն այնքան են գնահատել, գիտակցել նրա մեծությունը, որ կարողացել են պահպանել Ադոնցյան` հայաստանյան մասունքները»:
Իսկ երբ խոսվեց տոհմական տունը տուն-թանգարան դարձնելու անհրաժեշտության մասին, համայնքի ղեկավարը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են:
Մոմ վառվեց եկեղեցում Ադոնցի հոգու համար, մոմեր վառվեցին թանգարանի բակում: Թանգարանի տնօրեն Ծ. Պետրոսյանը մեծ փափագ ուներ Բռնակոթի եկեղեցում հոգեհանգստյան կարգ պատվիրել Ադոնցի հոգու խաղաղության համար, քանի որ նրա գերեզմանի ստույգ տեղը հայտնի չէ, եւ նրա թափառ ու անհանգիստ հոգին դեռ փնտրում է իր խաղաղ հանգրվանը: Պարտք է: Հոգու եւ գիտակցության պարտք: Գուցե մի օր դա էլ իրականություն դառնա: Հոգու եւ գիտակցության պարտք է նաեւ Ադոնցի ժառանգությունը հանրության սեփականությունը դարձնելը, ինչին որ լրջորեն նախապատրաստվում են` Սիսիանում Ադոնցի 140 ամյակիին նվիրված գիտաժողով կազմակերպելու: Բայց այն հսկա գիտական, մշակութային ժառանգությունը, որ թողել է Ն. Ադոնցը, նրա համար ե՛ւ հուշաքար է, ե՛ւ` հուշարձան: Նրա հավերժումի խորհրդանիշն է, որ նրա անունով է կոչվում Սիսիանի պատմության թանգարանը, իսկ թանգարանի բակում հպարտ ու արծվենի հայացքով դեպի հեռուները նայող հայոց գիտության արքան ինքն իրենով արդեն հուշարձան-ժառանգություն է` որպես ճակատագրի արքայակն պարգեւ մեր ազգին, մեզ, Սիսիանին, Բռնակոթին, սերունդներին:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *