ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է

Մեծ եղեռնից փրկված, ապա՝ Սիրիայում ապաստանած Թուրվանդա Ազնավուրյանի ընտանիքը նույնպես, շատերի նման, 1946 թվականի հայրենադարձության ժամանակ եկել է Հայաստան: Տոհմից մի քանիսը հաստատվել են Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում, իսկ Թուրվանդա Ազնավուրյանը, երկու զավակների՝ Համբարձումի եւ Վարդուհու հետ, Տոլորսում: Հետագայում Վարդուհին ամուսնու հետ տեղափոխվել է Վեդի եւ հաստատվել այնտեղ, իսկ Ալմաստ դուստրը, որ հղի էր, մահացել էր եղեռնի ծանր հիշողությունների վախից՝ Սիրիայում:

Համբարձում Ազնավուրյանն ամուսնացել է Տոլորսում եւ ունեցել 7 երեխա: Զավակներից երեքը հիմա էլ ապրում են գյուղում՝ իրենց ընտանիքներով, մյուսները՝ տարբեր բնակավայրերում:

Սամվել Ազնավուրյանի տուն մեր այցի օրը հանդիպեցինք նաեւ ավագ եղբորը՝ Մանվելին, որ ապրում է Երեւանում եւ տեսակցության էր եկել մորը՝ Արուսին:

Ու ետ կծկվեց հետաքրքիր հիշողությունների ու պատմությունների խայտաբղետ թելը:

Զրույցին ներկա էին նաեւ Սամվելի թոռները, որ շատ խանդավառված ու մեծ հետաքրքրությամբ էին լսում իրենց տոհմի, Թուրվանդա մեծ տատի ատմությունները, եւ նրանց համար, հատկապես այս օրերին, առավել հասկանալի, առավել իրական էր պատկերանում այն ամենը, ինչը կատարվել է 100 տարի առաջ, եւ ինչի մասին հիմա այնքան շատ են խոսում բոլորը…Լսում էին, ու, գուցե ենթագիտակցորեն զգում, որ իրենք են ժառանգն ու հետեւորդը զեղասպանությանից փրկված եւ վերընձյուղված մի մեծ տոհմածառի, ու իրենք էլ գենետիկ պահանջատեր են…բոլորի նման:

Մանվել Ազնավուրյանն ասաց, որ Թուրվանդա տատը ծնվել է 1884 թվին, Էրզրումում: Առաջին ամուսնուն՝ Կարոյին եւ 5 երեխաներին թուրքերը սպանել են 1915 թվին՝ նրա աչքի առաջ: Տատը փախել է եւ, ցերեկները՝ թաքնվելով, գիշերները՝ քայլելով,  անցել շրջակա 5 գյուղերն ու պատսպարվել մի ծանոթի տանը: «Թուրքերն իմացել են, որ տատիս ընտանիքը հարուստ է եղել, եւ մեկ ամիս փնտրել են նրան, որ գտնեն-բերեն՝ թաքցրած ոսկու տեղը ցույց տա: Սակայն տատս կարողացել է մոլորեցնել թուրքերին ու կրկին փախչել ու թաքնվել ամուսնու քրոջ տանը: Նրան մի քանի օր պահել են աթարի դեզի մեջ, դեզը փակել, հետքը կորցրել: Տատս ասում էր, որ ծարավից իր ջուրն է խմել անգամ… ու այդպես ապրել է: Մեզ շատ է պատմել իր տեսած, իր ապրած արհավիրքները, պատմում էր, որ թուրքերն այնքան հայ էին կոտորել-լցրել Եփրատ գետը, որ դիակները փակել էին գետի հունը, ու արյուն էր հոսում ջրի փոխարեն…»,- ասում է Մանվելն ու հավելում,-հզոր, հզոր կին էր տատս, էնքան հզոր, որ կյանքում էդքան տառապանք տեսնելուց, ողջ ընտանիքը կորցնելուց, ամուսնու ու 5 երեխաների կոտորածը աչքով տեսնելուց հետո ուժ էր գտել ապրելու, ուժ էր գտել նորից ընտանիք կազմելու եւ վերընձյուղվելու… Հայ մայր էր, հայ կին էր, հայ տատ էր, հայ մարդ էր, հայ հոգի էր, հայ էր ողջ էությամբ ու նկարագրով»:

Պատմեցին, որ առաջին ամուսնու եւ 5 երեխաների սպանվելուց հետո Թուրվանդա տատը 1921 թվին ամուսնացել է Մանուկ Ազնավուրյանի հետ, ունեցել 3 զավակ: Սակայն 1929 թվին թուրքերը ծառից կապելով տանջամահ են արել Մանուկ պապին, ով վրեժով լցված՝ 3 թուրքի տուն էր վառել: Թուրվանդա տատը կրկին մենակ է մնացել իր 3 երեխաների հետ, եւ Ամերիկայում ապրող մի ազգականի օգնությամբ 1930 թվին Թուրքիայից տեղափոխվել Սիրիա: Այնտեղից էլ՝ 1946 թվականին՝ Հայաստան:

«Թուրվանդա տատս մահացավ 1970 թվին, ապրեց 86 տարի: Մինչեւ վերջ պահեց իր երկրի ավանդույթները, իր կարգ ու կանոնը, իր լեզուն, իր երգերը: Իր ցանած մարգը առաջինն էր Տոլորսում, ասում էր՝ մեր անուշ հողերը մնացին էնտեղ, հիմա էս քար ու քռի մեջ եմ մարգ անում: Նրա արած գործը առաջինն էր, նրա գործվածքը առաջինն էր, նրա խոսքը առաջինն էր… Ո՞վ կկարողանար նրա խոսքը գետինը գցել, նրան հակադրվել, նրան չենթարկվել: Գյուղում բժկություն էլ էր անում, հեքիմություն էլ, որ սովորել էր փախուստից հետո մի քանի տարի ամերիկացների մոտ ապրելու ընթացքում: Թուրվանդա տատս մեր ազգի խտացումն էր՝ իր ապրած կյանքով, իր ճակատագրով, իր վերընձյուղումով,-ասում է Մանվել թոռը ու երանությամբ հիշում նրա խոսք ու զրույցը, խրատներն ու արած-դրածը: «Նա միայն տատ չէր մեզ համար, մայր էր: Մորս երեսն ո՞վ էր տեսնում, աշխատում էր 7 զավակներին պահելու համար, մեր տատն էր ամեն ինչն անում: Երեխայի շատը չի լինում, ասում էր տատս, ամեն մորթված երեխայի փոխարեն պիտի երեխաներ ունենալ, պիտի շատանալ: Դժվար են ապրել տատս էլ, հայրս էլ, բայց մտածել են, որ միայն տոհմը շարունակելով ու բազմանալով կարող են իրենց վրեժը լուծել»:

Հետո, բնականաբար, անդրադարձանք նրանց՝ Ազնավուրյան ազգանվանը, ու, գայթակղությանը չդիմանավով, ուզեցի այն կապել նույն ազգանունն ունեցող մեծ հայի՝ Շարլ Ազնավուրի հետ: Մանվել եւ Սամվել Ազնավուրյանները չեն բացառում, եւ ասում են, որ իրենց պապերն էլ են 1820 ականներին գնացել Արեւմտյան Հայաստան՝ Վրաստանի կողմերից, որտեղից նաեւ Շարլ Ազնավուրի հայրն էր: Եվ հետո՝ ուրիշ Ազնավուրյաններ չկան…

Հարցիս, թե իրենք չեն հետաքրքրվե՞լ, կամ՝ որեւէ մեկը չի՞ հետաքրքրվել իրենցով, պատմեցին, որ նման դեպքեր եղել են, նամակ ու հեռագիր են ստացել, բայց թե որտեղից, չգիտեն, մի անգամ էլ ծանրոց են ստացել Ամերիկայից, ու տատը, առանց անունը տալու, մորմոքով ասել էր, որ իր պահած աղջիկն է ծանրոց ուղարկողը… Հետո այդ նամակի եւ հեռագրի հետեւից մարդիկ են եկել սեւ վոլգայով, հարցեր տվել հորը, հայտնել, որ մեծ գումար են ուղարկել իր անունով, եւ ասել, որ թղթեր կան ստորագրելու՝ իբրեւ այդ գումարը ստացել է, հայրս ասել է, որ դժվար է ապրում, ընտանիքը բազմանդամ է, հովվություն է անում, խնդրել է գոնե իրեն մի մեքենա տան եւ մի տուն, մնացածը պահեն իրենց, բայց դա էլ չեն տվել, ու որոշ ժամանակ անց տատիս մոտ եղած թղթերն էլ տարել են, ու դրանք այդպես էլ կորան-գնացին…

-Հետո իմացանք, որ ԿԳԲ-ից էին հետաքրքրվողները, իրենք ստանում էին մեզ ուղարկված նամակները, իրենք կարդում, իրենք էլ մեր փոխարեն պատասխանում…

Բայց կարեւորն այն է, որ ապրում, շարունակվում է Մանուկ պապիս տոհմը, թոռները, ծոռները կրում են նրանց անուններն ու շարունակվում է Ազնավուրյան ազգանունը…Դա արդեն հպարտություն է մեզ համար…Իսկ եթե, իսկապես, Մեծ Ազնավուրի տոհմակիցն ենք, դա էլ կարող է լինել ամենամեծ հպարտությունը,-ասում է Մանվել Ազնավուրյանը:

-Բայց Սամվելը շատ է նման Շարլ Ազնավուրին, -ասում եմ ես, ու բոլորս լայն ժպտում ենք՝ համամիտ լինելով…

-Եղեռնից 5 զավակ եւ ամուսին կորցրած Թուրվանդա տատս հիմա 40 թոռ ու ծոռ ունի, որ պատվով կրում են Ազնավուրյան ազգանունը ու սերնդե սերունդ փոխանցում իրենց հզոր տատի պատմությունը,-ասում է Սամվել Ազնավուրյանը, իսկ ես կրկին ակնարկում եմ՝ թե տեսեք՝ Սամվելը որքա՜ն նման է մեծ Հային…

Հայի ճակատագրում անհնարին ոչինչ չկա, ու հայ լինելը հենց այնպես չի լինում: Զրույցը՝ զրույց, հիշողությունները՝ հիշողություն, բայց ամենակարեւոր հանգամանքը, որ նկատեցի Ազնավուրյանների տանը, նորօրյա կյանքով ապրելու հզոր մղումն էր, աշխատասիրությունը, սեփական քրտինքով հացը վաստակելու բավականությունը: Արտ ու դաշտից, վար ու ցանքից էլ խոսեցինք, բերքից ու հողից էլ, ապա հարյուր տարվա չսպիացող վերքի հոսող ցավը պահ տվեցինք հիշողությանը,  նորօրյա ակոսի մեջ դրեցինք ապրելու, արարելու, հարատեւելու իրողությունը, իսկ հավատի եւ հույսի հունդերը պահ տվեցինք ժամանակին՝ հոգու եւ մտքի աչքը, սակայն, բաց պահելով էրգիր տանող մեծ ճանապարհի առաջ…

Ու, բնական է, որ պիտի խոսեինք նաեւ ապագայից:

-Մի անգամ 4 ամյա թոռանս՝ Սամվելին ցույց եմ տվել Մասիսն ու ասել, որ մեր պապերի հողերը մնացել են այնտեղ, որ մեր տատի գերդաստանը թուրքերը կոտորել են, երեխան հարցրել է՝ ինչո՞ւ…

Իսկապես՝ ինչո՞ւ… ամենաանհասկանալի եւ պատասխան չունեցող ամենահարցը…Ինչո՞ւ…

-Բայց մենք պահանջատեր ենք, ես, որդիներս, թոռներս, բոլորս, ու դա մեր արդար իրավունքն է,- զրույցը եզրափակեց Մանվել Ազնավուրյանը՝ հավելելով՝ պահանջատեր ենք …ազգովի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

21.04.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *