ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵԿՄ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԻՑ ԵՎ ՄԵԴԱԼԻՑ

Ազատամարտիկ, քառօրյա պատերազմի վիրավոր Արարատ Գեւորգյանը հրաժավել է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ստորագրությամբ ստացած անդամատոմսից եւ մեդալից:

Խմբագրություն էր զանգահարել ազատամարտիկ, քառօրյա պատերազմի վիրավոր, երրորդ կարգի հաշմանդամ, Ծղուկ գյուղի բնակիչ, 46-ամյա Արարատ Գեւորգյանը: Հուզված էր, վրդովված, զայրացած: Կարեւոր բան ուներ ասելու: Հանդիպեցինք:

Արարատ Գեւորգյանն ասաց, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ ԵԿՄ վարչության նախագահ, «ազգային հերոս» Մանվել Գրիգորյանի արարքը, ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր գեներալը կենաց-մահու կռիվ տվող զինվորի համար դպրոցական երեխայի ուղարկած սնունդը գողանալ եւ տանել իր գազաններին կերակրելու: Նշեց, որ երկու անգամ վիրավորվել է: Մեկ անգամ` 1992-ին, մեկ անգամ` քառօրյային: Ռազմադաշտից իրեն տեղափոխել են շտապօգնության այնպիսի մեքենայով, որը շարժվելիս քանդրտվում էր, իսկ գեներալ Մանվելը գողացել եւ իր ավտոտնակում պահում էր զինվորի եւ բանակի համար ժողովրդի կողմից ուղարկված շտապօգնության մեքենան:

-Բայց առավել անկարող եմ հասկանալ, թե ինչպես են ոտնահարել, տրորել, գել ու գազանի բաժին դարձրել երեխայի մաքուր, ազնիվ սերը, հավատը, եւ կոխկրտել զինվորին ուղարկած նրա նամակները: Երբ հոսպիտալում ծանր վիրավոր պառկած էի, երեւանցի 6 ամյա մի աղջնակից ծանրոց եմ ստացել ու նամակ, որտեղ գրել էր` իմ բարի զինվոր, շուտ ապաքինվիր, շնորհակալ եմ, որ պաշտպանում ես ինձ: Այդ նամակը պահում եմ սրբորեն, այդ նամակն ինձ ուժ տվեց, ոգի տվեց, ապրեցրեց, եւ կենաց-մահու պայքարում ես չմեռա: Ինձ ավելի շատ այդ նամակը բժշկեց, քան` բժիշկները: Դու հասկանում ես, որ բանակի թիկունքին, քո թիկունքին ողջ ժողովուրդն է` 6 տարեկան երեխայից մինչեւ ալեհեր ծերունին, բայց հանկարծ պարզվում է, որ քեզ, բանակին, զինվորDSC04067ին, ազգին թիկունքից հարվածել է քո ազգի «հերոս» կոչվածը, երկրապահի ղեկավար կոչվածը: Զինվորի համար, ազատամարտիկի համար ավելի մեծ հարված լինել չէր կարող, քան այն, ինչ բացահայտվեց, ինչի ականատեսը եղանք: Ու հույսով, հավատով, սիրով, շնորհակալությամբ լեցուն այդ անմեղ երեխների նամակները դարձել են գազանների բաժին: Ես ամաչում եմ: Պատմության մեջ չկա երկրորդ նման դեպքը, որ ազգային հերոսը այդպես վարվի իր ազգի երեխաների եւ իր զինվորների հետ: Չկա: Մոնթեի նմաններն են ազգային հերոս, Աբաջյանի նմաններն են, ես ամաչում եմ, որ ունեմ Մանվելի նման ազգային հերոս: Ամաչում եմ, որ Մանվելի ստորագրությամբ է իմ ԵԿՄ անդամատոմսն ու մեդալը: Նրա պիղծ ձեռքն է կպել այն փաստաթղթին, որը կրել եմ: Ես չեմ հրաժարվում ԵԿՄ անդամակցությունից, ես հոգով-սրտով երկրապահ եմ, ինչպես որ երկրապահ է մեր ողջ ազգը, ես սիրով եմ պահում Արցախի հանրապետության կողմից ստացած մայրական երախտագիտության մեդալս, «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալս, Արցախի հանրապետության կողմից ստացած անվանական ժամացույցս, դրանք ստացել եմ իմ ժողովրդի կողմից, դրանք իմ թափած արյան գինը չեն, բայց` գնհատականն են, սակայն սրանց կողքին ես չեմ կարող պահել Մանվել Գրիգորյանի ստորագրությամբ վավերացված որեւէ փաստաթուղթ եւ մեդալ:

Ես ցանկանում էի դրանք վերադարձնել ԵԿՄ Սիսիանի բաժանմունք, բայց ինձ հայտնեցին, որ երկու ամիս է` այն չի գործում: Ես կարող էի եւ պատռել- դեն նետել իմ անդամատոմսն ու ջարդել մեդալը: Բայց խմբագրությանը դիմելով` փորձեցի հրապարակայնորեն հրաժարվել դրանցից: Կարծում եմ` իմ քայլին կհետեւեն իսկական, կռված տղաները, կրկնում եմ` կռված տղաները, որովհետեւ երկրապահը լիքն է ավտոմատ բռնել չիմացող, ռազմաճակատում երբեւէ չեղած պատեհապաշտներով, եւ իրենք էլ կհրաժարվեն Մանվելի ստորագրությամբ ստացած մեդալներից: Դա ամենամեծ վիրավորանքն է իսկական երկրապահի, իսկական ազատամարտիկի համար:

Լուսանկարն արված է Աղիտուի զինվորական հոսպիտալում, 2016-ի ապրլին, որտեղ բուժվում էր Արարատ Գեորգյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵԿՄ ԱՆԴԱՄԱՏՈՄՍԻՑ ԵՎ ՄԵԴԱԼԻՑ համար

  1. Anush says:

    Երկրապահը զտել, մաքրել թափթփուկներից, որ իրոք կռված տղաները գլուխները չկախեն մարդակերների պատճառով, եթե իհարկե նրանք այլևս կուզենան մնալ այդ կառույցում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *