ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Պատմաբան, հնագետ, բանասեր, թարգմանիչ, Սայաթնովագետ, արվեստաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1963), բազմակողմանի զարգացած անհատականություն: Եւ այս ամբողջը՝ մեկ մարդու մեջ՝ Մորուս (Մարգար) Ստեփանի Հասրաթյան:

Ծնվել է 1902 թ-ի սեպտեմբերի 10-ին Սյունիքի Ախլաթյան գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Ախլաթյան եւ Լոր գյուղերի ծխական դպրոցներում, այնուհետեւ ուսումը շարունակել է Բաքվի առեւտրական ուսումնարանում: Ուսանողական տարիներին ունկնդրել է Ստեփան Շահումյանին, Սերգո Օրջոնիկիձեին եւ այլ հեղափոխականների: 1918-20 թթ. մասնակցել է Բաքվի կոմունային, Հյուսիսային Կովկասի հեղափոխական եւ ազգամիջյան շարժումներին: Ծննդավայր վերադառնալուց հետո 1920 թ.-ին ակտիվ մասնակցություն է ունեցել զանգեզուրյան հեղափոխական շարժումներին: Բազմիցս հետապնդվել է դաշնակցականների կողմից: 1922-24 թ.թ.-ին ուսանել է Երեւանի պետական համալսարանի պատմա-բանասիրական բաժանմունքում, որտեղ բախտ է վիճակվել ունկնդրել հայ անվանի հայագետ Մ. Աբեղյանին, Հր. Աճառյանին, Հ. Մանանդյանին, Լեոին եւ ուրիշների: 1925-27 թ.թ.-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջադրանքով զբաղվել է Սիսիանի, Գորիսի, Դիլիջանի շրջանների կոմերիտական կազմակերպությունների ստեղծման աշխատանքներով: 1930 թ.-ին դրսեկ (екстерн)  կարգով ավարտել է համալսարանը եւ գործուղվել Լենինգրադ՝ ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակելու: Այդ տարիներին Նիկողայոս Մառի եւ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ խորացել է հայագիտության մեջ, իսկ հատուկ խորաթափանցությամբ ուսումնասիրել ռուսական գիտության եւ մշակույթի նվաճումները, որոշակի դարձրել իր ծրագրերը: 1932 թ.-ին ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադարձել է Երեւան եւ աշխատել պատմության եւ նյութական մշակույթի ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով, ՀԿ(Բ)Կ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի տնօրենի տողակալ, հեղափոխության թանգարանի տնօրեն: Նա հեղափոխական շարժումների եւ կոմունիստական կուսակցութկյան պատմության առաջին հետազոտողներից էր: Կազմել եւ հրատարակել է Սուրեն Սպանդարյանի մասին փաստաթղթերի եւ հուշագրությունների ժողովածուն, մայիսյան ապստամբության վերաբերյալ հուշագրությունների միհատորյակը:
1935 թ.-ին ՀՍՍՀ գիտական կոչումներ որակավորող բարձրագույն հանձնաժողովը Մ. Հասրաթյանին հրապարակած կարեւոր աշխատությունների համար, առանց դիսերտացիա պաշտպանելու, շնորհել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1937 թ.-ին Մ. Հասրաթյանը նշանակվել է Մատենադարանի տնօրեն: Նրա գիտական աշխատանքներն ընթացել են բանասիրության, հնագիտության, հայ ժողովրդի հին, միջնադարյան եւ նոր շրջանի ճարտարապետության, մշակույթի պատմության ուսումնասիրության ուղղությամբ: Մեծ են նրա ծառայությունները Սայաթնովագիտության բնագավառում: 1942 թ.-ին Սայաթ-Նովային նվիրված ատենախոսության պաշտպանությամբ Մ. Հասրաթյանը ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Ուշագրավ է, որ գիտական կոչումներ որակավորող հանձնաժողովի անդամները առաջարկել են պաշտպանած ատենախոսության համար Մ. Հասրաթյանին միանգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, բայց Լեւոն Օրբելին, ով այդ տարիներին ղեկավարում էր ՀԳԱ աշխատանքները, կես կատակ-կես լուրջ ասել է՝ «…ի՞նչ է, դուք չե՞ք ցանկանում, որ եւս մեկ անգամ հանդիպենք Մորուսին Սայաթ-Նովայի վերաբերյալ դոկտորական թեզ պաշտպանելու առումով…»: Նրա գրչին են պատկանում Սայաթ-Նովայի «Խաղերի ժողովածուն», «Պատմահնագիտական ուսումնասիրություններ», «Հայաստանի հուշարձաններ» (համահեղինակ), «Հուշաբեկորներ, արձակ էջեր…» եւ բազմաթիվ անտիպ աշխատություններ:
1995 թ.-ին ՀՀ ԳԱԱ-ի տեղեկատվության կենտրոնի եւ Արվեստի ինստիտուտի կողմիցլույս տեսավ Մ. Հասրաթյանի հեղինակած «Հոդվածների ժողովածու» գիրքը:
Մ. Հասրաթյանը երկար տարիներ դասախոսական աշխատանք է կատարել Երեւանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, կուսակցության բարձրագույն դպրոցում:
1942-46 թ.թ.-ին աշխատել է գրականության ինսիտուտում, 1943-46 թ.թ.-ին կատարել է նաեւ Գիտությունների Ակադեմիայի գիտական քարտուղարի պարտականություններ: 1947-ին աշխատանքի է հրավիրվել ԳԱ պատմության ինստիտուտ, որտեղ զբաղվել է հնագիտությամբ եւ ուսումնական դասգրքերի ստեղծմամբ: Զուգահեռաբար զբաղվել է նաեւ հնագիտական հետազոտություններով ու պեղումներով: Հատկապես մեծ արժեք են ներկայացնում 50-ական թ.թ.-ին Սիսիանի շրջանի Ախլաթյան, Լոր, Տոլորս գյուղերի եւ Սիսիան քաղաքի  շրջակայքում կատարված պեղումների արդյունքը: 1966 թ.-ին Սիսիանի շրջանի պատմական Անգեղակոթ գյուղի մոտ պեղումների ընթացքում Սբ. Վարդան Զորավոր մատուռի շրջակայքում հայտանաբերեց մի ինքնատիպ հուշարձան, որի հիման վրա ապացուցեց, որ Ավարայրի մարտադաշտից Վարդան Զորավարի դին բերել եւ այստեղ է թաղել Վասակ Սյունին, իսկ ժողովուրդն էլ հուշարձան է կանգնեցրել եւ Վարդան Զորավարի անունով մատուռ կառուցել: Հավելենք, որ նման կարծիք դեռեւս 1904 թ.-ին հայտնել էր հայ խոշորագույն պատմաբան եւ բանասեր, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը:
1963 թ.-ին վաստակաշատ գիտնականն ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ: Դա Հայաստանի երկրորդ դեպքն էր, երբ գիտությունների թեկնածուն արժանանում է նման բարձր կոչման:
1965 թ.-ին Հայկազյան քոլեջի հրավերով Մ. Հասրաթյանը մեկնել է Բեյրութ եւ շուրջ երկու տարի դասախոսություններ կարդացել քոլեջի հայագիտական ամբիոնում, ելույթներ ունեցել մեր տարագիր հայրենակիցների ամենալայն շրջանակների առջեւ:
1964-75 թ.թ.-ին Մ. Հասրաթյանը ղեկավարել է Հայաստանի պատմության պետական  թանգարանի աշխատանքները:
Անուրանալի է նրա մեծ ավանդը մեր ազգային ազատագրական շարժման հերոսների, հայ ֆիդայիների գնահատման ուղղությամբ: Այն ժամանակ, երբ զրպարտում էին Զորավար Անդրանիկին ու մյուս քաջազուն հայերին, նրանց «նացիոնալիստ», «բանդիտ», «խմբապետ» պիտակներ էին կպցնում, հայրենասեր գիտնականը հանդես եկավ ժողովրդի անձնուրաց զավակների պաշտպանությամբ, իր դրական կարծիքը գրեց ժողովրդական հերոս Անդրանիկի մասին, միջնորդեց նրան նվիրված եւ այդ ժամանակ փականքի տակ դրված աշխատությունները հրատարակելու: «Հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման զինված պայքարի ամենապայծառ դեմքը Անդրանիկն է»,-գրել է նա՝ իր համոզմունքը հիմնավորելով փաստերով:
Իր բեղմնավոր գիտահետազոտական, գիտամանկավարժական, հասարական ու քաղաքական գործունեության համար Մորուս Հասրաթյանը 4 անգամ պարգեւատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով:
Մահկանացուն կնքել է 1979  թ.-ի փետրվարի 25-ին: Նա այն քիչ երախտավորներից էր, որ գիտեր շնչավորել բառն ու բանը, խոսեցնել քարն ու խաչքարը, կենդանացնել մագաղաթն ու դավթարը, եւ այդ բոլորը որպես սրբազան հաց  բաշխել շրջապատին, հասակ առնող սերնդին տալով պատմական անցյալը:
Նրա մահվան առթիվ  ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Վարդան Պարսամյանն ասել է՝
«Քայլող հանրագիտարան, այսպիսին էր բազմակողմանի գիտելիքներ ամբարած, միշտ արթուն, պրպտող ու խորաթափանց մտքի տեր, համեստ ու ազնիվ, ամենքից սիրված ու հարգված մեր անզուգական Մորուսը»:

Ժորա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
25.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *