ԱԴՈՆՑ. ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ- 140


2011թ. փետրվարին  լրացավ Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140 ամյակը` հայազգի մեծ բյուզանդագետ-արևելագետի, համաշխարհային ճանաչում գտած հայ գիտնական-մտավորականի: Ցավալի է, բայց  շատ  երկար ժամանակ, խորհրդային տարիներին` հատկապես, արևելահայությանը  հանիրավի զրկել էին  Ադոնցի հետ  առնչվելուց` նրա հսկա գիտական  ժառանգության և մեր սերնդի  միջև կառուցելով մի անհաղթահարելի պատնեշ: Մեր` Ադոնց չիմանալուց Ադոնցի մեծությունը բնավ  չի նվազել, այդ մենք ենք  մնացել ավելի տկար և թերի:  Իր երկրի նկատմամբ տածած բուռն սիրով ապրող և աշխատող գիտնական-հայրենասեր էր Նիկողայոս Ադոնցը,  մեր օրերում էլ ճիշտ ապրելու, Հայրենիքին, նրա բարեկեցությանը, ազգին ծառայելու լավագույն  օրինակ:
Հպարտություն և երջանկություն է նրա հայրենակիցը լինելը, նրա հող ու ջրի մարդ կոչվելը: Սիսիանը մեր օրերում շատ բան ունի հիշելու, պայծառ պահելու մեծ գիտնականի անունն ու հիշատակը:
Եվ առաջինը` նրա հայրենի Բռնակոթ գյուղն է: Սակավ կլինի  այն մարդկանց թիվը Հայաստանում, որոնք  լսած չլինեն Սյունիքի  պատմական Բռնակոթ գյուղի մասին: Այս գյուղում է ծնվել Նիկողայոս Գևորգի Տեր-Ավետիքյանը / Ադոնց/, 1871թ. հունվարի10-ին /22-ին/*: Նշանավոր տոհմերի ժառանգ էր նա և իր մեջ կրում էր Դավիթ-Բեկի նվիրյալ զինվոր-քահանա Տեր-Ավետիքից և Օրբելյան տոհմի շառավիղ Ռուստամ բեկից մնացած ամեն  հանճարեղը և   պատվախնդրությունը` հատկապես:2011_59
Տառաճանաչ է  դարձել եկեղեցուն կից  գործող ծխական  դպրոցում: Մեր օրերում էլ Բռնակոթի  կենտրոնում  կանգուն է  սբ. Գրիգոր բազիլիկ եկեղեցին, որին ծառայել  են Ադոնցի պապը` տեր Առաքելը, նաև  հայրը` տեր Գևորգը: Եկեղեցու ներսի կենտրոնական, պատուհանահայաց սյուներից մեկի  վրա փորոգրված են այն բռնակոթցիների անունները, որոնց հանգանակած գումարով 1787թ. մատուռ-դամբարան է կառուցվել Տաթևի վանքում ամփոփված  Գրիգոր Տաթևացու շիրիմի վրա: Նրանց թվում  է նաև «Ավետիսի որդի ԱԴԴԻ» անունը, որը և նախահայրն է, ըստ` Ադոնցի փաստման, Ադդոնց տոհմի, որը դեռ 1600-ական թ.թ.  հաստատվել է Բռնակոթում: Հայտնի է, որ միմյանց քավոր-սանիկ լինելով, Ադոնցները Բռնակոթում բնակություն են հաստատել Մելիք-Սաֆրազբեկյանների հետ միաժամանակ, երբ Անգեղակոթը, կորցնելով իր փայլը, գյուղաքաղաքի իր  կոչումն ու փառքը  զիջել էր Բռնակոթին: Պատահականություն  չէ նաև այն, որ Տաթևի վանքի արքեպիսկոպոս Հովասափ Անգեղակոթցին հենց Անգեղակոթից այստեղ տեղափոխված Սաֆրազբեկյանների  վրա է հենվել` Բռնակոթում նախաձեռնելով Տաթևացու գերեզմանին շիրիմ դնելու դրամահավաքը:
Բռնակոթի  եկեղեցու բակում է թաղվել Ադոնցի հայրը, Գևորգ Տեր-Առաքելյանը, որի վրա նրա  կինը` Դանան /Դանա Ռոստոմբեկյան/  համեստ մի շիրմաքար է դրել: Քարի վրա փորագրված են անուն-ազգանունը, ծննդյան և մահվան տարեթվերը` 1842-1912, դարձերեսին` եկեղեցու գմբեթի և խաչի քանդակներ են դրված` կնիքը գիտնականի հոր` քահանա և հավատացյալ լինելու մասին: Ադոնցը, որը 1912-ին Ն.Մառի արշավախմբում մասնակցում  էր  հայոց Անի մայրաքաղաքի պեղումներին, եկել էր Բռնակոթ և ներկա  գտնվել հոր թաղման արարողությանը:
Եկեղեցուց  ոչ շատ հեռու գտնվում է այն տունը, ուր ծնվել է Ադոնցը: Թեև այն վթարային վիճակում է, բայց իր մեջ ունի այնպիսի  հզոր ու դրական լիցքեր, ինչպիսիք  պահում են սրբազան վայրերը: 1970-ական թթ.-ին, երբ տան տերերը որոշել էին  որոշ ամրակայման աշխատնքներ կատարել, Սիսիանից Բռնակոթ էր հասել մեր նշանավոր հայրենակից, պետերբուրգաբնակ նկարիչ Զաքար Խաչատրյանը և կանխել նման միջամտությունը: Նրան վիրավորել էր նաև այն, որ տան ներկայիս տերերը կցակառույց էին ավելացրել հին տան արևելյան կողմում. դա բարձր տանիք ունեցաղ մարագ է, որը աղավաղում էր հին, ազնվական տան  տեսքը: Ժամանակին եկեղեցուց  տեսանելի էր գյուղի քահանայի տունը, ինչպես և հարկ էր, որ լինի…
Հավանաբար, Զ. Խաչատրյանը նաև  տունը մասնագետ-ճարտարապետների  ձեռքով վերականգնելու խոստում էր տվել, ինչի մասին տանտերերը դեռ հիշում են, ինչը, սակայն դեռ  որպես խոստում է մնում… Կարծում եմ, որ Տաթևացու շիրիմին մատուռ կառուցած պատվախնդիր բռնակոթցին պարտավոր է պահել իր մեծ համագյուղացու տունը` ինչպես հարկն է:
Ադոնցի հայրական  տունը ունի հետևյալ արձանագրությունը` «Այս է տունն սունեաց բռնակոթցի բարոն Հովհաննէս Առաքելեան Տեր Աիէտիսյանցի: 1861»: Վերջինիս մեջ զետեղված «Բարոն» բառը հուշում է, որ այն կառուցողը նաև ունևոր է եղել: Տան ներկայիս տերերի հավաստմամբ, այն ունեցել է նաև երկրորդ հարկ և արևելահայաց պատշգամբ,  որը քանդվել է 1931-ի երկրաշարժին: Բայց այն ամեն կանգունը,  ինչ-որ այսօր տեսնում ենք, պակաս արժեքվոր չէ. այդ տունը մեր կյանքում պիտի լինի այն, ինչ ճապոնացիների համար սուրբ «սաքուն».  նրա պատերից, բակից, նրա հին դուռ-փականքից մեզ հազար աչքով նայում  և հասնում է Ադոնցի մանկությունը: Այստեղ որոշ իրեր մնում են դեռ այդ տարիներից` ինչպես բուխարի-կրակարանը , հացի տաշտը  գրկած պահող կեռ-կախիչները, սպասքի պահարանը…
Տան դարպասը բացողը, իսկ քահանայի դուռը բաց էր օր ու տիվ` կրնկի վրա, միանգամից հայտնվում է կամարակապ հաշտում` լուսավոր, բարձր, բարդ քարե կամարի շարվածքով: Միանգամից խաղաղվում ես, և քեզ թվում է` այստեղից ուր որ է կերևա գեղեցիկ, բարձրահասակ քահանան, նաև` իրիցկինը` շրջապատված իր հինգ զավակներով … Ադոնցի ապրած ամբողջ կյանքը` սկսած իր ջրվեժող գիտությունից մինչև հագուստը, կնքում և հաստատում  է նրա իրական ազնվական լինելը:  Ադոնց ամբողջ տոհմն է մեծ  իր ամեն ինչում` գիտության մեջ և քաղաքականության, ռազմարվետում և կիրառական արվեստում, հայրենասիրության և հայասիրության, ըմբոստության և խոնարհության  մեջ:
Ադոնցը շատ կարճ ժամանակ ուսանել է Տաթևի վանական դպրոցում, ապա 1882-89 թ.թ.` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Բարձր առաջադիմությամբ ավարտելով ճեմարանը, ուր այդ տարիներին ուսում են առել Կոմիտասը, Ավ. Իսահակյանը, Հակոբ Մանանդյանը, Գևորգ Չորեքչյանը,  տեղափոխվել է Թիֆլիս, հորեղբոր մոտ և մեկ տարի ռուսերեն սովորելուց հետո ընդունվել ռուսական դասական 2-րդ գիմնազիան: Այստեղից նա կյանք մտավ  «Ադոնց» ազգանունով` ճիշտ, նաև` դյուրին` օտար հնչեղության առումով: Ադոնցի` ուսումը հետագայում շարունակելու երազանքն իրականացավ միայն Ալ. Մանթաշյանի պատրաստակամ մեկենասության շնորհիվ: 1894թ. Ադոնցն ընդունվեց Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը` միաժամանակ հետևելով արևելյան լեզուների դասընթացներին: Սակայն շուտով նա տեղափոխվում է իրավաբանության ֆակուլտետ, ապա` Դորպատի համալսարան` առնելով մասնավոր դասեր և սովորելով գերմաներեն: Ակնհայտ է, որ Ադոնցը դեռ փնտրտուքի մեջ էր:
Նրան կողմնորոշվելու հարցում շատ է օգնել Կարապետ Եզյանցը` Իսրայել Օրու մասին գրված առաջին գրքի հեղինակը: 1885-ին Ադոնցը նորից վերադառնում է  Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը, շարունակում ուսումը գրականության և արևելյան լեզուների բաժնում` աշակերտելով Ն. Մառին, Ն.Վեսելովսկուն,  Կ.Զալեմանին և այլոց: Տասից ավելի կենդանի և մեռած լեզուներ է ս2011_57ովորում Ադոնցը այս ընթացքում:
1889 թ. առաջին կարգի դիպլոմով Ադոնցն ավարտում է համալսարանը, և արտասահմանում նրա սովորելու ծախսերը նորից ստանձնում է Ալ. Մանթաշյանը` մեծ կարծիք ունենալով նրա մասին, նաև մեծ հույսեր կապելով  նրա հետ: Ադոնցը, մեկնելով արտասահման, հաստատվում է Մյունխենում, հաճախում բյուզանդագիտության դասընթացների, միաժամանակ կատարելագործելով իր գերմաներենը, հունարենը, սովորելով ֆրանսերեն:
Մեկ տարի անց,1900-ին, տեղափոխվում է Փարիզ: 1901թ. Ադոնցը Լոնդոնում էր, Օքսֆորդի նշանավոր ձեռագրատանը, ուր հայերեն գրչագրերի մեծ հավաքածու էր պահվում: Նա աշխատում  էր տենդագին, համառ ու ջանադրաբար: «Ես հրճվում եմ իմ հավաքած նյութով, ինչպես ժլատ ասպետը` իր ոսկով»- իր աշխատանքի մասին Ադոնցը այսպես էր գրում իր ուսուցիչ Մառին: Երկու տարվա մեջ Ադոնցը աշակերտել էր աշխարհահռչակ բյուզանդագետներ Կարլ Կրումբախերին, Շառլ Դիլին, Կոնիբերիին, հաճախել ասորերենի, համեմատական լեզվագիտության դասերի, հավաքել այնքան շատ նյութ, որը պիտի դառնար կատարյալ մի գիրք` Հայաստանի, հայերի ճակատագրի մասին Բյուզանդիայում: 1902թ. ավարտվում է  Ալ. Մանթաշյանի հետ պայմանագրի ժամկետը, և Ադոնցը, որ աշխատում էր Վենետիկի Մխիթարյանների մոտ, վերադառնում է  Պետերբուրգ` մեծ հաջողությամբ հանձնելով հայկական բանասիրության  մագիստրոսի կոչում ստանալու քննությունը: Ֆակուլտետի խորհուրդը որոշում է երկու տարի ժամանակ տալ Ադոնցին` մագիստրոսական թեզի պաշտպանության համար` իր վրա վերցնելով նրա բոլոր ծախսերը: Ադոնցը մեկնում է Անդրկովկաս, աշխատում  Էջմիածնի, Թիֆլիսի, Մցխեթի ձեռագրատներում, կատարելագործում իր վրացերենը: Այս ժամանակ էլ հոգևոր մեծ կապեր են ստեղծվում նրա և Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Սիամանթոյի, Ավ. Ահարոնյանի և այլոց միջև, լույս է ընծայվում «Բանբեր գրականության և արվեստի» զույգ համարը` Ադոնցի խմբագրությամբ` դառնալով նոր էջ հայ մշակույթի պատմության մեջ:
1908թ. լույս է տեսնում Ն. Ադոնցի` «Հայաստանը Հուստինիանոսի շրջանում» մենագրությունը, որը 1909թ. ապրիլի 5-ին հրապարակային պաշտպանության է դրվում  Պետերբուրգի համալսարանում որպես մագիստրոսական թեզ: «Աշխատանքը կատարված էր այնպիսի հմտությամբ, այնպիսի գիտականությամբ ու թափով, որ Մառը ոչ թե բարձր, այլ հիացական կարծիք է հայտնում իր սանի թեզի վերաբերյալ»:* Ադոնցը ստանում է մագիստրոսի աստիճան և  համալսարանում դասախոսելու իրավունք:
1911թ. Ադոնցի կյանքում ստեղծագործական նոր շրջան է սկսվում, որի  արդյունքում, 1915թ ծնվում է նրա դոկտորական թեզը` «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները»: Սկսած 1916թ. Ադոնցը  զբաղեցնում է հայ-վրացական ամբիոնի պրոֆսորի պաշտոնը:
1912թ. Ադոնցը մասնակցում է Անիի, 1916-ին` Մուշ-Էրզրումի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին` Ն.Մառի, Հ.Օրբելու , Ա. Մելիք-Քալանթարի հետ, ապա ինքը ղեկավարում Վանի հնագիտական  արշավախումբը: Այդ տարիներին, մեծ հայրենասերի աչքի առաջ տեղի էր ունենում Հայոց Եղեռնը, հայկական հողերի հայաթափումը, որը նա սարսափելի ծանր էր տանում գրելով` «Չգիտեմ` ինչպես եմ ապրում, ինչպես եմ շնչում այս բոլորից հետո»:*
1917թ. մայիսին իշխան Աբա-Մելիք Լազարյանի մահից հոտո, Մոսկվայի և Պետերբուրգի հայկական բարձրագույն շրջանակները Ադոնցի թեկնածությունն առաջադրում են Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուի պաշտոնում: Նա հույս ուներ  Լազարյան ճեմարանի հիմքի վրա ստեղծել Հայկական Ակադեմիա, որը երբևէ չպիտի իրականանար: 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունը շատ բան շուռ տվեց գլխիվայր: Հռչակվեց ժողովուրդների բարեկամության տխրահռչակ քաղաքականություն, որը երբևէ հաշվի չնստեց ազգային շահի հետ: Հայկ. գործերի և Լուսժողկոմի համատեղ որոշմամբ վերացվեց Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուի պաշտոնը, իսկ Ադոնցը հեռացվեց ճեմարանից: Մոսկվան մայրաքաղաք հռչակվեց, և  մտավորական կյանքը  Պետերբուրգից տեղափոխվեց այնտեղ: Մառը` իր մեձավոր շրջապատով որոշեց Լազարյան ճեմարանը վերածել արևելագիտական կենտրոնի: Այն ստեղծողների  ցուցակում «հայտնվում է նաև» Ադոնցի ազգանունը: Դրան հետևում է երկրորդ հարվածը. կոմիսար Պ. Մակինցյանը  Լուսժողկոմ է ներկայացնում մի ծրագիր, որով առաջարկվում է Լազարյան ճեմարանի, Մոսկվայի հայկական եկեղեցիների  և Սբ. Էջմիածնի Մատենադարանի ձեռագրերի հարուստ հավաքածուները մուծել Մոսկվայի` Ալ. 3-րդ կայսեր անվան ֆոնդ, իսկ Ադոնցին  նշանակել ֆոնդի վարիչ:
Ադոնցը այդ ծրագիրը կոչել է հրեշավոր և կտրուկ հրաժարվել դրան մասնակցելուց` պայքար  սկսելով հայ ձեռագրերը ռուսական ֆոնդեր ներմուծելու դեմ: Ադոնցի կտրուկ, մերժողական դիրքի շնորհիվ հազարավոր հայ ձեռագրերի ճակատագիրը   դրական լուծում ստացավ:
1919թ. վերջին 20-ի սկզբին Ադոնցը շարունակում է դասախոսել  Պետրոգրադի համալսարանում, ընդգրկվում Ակադեմիայի շրջանակներում  կատարվող աշխատանքներում, որը նույն տարվա գարնանը որոշում է  Ադոնցին վեց ամսով գործուղել արտասահման` գիտական աշխատանքները շարունակելու համար: Ադոնցը, սակայն, չսպասելով փաստաթղթերի ձևակերպմանը, ընդմիշտ հեռանում է Ռուսաստանից: Նա անցնում է Ֆինլանդիա, ապա` Լոնդոն: Այստեղ նա ավարտում է «Հայկական հարցը Սևրում» ուսումնասիրությունը, նաև` երկու այլ հոդված, որոնք տպագրելուց հետո  տեղափոխվում է Փարիզ: Սա հայկական գրական-մշակութային կյանքի մի յուրօրինակ բոհեմ էր, ուր ապրում էին Ավ. Իսահակյանը, Երվանդ Քոչարը, Ալ. Խատիսյանը, Լ.Շանթը, Շահան Շահնուրը և էլի շատ շատերը: Ադոնցի հայտնվելը  Փարիզում սպասելի էր և հաճելի: Այստեղ էր ապրում նաև այն կինը, որին արդեն երկար տարիներ երազում էր իր կողքին ունենալ Ադոնցը, որը գուցե և նրա` այդքան անսպասելի արտասահման գնալու  ամենակարևոր պատճառն էր: Նա ճանաչված երգչուհի Հ. Հովնաթանյանն էր: Բացի այդ,  Փարիզում էր գտնվում Հայկական Ազգային պատվիրակության կենտրոնատեղին, որի խորհրդական էր նշանակվել Ադոնցը: Ադոնցը Փարիզում ապրեց տասը տարի` 1921-31թ.թ: Նա չուներ մշտական, բարձր վարձատրվող աշխատանք, սակայն իր բարերար, հայ մեծահարուստ Աբրահամ Ղուկասյանի աջակցությամբ երբևէ չկանգնեց նյութական լուրջ դժվարությունների առաջ: Ավելին, զանազան վաստակների շնորհիվ, միանգամայն գաղտնի պահելով իր անունը, Ադոնցը ֆինանսավորում է իր սիրելի ուսուցիչ Մառի և հաբեթաբան Ֆրիդրիխ Բրաունի հաբեթագիտական ուսումնասիրությունները: 1928թ. Ադոնցն ընտրվում է  Փարիզի հայ գրական ակումբի նախագահ, ամենատարբեր հոբելյանական հանձնաժողովների անդամ կամ նախագահ, աշխատակցում և դասախոսում էր ժողովրդական համալսարաններում, ակտիվորեն թղթակցում օտար և հայալեզու ամսագրերի` հանրությանը2011_58ներկայացնելով հայագիտության բնագավառի իր տաղանդավոր աշխատնքները: 1931թ. Բելգիայի Բրյուսել քաղաքի Ազատ  համալսարանում  կազմավորվեց արևելագիտության կենտրոն, ուր բյուզանդագետ Անրի Գրեգուարի միջնորդությամբ բացվեց  նաև հայագիտության ամբիոն` միլիոնատեր Ռոբերտ Վերների սիրահոժար ֆինանսավորման շնորհիվ: Այս գործում անուրանալի ներդրում ունեցավ նաև Պողոս Նուբար Փաշայի դուստրը` կոմսուհի Դ Արսքոտը: Փարիզից Բրյուսել հայագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում աշխատելու  է հրավիրվում պրոֆ. Ադոնցը: Բրյուսելում էլ անցավ նրա կյանքի վերջին տասը տարին: Հայագիտության  շողարձակման տարիներ սկսվեցին Ադոնցի նման  ծով գիտելիքների տեր գիտնականի և նրա ուսանողների կյանքում, որոնց մեջ էր նաև  պրոֆ. Անրի Գրեգուարն ինքը:  Արևելագիտության կենտրոնի,  հետո նաև` ինստիտուտի տնօրեն Մորիս Լըրուան այդ մասին գրել է` «Մեր մոտ նա գտավ իր տունը, իր ճշմարիտ բարեկամներին, իր սիրելի սաներին, որոնք ըմբոշխնում էին նրա պատկերալից խոսակցությունները, զմայլվում նրա գիտությամբ, սովորում նրա անբավ իմաստնությունից»: Բրյուսելը, սակայն, Ադոնցին չտվեց իր երազած հոգեկան հանգստությունը: 1935թ. հիվանդացավ և մահացավ նրա կինը: Ոչ հաճելի լուրեր էր առնում  գիտնականը Հայաստանից, ուր հալածանքները ավելի  դառն ու անհեթեթ էին դառնում: 1940-ական թ.թ. գրած մի նամակում նա վախ է արտահայտում,  թե իր գործերը կարող  են մնալ թերի ու վհատ, ինչպես` ինքը…
1941թ. ապրիլին Ադոնցի առողջական վիճակը կտրուկ վատացավ: Հպարտ գիտնականը մերժում է Շվեյցարիա բուժման մեկնելու ամեն օգնություն և առաջարկ: Հոկտեմբերին  սուր ընթացք ունեցող թոքախտով տեղափոխվեց հիվանդանոց, ուր նա մարում էր օր-օրի:
Ադոնցը մահացավ 1942թ. հունվարի  27-ի առավոտյան և թաղվեց փետրվարի 2-ին  Բրյուսելի գերեզմանատանը: Ադոնցի գերեզմանի տեղը հայտնի չէ:
Ադոնցի կենսագրության հագեցած լինելը հաճախ թույլ չի տալիս նրան ներկայացնելու կյանքի բոլոր ծիրերում: Այնինչ, նա մեծ էր ամեն ինչում և նույնիսկ նրա կյանքի ամենափոքր դրվագը կամ նրա գրած «…տողատակը գիտական անգնահատելի նշանակություն ունի», ինչպես փաստում է Անրի Գրեգուարը:
20-րդ դարասկզբին, երբ ամբողջ հայությունը կանգնած էր մեծ աղետի եզրին, Ադոնցը չափազանց կարևորեց հայ ազգի  և հայ կրոնի միասնության գաղափարը: Հայտնի է նրա գործուն մասնակցությունը եկեղեցական գրեթե բոլոր ձեռնարկներին, հատկապես` դրամահավաք կազմակերպելու գործին: Այդ գումարից բաժին էր հանվում նաև  Լազարյան և Գևորգյան ճեմարաններին: Պաշտպան կանգնելով Հայ եկեղեցուն, որը  այդ ծանր տարիներին հարձակման թիրախ էր դարձել, Ադոնցը ամուր կանգնում է հայ ավանդույթը, նրա  արմատները առողջ պահողի դիրքերում: «Ոչինչ այնքան տաղտկալի չէ, քան այն տափակ ճշմարտության քարոզը,  թե կրոնն ու ազգը տարբեր բաներ են…հայ եկեղեցին եղել և մնում է ամրակուռ գոտի հայության մեջքին »:*
Ադոնցը շատ ծանր տարավ հայոց կոտորածներին նախորդող, դրանց հաջորդող  տարիները, ցեղասպանության իրողությունն ընդհանրապես: Ընդգրկվելով Պետերբուրգի հայկական կոմիտեի կազմում, նա մեծ ներդրում է բերում արևմտահայ գաղթականության,  որբերի տեղավորման, որբախնամ հաստատություններ կազմակերպելու, դրանց նյութական խնդիրները լուծելու գործում: Ադոնցը շատ վստահելի անձ և մտավորական էր. նրան հաճախ կարելի էր տեսնել այն հանձնախմբերի կազմում, որոնք նյութական օգնություն էին կազմակերպում և բաշխում: Այս աշխատանքի արդյունքում, որոնք ամենատարբեր հարթությունների վրա խոր գիտլիքներ և շփումներ էին ենթադրում, Ադոնցը գրեց հոդվածների մի ամբողջ շարք` հայ եղեռնի, դրա շուրջ ծավալված դիվանագիտական խնդիրների և շատ այլ խնդրահարույց հարցերի շուրջ:
Ադոնցը շատ տպագրվող մտավորական էր, նա նաև ինքն էր հաճախ հիմնադրում պարբերականներ, դրանք դարձնում հայագիտական, հայասիրական, հայրենասիրական գաղափարներով տոգորված հանդեսներ: Նա զգայուն, պատվախնդիր, վեհ գաղափարներով օժտված մարդ էր: Ոչինչ, սակայն, չի փոխարինում Ադոնց մեծ գիտնականին, նրա գիտելիքների հզոր օվկիանին, ուր հավասար հզորությամբ միմյանց զուգորդվում են բանասիրությունը, լեզվագիտությունը, պատմագրությունը, պատմական աշխարահագրությունն ու բնագիտությունը, մշակույթի և կրոնի պատմությունը: Եզակի են եղել և դեռ մնում են Ադոնցի ուսումնասիրության ոլորտները. դա Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն է, հայ առավել ակնառու պատմիչները` իրենց մեկնություններով, հայ հնագույն դիցաբանությունն ու հավատքի պատմությունը: Սյունեցիներիս հատկապես շատ հուզող «Մարզպան Վասակը հայ պատմիչների դատի առաջ» աշխատությունը նա գրել է 1904 թվին: Ադոնցի կարևոր հոդվածաշարերը նվիրված են ոչ միայն Հայաստանին, այլև` Արևելքի հնագույն շրջանի պատմությանը և հատկապես` Բյուզանդիային:
Իր կյանքի վերջին տարիներին մեծ գիտնականը գրեց «Հայաստանի պատմությունը», որը, ցավոք, կիսատ մնաց: Դրա առաջին հատորը, որն այսօր մեր սեղանին է, անգնահատելի ավանդ է հայ ժողովրդի ծագումնաբանությունը ուսումնասիրողների համար, քանի որ վաղագույն այդ շրջանից նա վեր հանեց և գրեց ավելի քան 600 տարվա` մինչ այդ չեղած պատմությունը: Ադոնցը կրկին փաստեց այն ճշմարտությունը, որ ժողովրդի կյանքում անփոխարինելի դեր են կատարում հասարակության կյանքով ապրող անհատը, նրան շրջապատող քաղաքակրթությունները, բնական պայմանները և այլն: Պատմությունը լրջագույն գիտություն է ամեն ժողովրդի կյանքում: Նրա ճիշտ մատուցմամբ է աշխարհին ներկայանում  ցանկացած ազգ`  իր հոգևոր դիմագծով:
Եվ վերջում` Ն.Ադոնցի  մտքերից մեկը` որպես բոլորիս ուղենիշ`
«Ոչ ոք չգիտե, անցքերի թավալգլոր անիվը  ուր է տանում: Պատրաստ և զգաստ լինենք, որպեսզի չկորչենք անփառունակ, կռվողների ոտքերի տակ կոխան»:

______________________________________

* Զ. Խաչատրյանի հետ իմ զրույցներից` Սիսիանի մշակութային կյանքի մասին, որը անշուշտ, առանձին  թեմա է,  և դեռ պետք է գրվի…
* Ն. Ադոնց,«Հայկական հարց», էջ 11, Երևան, 1996թ.
* Ն. Ադոնց,«Հայկական հարց», էջ 18, Երևան, 1996թ.

Ծովինար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. Ադոնցի անվ`.
Սիսիանի պատմության
թանգարանի տնօրեն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *