ԱԴՈՆՑ ԳԵՎՈՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԶԱՎԱԿԸ

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ 140


Այս տարի լրանում է աշխարհահռչակ գիտնական, մեր հայրենակից Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140 ամյակը: Այդ հոբելյանի կապակցությամբ է մեր հարցազրույցը  պատմաբան Հենզել Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկողայոս  Ադոնցին` որպես պատմաբանի:
–  Նա հայտնի է որպես  պատմաբան, բյուզանդագետ եւ բանասեր: Այդ ամենն ընդհանրացնլով` ես կասեի, որ նա խոշոր հայագետ է: Հետաքրքիրն այն է, որ հայագիտությունը 19-րդ դարում առավել զարգացում էր ապրել արտասահմանում, քան` հենց բուն  Հայաստանում: Նկատի ունեմ Վենետիկը, Մոսկվան, Պետերբուրգը եւ այլ վայրեր: Պատմական մի ժամանակահատվածում Պետերբուրգում հայագիտության դրոշակակիրը Մառն էր: Նրա աշակերտներից ոմանք, մասնավորապես` Նիկողայոս Ադոնցը, կարճ ժամանակամիջոցում դարձան աշխարհին առավել ճանաչելի գիտնական-հայագետներ: Առավել զարգացում սկսեցին գտնել հայագիտության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են, առաջին հերթին, պատմությունը, լեզվագիտությունը, ազգագրությունը եւ այլն:
– Ադոնցի ո՞ր աշխատություններն եք համարում առավել արժեքավոր:
– Նա շուրջ 120 արժեքավոր հետազոտությունների հեղինակ է, եւ  բոլորն էլ իրենցից պատմական մեծ արժեք  ներկայացնող գործեր են: Կարելի է առանձնացնել  մասնավորապես «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», «Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները» աշխատությունները: Առաջինը  եզակի ուսումնասիրություն է Հայաստանը Հուստինիանոս կայսեր օրոք, որը նրա մագիստրոսական դիսերտացիան է եւ պաշտպանել է Պետերբուրգի համալսարանում, իսկ երկրորդի համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի եւ ստացել պրոֆեսորի կոչում: Նա նախաձեռնել էր գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, սակայն, դժբախտաբար,  լույս տեսավ միայն հնագույն շրջանին վերաբերող առաջին հատորը:
-Ադոնցի նշանավոր շատ աշխատություններ նախ տպագրվել են ոչ թե հայերեն, այլ` օտար լեզուներով: Ինչո՞ւ է այդպես եղել:
-Իսկապես դա այդպես է: Վերը նշված երկու աշխատությունները տպագրվել են ռուսերեն, երրորդը` ֆրանսերեն: Դրանք հետագայում, արդեն մեր ժամանակներում միայն, թարգմանվել են հայերեն: Թե ինչու է այդպես եղել, դրա պատասխանը մենք հանդիպում ենք հայ մեծանուն պատմաբան Լեոյի մոտ: Նա ցավով է նշում, որ  հայերի համար չեն գրվել այդ աշխատությունները, այլ`գիտական հիմնարկությունների եւ գիտական աշխարհի: Աշխարհին ներկայանալու մեկ այլ արդյունավետ ձեւ չի էլ եղել: Թերեւս կարելի է առանձնացնել  Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, ով  տպագրում էր հայերեն, եւ այդ գործերը  հասանելի էին դառնում հայ մարդուն: Որոշ չափով հայերեն տպագրություն իրականացվում էր նաեւ Մոսկվայի  Լազարյան ճեմարանում:
– Ադոնց տոհմը Բռնակոթ գյուղի նշանավոր տոհմերից մեկն է: Ի՞նչ կասեք այդ տոհմի մասին:
-Իսկապես` նշանավոր է, նշանավոր է մասնավորապես գիտության ոլորտում ունեցած իր անվանի մարդկանցով: Եթե շուրջ 70 տոհմ ունեցող գյուղը տվել է գիտության` 80-ից  ավելի դոկտորներ եւ գիտության թեկնածուներ, ապա տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում Ադոնցներն են: Նրանց, կարծում եմ, շատերն են ճանաչում. դոկտոր-պրոֆեսորներ` Հրանտ Ադոնց, Մուշեղ Ադոնց, դոկտոր` Կարեն Ադոնց, գիտության թեկնածուներ` Գալինա Ադոնց, Վալենտինա Ադոնց, Կարինե Ադոնց: Այդ տոհմից էր Սիսիանի առաջին հեղկոմի նախագահ  Թովմաս Ադոնցը: Այդ տոհմն են ներկայացնում նշանավոր տնտեսական եւ դիվանագիտական գործիչներ Ռոլանդ Ադոնցն ու Ավետ Ադոնցը:
– Ինչո՞ւ` Ադոնց: Ի՞նչ ծագում ունի այդ ազգանունը:
– Այդ հարցի պատասխանը տալիս է հենց ինքը`  Նիկողայոս Ադոնցը: Նա գրել է, որ Տաթեւի վանքի Հովակիմ եպիսկոպոսի խորհրդով (Հովակիմ եպիսկոպոսը ծագումով անգեղակոթցի էր) մի քանի բռնակոթցիներ իրենց միջոցներով 1787 թվականին Տաթեւի վանքում գտնվող Գրիգոր Տաթեւացու  գերեզմանի վրա կառուցել են  դամբարան, իսկ դամբարանի վրա փորագրված է բոլոր նրանց անունները, ովքեր մասնակցել են դրա կառուցմանը: Նրանց թվում է եղել նաեւ Ադդեին:  Նրանից սերածները հետագայում նրա անունով կոչվել են Ադոնցներ: Ադին Ադդեհի կրճատ ձեւն է համարում Ադոնցը եւ շարունակում, որ Ադդեհը նախահայրն է այն տոհմի, որ կոչվում է Ադոնց:
– Տոհմը կոչվել է նաեւ Տեր-Ավետիսյան: Դա՞ որտեղից է գալիս:
– Այո, կոչվել է: Նիկողայոս Ադոնցի իսկական ազգանունը Տեր-Ավետիսյան է, որը գալիս է  իր ապուպապից` Դավիթ-Բեկի հռչակավոր զորավար Տեր-Ավետիսից: Վերջինիս  հայրը` վարդապետ Ասատուրը, Սերո Խանզադյանի վկայությամբ, թաղված է Կրոյի գերեզմանատանը: Տապանաքարի վրա գրված է միայն մահվան տարեթիվը` 1705թ.: Ըստ եղած սկզբնաղբյուրների, Տեր- Ավետիսը եղել է Հալիձորի  Մելիք-Փարսադանի փեսան: «Դավիթ Բեկ կամ պատմություն Ղափանցոց»` Ղուկաս Սեբաստացու աշխատության մեջ նշված է, որ  1720-ական թվականների ազգային-ազատագրական պայքարին Տեր-Ավետիսի զորաբանակը բաղկացած է եղել 468 մարդուց: Նա աչքի է ընկել Զեւա բերդի գրավման, Հալիձորի` 1727 թվականի ճակատամարտի ժամանակ: Նա Մխրթար Սպարապետի հետ թուրքերից ազատագրել է Մեղրին, Օրդուբադը,  Ագուլիսը:
– Կարող ենք ասել, փաստորեն, որ Տեր-Ավետիսը նրա ապուպա՞պն է:
– Ըստ Բռնակոթի նախկին ակումբավար Արամայիս Սահակյանի  կազմած տոհմածառի` Նիկողայոս Ադոնցը Տեր-Ավետիսի թոռան թոռն է. Տեր-Ավետիս-Աղաբեկ-Խաչատուր-Ադի (կամ` Ադդեի)-Առաքել-Գեւորգ-Նիկողայոս:
Նրա պապը` Առաքելը, մի քանի զավակ է ունեցել: Նրանցից Հովհաննեսը  կրել է բարոնի կոչում եւ հայտնի մարդ է եղել տարածաշրջանում: Նրա կողմից 1861 թվականին կառուցված տան առաջին հարկը կանգուն է մինչեւ օրս, երկրորդ հարկը փլվել է 1931 թվականի երկրաշարժի ժամանակ: Մուտքի դարպասի սալաքարի վրա գրված է .2011_43
Այս տանն է ծնվել Նիկողայոս Ադոնցը: Կարծում եմ`  ճիշտ կլիներ, պատշաճ կլիներ, եւ` անհրաժեշտ, որ այն վերաշինվեր եւ վերածվեր մեծ գիտնականի տուն-թանգարանի:
Մեծ հարգանք է վայելել նրա հայրը` Գեւորգը: Նրա  հեղինակությունն այնքան մեծ է եղել, որ  թաղվել է հենց գյուղի եկեղեցու մուտքի առջեւ, որի տապանաքարի վրա գրված է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԱԴՈՆՑ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՔԵԼԻ ծն. 1842թ. Վ. 1912թ. հիշ. Ադոնց  ԴՅԱՆՅԱՅԻՑ»:
Ադոնցն արդեն 41 տարեկան էր, երբ մահացավ հայրը: Նա եկավ գյուղ, մասնակցեց 70-ամյա հոր թաղման արարողությանը: Տարեցները վկայում են, որ Գեւորգ Ադոնցին  եկեղեցու բակում թաղելը հարգանքի տուրք էր ոչ միայն հանգուցյալին, այլ նաեւ` որդուն` Նիկողայոսին, որն արդեն դարձել էր ողջ գյուղի պարծանքը: Ադոնցը վերջին անգամ գյուղ է եկել 1916 թվականին, իսկ 1920-ին արդեն անցել է Եվրոպա, սկզբում ապրել Լոնդոնում, Փարիզում, իսկ 1931-ից մինչեւ իր կյանքի վերջը` 1942 թվականի հունվարը, ապրել է Բրյուսելում: Եղել է Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր:
-Պարո՛ն Առաքելյան, հայտնի է, որ Նիկողայոս Ադոնցի արձանը Սիսիան քաղաքում կանգնեցվել է Ձեր նախաձեռնությամբ եւ առաջարկությամբ, երբ Դուք Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարն էիք: Արձանի բացումն, իհարկե, ավելի ուշ կատարվեց` 1991 թ.-ին, երբ ադեն իշխանափոխություն էր կատարվել, բայց, միեւնույն է, այն մնում է կապված Ձեր անվան հետ: Ինչո՞ւ` Ադոնց: Այդ տարիների հերոսները այլ ոլորտներից էին:
– Ազգային զարթոնքի շրջան էր: Շատերն  առաջարկում էին Անդրանիկի կամ Նժդեհի արձանները: Ես պնդեցի իմը: Գիտեի, որ նրանց արձանները, հուշարձանները, ինչ էլ լինի, մի օր կերտվելու էին: ( Այդպես էլ եղավ: Երկուսի արձանները Սիսիանում եւ Անգեղակոթում արդեն դրված են): Հարկավոր էր ունենալ գիտնականի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ցանկալի էր` հայրենակցի, ինչի պակաս, փառք աստծո, չունեինք: Այս նախաձեռնությամբ եւ հատկապես` Ադոնցի արձանը կանգնեցնելու քայլով նպատակ ունեինք ասել, որ մտքի եւ գիտության հերոսները նույնպես մեր ազգի համար միեւնույն նվիրական գործն են արել: Ադոնցը` առավել եւս: Եվ այն կառուցվեց: Հեղինակը մեր հայրենակից նշանավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է: Արձանի 2011_44ճարտարապետական մասը նախագծել է այն ժամանակվա` Երեւանի գլխավոր ճարտարապետ  Ռոմեո Ջուլհակյանը:
Արձանին հարակից նախկին հացի փուռն էլ, համահունչ զանգեզուրյան ճարտարապետական ավանդույթներին, վերակառուցվեց որպես Սիսիանի պատմության թանգարան եւ 1990 թ.-ի մարտի 7-ին բացեց իր դռները: Իսկ Սիսիանի քաղխորհրդի գործկոմի` 1989 թ-ի նոյեմբերի 28-ի նիստի թիվ 11 արձանագրությամբ այն արդեն անվանակոչվել էր Նիկողայոս Ադոնցի անվամբ:
Ադոնցը մեր հպարտությունն է: Պետք է Ադոնց կարդալ` նրան լավ ճանաչելու եւ ըստ արժանվույն ներկայացնել կարողանալու  համար: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ գոնե պետք է իմանա, թե ինչ հսկայական բացահայտում է նա կատարել հայոց պատմագիտության մեջ` ընդունված ավանդական պատմագրությունը ետ տանելով ավելի քան մեկ հազարամյակ, մեր ազգին վերադարձնելով եւս մեկ հազարամյակի կորսված ժամանակագրություն:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *