ԱԿՍԵԼ ΄ԱԿՈՒՆՑ ԼՈՐԻ ԴՊՐՈՑԸ

Լոր  գյուղը ունի  մոտ 70 տուն  բնակիչ, որ զբաղվում է  այգեպանությամբ, երկրագործությամբ եւ անասնապահությամբ:
Գյուղը ունի կրթված երիտասարդություն, որ ապրում է  Բաքվում, մի փոքր մասն էլ՝ Գրոզնիում: Համալսարանականներն ու միջնակարգ դպրոցն ավարտողները գերակշռող տոկոս են կազմում: Մնացածները հանքերում են աշխատում կամ էլ արհեստավորներ են եւ ունեն իրենց սեփական արհեստանոցները:
Պարապմունքներից այգեպանությունը գլխավոր տեղն է բռնում եւ շատ օգտավետ է միայն պտղաբեր տարիներում: Այգիների ծառերի մեծ մասը խնձորենի է, որ այստեղ շատ լավ է աճում, մանավանդ մի քանի տեսակները: Բայց երեք տարի է` ինչ այգիները ոչինչ չեն տալիս, եւ ամբողջ գյուղի վնասը 100 հազարից ավելի է:
Եթե ավելացնենք անօրինակ թանկությունը եւս, աշխատող ձեռքի պակասը, անցյալ տարվա ցորենի չինելը–հասկանալի կլինի գյուղացու ծանր կացությունը: Եվ այժմ գյուղում տուն չկա, որ պարտք չլինի այս նեղ օրերը մի կերպ կառավարվելու համար:
Արդ՝ այսպիսի դրության մեջ մտածել դպրոցի մասին, աչքի ընկնող մի պատվաբեր երեւույթ է, որ գալիս է ցույց տալու, թե ինչպես գյուղացին հասկացել է ուսման անհրաժեշտությունը, որ հացի հոգսի հետ աշխատում է որդուն անուսում չթողնել:
Լորի դպրոցը հիմնվել է դպրոցների վերաբացման հենց առաջին տարում: Հնության կողմից նա կարող է մրցել ուրիշ շատ դպրոցների հետ:
Վերաբացումից հետո եղել են մի շարք ուսուցիչներ, որոնց մեջ նաև Գառնիկ Քալաշյանը: Կարոտով եւ անձկությամբ են հիշում գյուղացիք այդ վարժապետներին, որոնք լավ անուն են վաստակել իրենց աշխատանքով:
Հիմնվելու օրից ի վեր դպրոցը ունեցել է 3 բաժանմունք,  աշակերտների ընդհանուր թիվը 33 է, որից՝ 29 տղա, 4 աղջիկ. մինչդեռ` անցյալ տարիներում 60-ից անցնում էր:
Աշակերտների մեծ մասը Լորից են՝ 24 հոգի, որից  20 տղա, 4 աղջիկ, իսկ Գետաթաղից՝ 7 տղա, Դարաբասից՝ 1: Դարաբասը Լորից հեռու է 2 վերստ, իսկ Գետաթաղը՝ 1: Աշակերտների երթեւեկությունը, ձմեռվա ցրտի եւ բուքի պատճառով, երբեմն ընդհատվում է:
Դպրոցը ունի սեփական շենք, որ շինվել է 1910 թվականին, երիտասարդության եւ գյուղացիների ջանքով: Դպրոցի շենքը ունի երկու մեծ, լուսավոր սենյակ: Պարապմունքները լինում են մի սենյակում, մյուսն ազատ է:
Տարվա ընթացքում եղել է 2 աշակերտական հանդես, 3 զուտ մանկական ցերեկույթ, 3 զբոսանք, 2 ծնողական ժողով եւ հոգաբարձության 6 նիստ: Մի քանի երիտասարդի մասնակցությամբ եղել է 3 ներկայացում, որոնց մուտքը ձրի է եղել. միայն թե կամավոր կերպով հավաքվել է մի գումար՝ լրագրի համար: Ողորմելի է դպրոցի բյուջեն. մոտք՝ Բաքվի երիտասարդությունից՝ 100 ռուբլի, թոշակադրամներից՝ 156 ռուբլի, եկեղեցուց՝ 40 ռուբլի, ուխտատեղուց՝ 40 ռուբլի, գրքերի վաճառումից՝ 9 ռուբլի, ընդամենը՝ 345 ռուբլի: Ելք՝ ուսուցչի ռոճիկ՝ 300 ռուբլի, բնակ. վարձ՝ 30 ռուբլի, թեմական տուրք՝ 10 ռուբլի, դիվանական ծախք՝ 20 ռուբլի, ընդամենը՝ 360 ռուբլի, նվազորդ` 15 ռուբլի:
Այս տարի Վեհափառ կաթողիկոսը բարեհաճել է դպրոցական ֆոնդի գումարներից տարեկան 200 ռուբլի նպաստ նշանակել: Գյուղացիներն էլ ծխական ժողովում որոշել են ծխական տուրք տալ ըստ չափի կարողությամբ: Հասարակությունը դիմում է ուղարկել Վեհափառ հայրապետին՝ Որոտնա ավերակ վանքի կրկնազատկի ուխտի օրվա եկամուտը հատկացնելու դպրոցին: Հոգաբարձությունն էլ դիմել է Գրոզնու և Բաքվի երիտասարդությանը եւ խնդրել է, որ իրենց ռոճիկների մի որոշ տոկոսը հատկացնեն դպրոցին:
Սպասվելիք այդ գումարներով պիտի շենքի պակասները լրացնեն եւ հնարավորություն եղած դեպքում դպրոցը երկդասյան դարձնեն:
Կրթենք գեղջուկի որդուն հայ ոգով, որ հավիտյան վառ մնա հայի օջախը, հուրը՝ անշեջ:

ԼՈՐԻ ԴՊՐՈՑԸ

Ճիշտ այս վերնագրով, 1916 թվականին «Համբավաբեր» հանդեսում, Բակունց Աղ. ստորագրությամբ,  Լորի դպրոցի մասին հոդված էր տպագրել մեր արձակի անկրկնելի մեծերից մեկը՝ Ակսել Բակունցը: Հայոց  սովորույթների ավանդապահ օջախ  Կյորեսում ծնված գրողը Սիսիանի տարածաշրջանի փոքրիկ Լոր գյուղում հայտնվել էր 1915թ նոյեմբերին, որպես աքսորյալ, երբ ընդամենը 16 տարեկան էր, և մնացել մինչև 1916 թ. մայիսը: Ո՞րն էր Բակունցի աքսորվելու պատճառը: Իր հակիրճ կենսագրական տեղեկությունների մեջ արձակագիրը հարցին տալիս է հետևյալ պատասխանը. «Շուշվա «Փայլակ» թերթում Զանգեզուրի ադմինիստրացիայի դեմ ֆելիետոն գրելու համար»1 (Ակ. Բակունց, հ.4, Երևան, 1984, էջ 387): Իրականում ՀՅԴ շարքերում  նոր ընդգրկված, նաև` գրական առաջին փորձերն անող Ակ. Բակունցի  հոդվածն ուղղված էր Գորիսի քաղաքագլուխ, Զանգեզուրում շատ հայտնի Մաթևոս բեկի դեմ և տպագրվել էր անմիջապես նրա վերընտրվելու  նախօրյակին: «Գորիսի պատմություն» գրքում Ս. Հախվերդյանն այդ օրերի իրողությունը հետևյալ կերպ է ներկայացրել. « Մաթևոս բեկը եւ իր եղբայր Միհրանը Գորիսի հայտնի մարդկանցից էին: Եղբայրները Սիսիանի Դարաբաս գյուղից էին եւ, ավարտելով Մոսկվայի Լազարյան ճեմարանը, բնակություն էին հաստատել Գորիսում: 1915 թ. ամռանը Գորիսում պետք է տեղի ունենար քաղաքագլխի վերընտրություն եւ հանկարծ …տպագրվ2011_16ում է մի կծու ֆելիետոն՝ «Թեզ գնացող» ստորագրությամբ: Միևնույն ժամանակ քաղաքի փողոցներում հայտնվում են քաղաքագլխին վարկաբեկող բովանդակությամբ թռուցիկներ: Անմեղ մարդկանց կասկածի տակ չգցելու համար,  Ակ. Բակունցը …հայտնում է, որ ինքն է եղել ֆելիետոնի հեղինակը…»2 (Ս. Հախվերդյան, Գորիսի պատմություն, Գորիս, 1996, էջ176): Անկեղծ արված այս խոստովանությանն ավարտվում է Գորիսի քաղաքապետի կարգադրությամբ՝ Բակունցին  բանտարկելու մասին, որին էլ հաջորդում է մեծ աղմուկը՝ երիտասարդ մտավորական-դաշնակցականին ազատ արձակելու շուրջ*: Բանտարկության 34-րդ օրը Էջմիածնի  Գևորգյան ճեմարանի սան  Բակունցը, որը հայրենի քաղաք էր եկել 1915 թ. մեծ գաղթի պատճառով դասերի ժամանակավոր դադարից օգտվելով, ազատ է արձակվում և «աքսորվում»  Լոր՝ ուսուցչություն անելու: Լորի  հարևանությամբ էր գտնվում է Դարաբասը, այն գյուղը, որտեղից  սերում էր Բակունցին բանտարկող  Մաթևոս բեկը:
Ինչու՞ Բակունցը ուղարկվեց հատկապես Լոր: Կարելի է բազում  ենթադրություններ անել, սակայն պնդել, թե 16-ամյա Բակունցը պատկերացում ուներ Լորի հարուստ պատմա-մշակութային  անցյալի, մանավանդ` դպրոցի   մասին, և դրա համար էլ ընտրեց հենց այդ գյուղը, ճիշտ չի լինի: Բայց որ այդ իրողությունը լույսի շողի պես լուսավորեց լորեցիների  հոգին, անժխտելի է: «Բակունցի` գյուղ գալով, Լորի  սարերում մի նոր արև բարձրացավ»,- գրել  է Համո Սահյանը այդ  մասին3 (Տես՝ Համո Սահյան. Գրչի, խոսքի, խղճի կշիռը, Երևան, 2003, էջ 74): Ամենայն հավանականությամբ, իր սանին Լոր էր  ուղարկել Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հոգևոր խորհուրդը, որը քաջատեղյակ էր դժնդակ այդ տարիներին Հայաստանում գործող սակավաթիվ  դպրոցների կյանքին ու խնդիրներին: «Լորի դպրոցը» հոդվածում  (1916 թ.) Բակունցն ինքն է մեզ տեղյակ պահում այդ մասին՝ գրելով. «Այս տարի Վեհափառ Կաթողիկոսը բարեհաճել է դպրոցական ֆոնդի գումարներից (Լորի դպրոցին -Ծ.Պ.) տարեկան 200 ռ. նպաստ նշանակել…Հասարակությունը դիմում է ուղարկել Վեհափառ Հայրապետին՝ Որոտնա ավերակ վանքի կրկնազատկի ուխտի օրվան եկամուտը հատկացնելու դպրոցին»4(Ակ. Բակունց, հ. 4, Երևան, 1984, էջ 140):
Լորը Սիսիանի ամենագրագետ գյուղն է համարել նաև նշանավոր ազգագրագետ Ե. Լալայանը: Որոշ ժամանակ Սիսիանում բնակվող գիտնականը, որը այդ տարիների Սիսիանի կյանքի յուրօրինակ հանրագիտարանի հեղինակ դարձավ, գրել է. «…Թեև ոչ մի ժամանակ (Լորը-Ծ. Պ.) կանոնավոր  ուսումնարան չի  ունեցել,  սակայն  տղամարդկանց   թվի  երկու  երրորդ  մասը  գրագետ է: Նրանց մեջ կա մի համալսարանավարտ, իսկ 40 հոգի ավարտել է միջնակարգ դպրոցներ: Նույնիսկ գյուղի երկու քահանաներից մեկը ավարտել է Գևորգյան ճեմարանի դպրոցական մասը»4 (Ե. Լալայան, «Ազգագրական հանդես», 1898, N1, էջ 163): Այս տողերից մեկ  տասնամյակ անց, 1908 թ., ինչպես գրում է Բակունցի կենսագիր Ռ. Իշխանյանը ***, Լորում կանոնավոր ձևով սկսում է գործել դպրոցը՝ առանց դպրոցական շենքի, տեղակայվելով եկեղեցում: Երկու տարի է տևում մինչև լորեցիները գյուղում, ինչպես նաև  Բաքու և Գրոզնի քաղաքներում, որտեղ ունեին բավականին հարուստ համայնքներ, անհրաժեշտ գումար են հանգանակում դպրոցի շինարարության համար: Հանգանակությունը կազմակերպում է Լորում հարգանք ու վստահություն վայելող Միքայել Միքայելյանը: Վերջինս գյուղում հայտնի Իրիցանց (Երեցների) տոհմից էր և  իրեն պարտավորված էր  զգում լուսավորության գործում գյուղի առաջխաղացումն ապահովելու առումով: Երբ պատրաստ էր անհրաժեշտ գումարը, լորեցիները նստում են խորհրդի՝ որտեղ կառուցել դպրոցի շենքը: Գյուղի ներսում, փոքրիկ հողակտորներ ունեցող գյուղացիներից և ոչ մեկը չի զիջում իր հողը լուսավոր այդ գործի համար: Փողը՝ տվել էին, իսկ հողը, ահա, չէին  զիջում: Համո Սահյանը, որը նաև գյուղացու հոգեբանության մեծ գիտակ էր, խոսելով այս դեպքի մասին գրել է. « Երբ որոշել են մեր գյուղում դպրոցի շենք կառուցել, ոչ ոք չի համաձայնվել իր հողամասը տալ…Ստիպված դպրոցի շենքը կառուցել են գերեզմանոցում… Ես լավ գիտեմ հին գյուղը և այն իդեալականացնել չեմ կարող»5 (Համո Սահյան. Գրչի, խոսքի, խղճի կշիռը, Երևան, 2003, էջ156): Եվ, իրոք,  Լորի դպրոցի 2011_17շենքը,որը կառուցվեց 1910 թվին, մինչև հիմա կանգնած է Ձիթհանի բարձունքում,  գյուղի գերեզմանի աջ անկյունում: Դպրոցն ուներ երկու սենյակ, որոնց երկայնքով ձգվում էր  գերանակապ նախասրահը: Շենքի տանիքը պատված էր կարմիր թիթեղով, պատերը սվաղած,  սպիտակեցված էին: Այդ տարիներին Լորում միայն դպրոցի շենքն էր թիթեղածածկ, միայն նրա ծածկի գերաններն էին հատուկ ընտրված, միայն դպրոցի շենքն էր այդքան գեղեցիկ և աչքի ընկնող:  Նախասրահի հյուսիսային մասում մինչև հիմա մնում է այն մետաղյա օղը, որից կախվել է դպրոցի զանգը: Լորեցիների պատմելով, զանգը ձուլվել և գյուղ է ուղարկվել  Բաքվի  հայ համայնքի  կողմից, իսկ  գործի նախաձեռնողը երիտասարդ ուսուցիչ Բակունցն էր: Նրա խորին համոզմամբ զանգը, և ամեն օր հնչող նրա ղողանջները դպրության և դպրոցի խորհուրդն էին  ամփոփում իրենց  մեջ: Երկար է ծառայել զանգը դպրոցին, մինչև 1931թ. երկրաշարժը: Այդ տարում զանգը ցնցումներից պոկվելով ընկել է և ճաքել****:   Դպրոցի շենքի վերին հատվածում կանգուն է նաև այն ծառը, որի տակ ընդմիջմանը հավաքվում, զրուցում  կամ վիճում էին երեխաները, դասատուները:
Լորի դպրոցը շուտով մեծ համարում ձեռք բերեց ամբողջ Սիսիանում: Դա, առաջին հերթին, բացատրվում էր նրա կայունությամբ: Պատվախնդիր լորեցիները (այդ թվերին գյուղն ուներ մոտ 70 տուն) իրենց չնչին վաստակով, նաև` Կովկասի տարբեր վայրերում ապրող համագյուղացիների օգնությամբ,  հոգում էին դպրոցի կարիքները, կրթում ոչ միայն իրենց, այլև` հարևան գյուղերի երեխաներին: Լորի դպրոցում սովորելու էին գալիս հարևան  Շենաթաղից, Դարբասից, Գետաթաղից, Ախլաթյանից: Տղաներն ու աղջիկները սովորում էին միասին: Վատ առաջադիմություն ունեցողները մնում էին նույն դասարանում: Դպրոցն ուներ հոգաբարձուների խորհուրդ, որը հիմնականում հոգում էր ֆինանսա-տնտեսական հոգսերը: Ուսուցումը դպրոցում անվճար էր, իսկ գրքերը և գրենական պիտույքները տրվում էին դրամով, որն էլ մաս էր կազմում բյուջեի: Դպրոցը  գյուղի կյանքում նաև յուրօրինակ մշակույթի օջախ էր: Այստեղ  կազմակերպվում էին աշակերտական հանդեսներ, մանկական ցերեկույթներ, էքսկուրսիաներ դեպի բնությունը, պատմական հուշարձանները, որոնցով հարուստ է Լորաձորի ենթաշրջանը: Գյուղի երիտասարդությունը օգնում էր ներկայացումներ կազմակերպելուն: Բակունցի հոդվածից տեղեկանում ենք, որ դպրոցում գումարվել են ծնողական ժողովներ, իրականացվել է գրքերի վաճառք և լրագրի բաժանորդագրություն: Պատահական չէ, որ բոլոր լորեցիները անթաքույց հպարտությամբ պատմում են իրենց նախնիների գրագետ լինելու, տներում հին գրքեր, լրագրեր, լուսանկարներ ունենալու մասին: Այդպիսի մի լուսանկար Սիսիանի թանգարանին է նվիրել լորեցի Թագուհի Հարությունյանը, որը երկար տարիներ ապրել  է Բաքվում: 1988-ի ջարդերից փրկվելով, նա իր հետ Սիսիան էր բերել նաև վերոհիշյալ լուսանկարը: Դրանում պատկերված է նաև  քահանա Տեր-Հովհաննես Գրիգորյանը, մարդ, որը եղել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, կանոնավոր ձևով Բաքվից գյուղ է հասցրել  դպրոցին հատկացված գումարները և հետամուտ եղել դրանց տեղին օգտագործմանը:
Հայրենասեր և անվախ անձ էր Տեր- Հովհաննեսը: Նա ականտեսն էր  1905-06, 1918-19 թ.թ. հայ- թուրքական ընդհարում-կոտորածների, որոնք սարսափելի ընթացք են ունեցել հատկապես Լորաձորում, և որոնք ավելի են խորացրել  նրա սերը դեպի իր անպաշտպան ժողովուրդը:  Ճակատագրի բերումով Տեր-Հովհաննեսը եղել է Տաթևի վանքի վերջին վանահայրը: Իր կրոնավոր լինելու, հայասեր ու հայրենասեր լինելու համար, 1937-ին, բազմաթիվ հայրենասերների հետ,  Տեր- Հովհաննեսը ևս աքսորվել, և, ըստ գյուղում պահպանված տեղեկությունների, սպանվել է Կասպից ծովի Ն2011_19արգիլե կղզում:
Հայությանը հայտնի մարդիկ են դասավանդել, սովորել Լորի դպրոցում: Նրանց թվում են բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը, ճեմարանավարտ, հմուտ մանկավարժ Հովհաննես Ավչյանը, Սիսիանում նշանավոր Տեր -Ղազարյան տոհմից՝ Պատվական Տեր-Ղազարյանը, Ակ. Բակունցը, Մորուս Հասրաթյանը և շատ ուրիշներ: Ինչպիսի հպարտությամբ է գրում Սահյանը իր գյուղի դպրոցի մասին. «Փոքրիկ էր մեր գյուղը, շատ փոքրիկ: Նա Տաթևի մի թաղի չափ էլ չկար, իսկ Բռնակոթը կարող էր մեր գյուղը առնել սինու մեջ, դնել գլխին և անցկացնել Սիսիանի լեռնանցքը: Փոքրիկ էր մեր գյուղը, բայց նա ուներ այնպիսի հարստություններ, որ մեծերը չունեին…դպրոց ուներ նա»6 (Հ. Սահյան, Գրչի, խոսքի, խղճի կշիռը, էջ71):
Ահա այս դպրոցում է սովորել Համո Սահյանը:
Սահյանն ինքը մեկ տարի, հավանաբար Բաքու գնալուց առաջ,  դասավանդել է Լորում,  հաճելի նորություն,  որին  տեղյակ դարձա Մայիսի 9-ի առիթով Սիսիանի թանգարանում Մեծ հայրենականի  վետերանների հետ հանդիպման ժամանակ:
-1936-37թ.թ. Լորի դպրոցում  ինձ դասավանդել է երիտասարդ Համո Սահյանը,- պատմեց պատերազմի  վետերան  շենաթաղցի Ասատուր Մարտիրոսյանը:- Երիտասարդ էր, ավյունով լի: Համարյա ամեն օր, դասի ժամին, մեզ համար  կարդում էր իր բանաստեղծությունները, անընդհատ հարցնելով՝ ո՞նց է, հավանու՞մ եք: Տկլոր, սոված էինք բոլորս անխտիր: Բայց երանի այդ օրերին: Այդ հետո կյանքը նրան փոխեց՝ դարձնելով  լռակյաց, քչախոս: Բայց մեկ է, նա էլի մնաց մերը, իր Լորինը, ինչպես որ գրել է:
Լորի դպրոցը շատ երկար տարիներ գործեց կարմիր տանիքով շենքում՝ հետաքրքիր, գեղեցիկ, իր գրկում թանկ հուշեր, իրադարձություններ պահող շենքում: Հիմա գյուղը նոր դպրոց ունի՝ հար և նման տիպային այն շենքերին, որ կառուցված են Հայաստանի բոլոր քաղաքներում, մեծ ու փոքր գյուղերում: Դպրոցի երկրորդ հարկում, իրար հարևանությամբ, երկու անկյուն կա ստեղծված. դրանցից մեկը նվիրված է Բակունցին, մյուսը՝ Սահյանին:
Մեծերը միմյանց չեն խանգարում:
Նրանցից յուրաքանչյուրը մեծ է յուրովի, իր տեղում:

______________________________________

*Բակունցը իր համառոտ կենսագրության մեջ նշել է, որ ինքը 1915 թ-ից եղել է Դաշնակցության անդամ՝ Գորիսում, ապա՝ Երևանում, մինչև 19 թ-ը (թիվը և կուսակցությունից հեռանալու պատճառները նշված չեն):
**(Լորի մասին տես՝ Շ. Դավթյան «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», Երևան, 1997, էջ 56-61):
Այո, Լորը միշտ մտահոգ  է եղել դպրոց ունենալու, երեխաներին կրթություն տալու, և, ընդհանրապես, մարդկանց հոգևոր սնունդը ապահովելու գործում: Այս առումով  Լորի, ինչպես նաև նրա՝ որպես  Սյունիքի  հնագույն և նշանավոր  բնակավայր լինելու մասին իր « Սիսիանի բնակավայրերի պատմությունը»** գրքում դրվատանքով է  գրել Շ. Դավթյանը: Հեղինակի պնդմամբ, Սիսիանում, Որոտշահերից սկսած, Լորը եղել է դպրության ու մշակույթի կենտրոն, ուր հաջողությամբ ձեռագրեր են արտագրվել, մատյաններ ծաղկվել, պատրաստվել  հայ եկեղեցու խոնարհ աստիճանների սպասավորներ:
***Շ.Դավթյանի մոտ Լորի դպրոցի հիմնադրման թիվ է բերված 1905-ը: Նա հավանաբար նկատի ունի Բակունցի այն պնդումը, ուր ասվում է, որ Լորի դպրոցը սկսել է գործել հայոց դպրոցների վերաբացման առաջին տարում:
****Լորի դպրոցի զանգը պահվում է Սիսիանի պատմության թանգարանում, որպես հայ մշակույթի երկու մեծերի՝ Ակ. Բակունցի և Համո Սահյանի մասին հուշեր արթնացնող մասունք:

Ծովինար Պետրոսյան
Ն. Ադոնցի անվ. Սիսիանի
պատմության թանգարանի տնօրեն

Հ. Գ. Իմ խնդրանքով Ա. Մարտիրոսյանը գրի է առել իր հուշերը, որը պահվում է թանգարանի նոր ստեղծվող «Համո Սահյան» ֆոնդում:

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *