ԱԽԼԱԹՅԱՆ. ՀՆԱՄԵՆԻ ԳՅՈՒՂ, 139-ԱՄՅԱ ԴՊՐՈՑ Ամեն ինչ մնում է մարդկանց…

Հիրավի, շատերն են ցանկանում հրաշալի եւ անմոռանալի հետք թողնել հետագա սերունդներին: Սակայն կամենալը իրականություն դարձնել քչերին է հաջողվում, քանզի դրա համար հարկավոր է կամք, աշխատասիրություն, նվիրվածություն: Այդպիսի նվիրյալներից է «Սիսական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ, արցախյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից, «Սիսականի արծիվներ» գրքի եւ համանուն օրացույցի ու վերջերս տպագրված` «Ախլաթյան. հնամենի գյուղ, 139-ամյա դպրոց» գրքի հեղինակ Ժորա Մուշեղի Խուրշուդյանը, ում վաստակած մարտական եւ աշխատանքային մեդալների շարքը 2012 թվականին համալրվեց «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով:
Զարմացած ու հիացած եմ հեղինակի կատարած ահռելի աշխատանքով, որի մեջ նա դրել է իր ողջ սերը, հոգատարությունն ու խանդաղատանքը` յուրաքանչյուր անհատականությանը բացահայտելու եւ հանրությանը ներկայացնելու համար: Հեղինակը անշահախնդիր պրպտել, համբերությամբ ու սիրով հավաքել է հարյուրավոր ախլաթյանցիների, տոհմերի եւ գերդաստանների պատմությունը, անգամ` նրանց հատուկ հումորն ու կենսագրական մանրամասները եւ մատուցել ընթերցողին:
Այսպիսի ներաշխարհ ունեցող մարդու կերպարով ես հմայվեցի, եւ, չնայած ծանրաբեռնվածությանս, սիրով ստանձնեցի խմբագրել այդ գիրքը:
Գիրքը ներառում է Ախլաթյան գյուղի եւ նրա դպրոցի հին ու նոր պատմությունը: Գրքում կողք կողքի հանդես են գալիս գիտնականն ու հովիվը, բժիշկն ու մաճկալը, ինժեներ-տեխնոլոգն ու հողագործը, մանկավարժն ու հնձվորը, քաղաքապետն ու փոստատարը, տնօրենն ու տրակտորիստը, զինվորականն ու ուսանողը: Հեղինակը բոլորի մեջ առաջին հերթին տեսել ու գնահատել է մարդուն ու նրա մարդկային վեհ արժանիքները` ազնվությունը, բարությունը, անմնացորդ նվիրումը հարազատներին, ընկերներին, հայրենի գյուղին ու գյուղացիներին:
Սա մի անզուգական հուշալրում է, որը նոր սերնդին կդաստիարակի նախնիների լավագույն հատկանիշներով, սեր կսերմանի արմատների ու ծննդավայրի նկատմամբ, իսկ տարեցներին օրինակ կծառայի գրելու թեկուզ իր գերդաստանի պատմությունը` հետագա սերունդներին հանձնելու նպատակով:
Շնորհակալություն մեր ազնիվ հեղինակին` Ժորա Խուրշուդյանին, իր հայրենակիցների սխրանքները գրքին հանձելու եւ նրանց հիշատակը հավերժացնելու շնորհակալ աշխատանքի համար:
Իրոք, ամեն ինչ մնում է մարդկանց…
Լուինա ՄԻՆԱՍՅԱՆ
Գրքի խմբագիր, վետերան-մանկավարժ
4.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *