ԱՂԱՍԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՑԱՎ, ԹԵ ՈՐՆ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԸ

ՎԵՐՋ` ԱՂԱՍՈՒ «ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻՆ». ՍԻՍԻԱՆԸ ՊԻՏԻ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ «ՓՈՐՁԱՆՔԻՑ»


Իր պաշտոնավարման մեկամյակի հաշվետվության առթիվ 2009 թ.-ի դեկտ. 17-ին Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում հրավիրած հանդիպման ժամանակ Աղասի Հակոբջանյանն ասել է, որ` «մեկ տարին իր համար փորձարարական շրջան էր, նոր-նոր է հունի մեջ մտնում, եւ նոր է հասկանում, թե ինչ է քաղաքապետի պաշտոնը»:
Պաշտոնավարման չորրորդ տարում Սիսիանի մշակույթի կենտրոնում 2012 թ.-ի հուլիսի 20-ին ուսանողության եւ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ նույն Աղասի Հակոբջանյանն ասում է` «4 տարին բավական չէ, 4 տարին փորձաշրջան էր ինձ համար` ի շահ մեր Սիսիանի յուրաքանչյուր համայնքի անդամի շահի, ոչ թե անձնական նպատակներից ելնելով» եւ նշում, որ «ունի ղեկավարման շատ լուրջ կենսափորձ եւ տիրապետում է բոլոր ոլորտներին» ու երկրորդ անգամ ընտրվելիս երիտասարդներին խոստանում «սիսիանցուն վայել Սիսիան, այլ` ոչ թե`բամբասանքով, այլ` ոչ թե` թալանված, վաճառված Սիսիան», ու նրանց հորդորում` «եկեք մտածենք, որ երիտասարդության ուժը զգամ իմ թիկունքում, ես շատ բարձր արժանապատվությամբ կխոսեմ, իմ թիկունքին կանգնեք, ինձ աշխատեցրեք»:
Ցավոք, քաղաքապետի պաշտոնը, ըստ Աղասի Հակոբջանյանի, «փորձադաշտ է», Սիսիանն էլ, երեւի, «փորձաքար», իսկ կայանալու համար 4 տարին դեռեւս քիչ է, եւ նա ցանկանում է եւս 4 տարով Սիսիանը հանձնել իր հերթական չկայացման փորձության վտանգին:
Լացս զսպեմ, ու քո ցավը տանեմ, Սիսիան, որ «փորձանքներից», «փորձաքարերից», «փորձադաշտերից», «փորձություններից» չես պրծնում…
Չցանկանալով կրկին անդրադառնալ երիտասարդների` Աղասուն հավատալ-չհավատալուն, խոսենք այդ հանդիպման ընթացքում նրա` որպես համայնքի ղեկավարի պահվածքի, մտածելակերպի, գործելակերպի մասին` վկայակոչելով միայն ու միայն իր մտքերը, իր պատկերացումները, իր դատողությունները մարդկանց եւ երեւույթների վերաբերյալ:
Մի բան միայն հավելենք. եթե պաշտոնավարման մեկամյակի ժամանակների Աղասու խոսքի եւ պահվածքի մեջ դեռեւս որոշակի ինքնավստահություն կար եւ Սիսիանը «կործանումից փրկող առաքյալի» իմիտացիան դեռեւս իներցիայով պահում էր, ապա պաշտոնավարման ավարտի շեմին նրա պահվածքը, ձայնի տոնը, երիտասարդներին հաճոյանալու բառաֆոնդը ամբողջությամբ ընտրաձայն մուրացողի, չկայացած, խեղճուկրակ պաշտոնյայի, սիսիանցիների հիասթափությանն ու անվստահությանն արժանացած մարդու պահվածք էր, ով պատրաստ էր ամեն գնով կրկին մնալ վաղուց տանուլ տված քաղաքական խաղադաշտում:
Խոսելով իր արտասահմանյան` ժողովրդի մեջ տարածված «անպտուղ», իր կարծիքով` «պտղաբեր» շրջագայությունների, Բելգիայում բնակվող սիսիանցի բարերարի` Սիսիանին տված օգնությունների, աղբահանության, լուսավորության, բարեկարգման, քաղաքաշինության, սպորտի, մշակույթի մասին, «մոռացավ» խոսել համայնքի ղեկավարի հիմնական դերի` համայնքի, նրա բնակչի շահերի պաշտպանության եւ համայնքային գույքն արդյունավետ կառավարելու մասին: Ակնկալվող` հաջորդ 4 տարում էլ պիտի, հավանաբար, այդ «փորձաշրջանը» հասկանա, ավաղ, միայն, որ արդեն ոչ համայնքի 2012_117եւ նրա բնակչի շահը պաշտպանելու տեղ է թողել` այն անխնա ոտատակ տալով, ոչ էլ` համայնքային գույք, որ արդյունավետ կամ` ապարդյուն կառավարելու մասին խոսք լինի:
Որ Սիսիանի համայքի եւ նրա բնակչի շահը ոտատակ տվեց ու ստորադասեց իր անձնական, մասնավոր, սեփական շահին, սիսիանցիները կոնկրետ փաստերով դրանում համոզվել են ՀՀ վարչապետի` Սիսիանում ունեցած հանդիպմանը` նրա չհրավիրվելու փաստով:
Արհամարհելով համայնքի բնակչի շահը եւ չկարողանալով լինել դրա պաշտպանը իր անճարությունը փորձել է արդարացնել վատաբանելով «հասարակ» սիսիանցիներին, որ իր «ճաճանչափայլ մեծության» համեմատ Սիսիանի եւ սիսիանցու շա՞հ պիտի պաշտպանեն երկրի վարչապետի մոտ, իսկ ծագումով «ոչ սիսիանցի» տաքսու վարորդին էլ ծաղրել, թե, տեսեք, նա է Սիսիանի շահը պաշտպանում: Տաքսու վարորդը ընդամենը իր քաղաքացիական, մարդկային, Սիսիանի բնակիչ ու լրագրող լինելու պարտքն էր կատարում, իսկ, այ, համայնքի ղեկավարը պարտավոր էր եւ ի պաշտոնե էր կոչված համայնքի եւ նրա բնակչի շահերը պաշտպանել, ինչի գիտակցումը այդպես էլ չկարողացավ ունենալ:
Համայնքի եւ նրա բնակչի շահը սեփական շահին ստորադասելու ամենաչներվող քայլերից մեկը, ըստ սիսիանցիների, այն փողոցի ասֆալտապատումն է, որտեղ ապրում է…ինքը:
Ոչ ոք դեմ չէր, որ Սիսիանում, գոնե, մի փողոց հիմնավորապես ասֆալտապատվի: Ինքն էլ է հաճախ կրկնում, որ ՏԻՄ կառույցը 16 տարվա պատմություն ունի, եւ եթե երկու տարին մեկ մեկ փողոց ասֆալտվեր, այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք: Ուղղակի նորից է «մոռանում» ասել, որ 16 տարվա մեջ որեւէ քաղաքապետի օրոք Սիսիանում փողոցներն այնպես հիմնահատակ չեն քանդվել ու ավերվել, ինչպես իր աշխատելու տարիներին, որեւէ քաղաքապետի օրոք Սիսիանն այնքան ետ ընկած ու անպաշտպան, սիսիանցին այնքան հիասթափված ու հուսահատված չի եղել, ինչպես` իր պաշտոնավարման ժամանակ, որեւէ քաղաքապետի օրոք Սիսիանն այնքան անտեր, անմիաբան ու խեղճ չի եղել, ինչպես` իր ժամանակ, որովհետեւ չկարողացավ ոչ միայն արդյունավետ կառավարել եղած համայնքային գույքը, այլեւ` սկսեց եղածն էլ անխնա ու ընտրաձայնի դիմաց բաժանել ու ոչնչացնել` շարունակելով զարմացած մնալ իր` քաղաքապետ լինելու վրա:
Իսկ ուսանողուհիներից մեկի` Ռուզաննա Հովհաննիսյանի` «ինչո՞ւ չի ասֆալտվում եկեղեցի, պանթեոն, գերեզմաններ տանող ճանապարհը, որտեղով ամեն օր մարդկային հոծ բազմություն է անցնում» հարցին տալով ամենաողորմելի պատասխանը` ասաց. «էդ փողոցը ասֆալտ չի պահում, ջրերը ողողում-տանում են ասֆալտը, այն պիտի սալահատակվի, ինչն էլ ֆինանս է պահանջում, եւ քանի որ բոլորս ենք այդ ճանապարհով գնում, համաժողովրդական հանգանակությամբ այն պիտի ասֆալտապատել»:
«Համաժողովրդական»  սիսիանցին, եթե նրա համար գրոշի արժեք ունենար, համապետական` 82 մլն դրամով ա՛յդ փողոցը կնախընտրեր ասֆալտել, ոչ թե` հատկապե՛ս այն, որտեղով հարյուր անգամ ավելի պակաս մարդ է երթեւեկում: Այդ փողոցում, ուղղակի, ապրում է ի՛նքը` ինքնամեծար ու ինքնասիրահարված մարդը:
Համայնքի բնակչի շահը սեփական ամբիցիաներին զոհելու օրինակ էր նաեւ նույն ուսանողուհու` «Սիսական փողոցի մայթին առաջացած գարշահոտ ու անանցանելի ճահիճը վերացնելու» մասին հարցը, որին քաղաքապետի տված պատասխանն ավելի քան անհեթեթ էր ու հավակնոտ` ասելով. «Կհանձնարարենք ջրմուղ-կոյուղուն` էդ հարցին լուծում կտա» ասելով:
Ենթադրենք` ուսանող աղջնակը չի պատկերացնում քաղաքային տնտեսության կառուցվածքը, բայց հո Աղասին լավ գիտի, որ «ջրմուղ-կոյուղուն հանձնարարություն տալու» որեւէ իրավունք, իրավասություն, լիազորություն չունի, բացի… խնդրելուց: Իսկ` խնդրե՞լ, այն էլ` հանուն համայնքի բնակչի շահի՞… «Ճաճանչափայլ» համայնքապետը ի զորու չէ հանուն համայնքի բնակչի խնդրել, բայց` ա՛յ, հանուն իր վերընտրվելու խնդրում է, աղաչում, քծնում, հաճոյանում, աշխատանքի խոստումով կաշառում, որ հետո…մոռանա` նույն մարդկանց նկատմամբ լցվելով քենով եւ վրեժխնդրության տենդով:
Համայնքի ու նրա բնակչի շահը պաշտպանելու փոխարեն, ընդհակառակը, տույժերով ու տուգանքներով, ահաբեկելով, վրեժխնդիր լինելու սպառնալիքներով է վախեցնում  Չարենցի փողոցի այն բակիչներին, ովքեր իրենք են փորձել իրենց շահերը պաշտպանել հենց Աղասու ոտնձգություններից` նամակ գրելով երկրի նախագահին: Ու էս տեսակ քինախնդիր, վրեժխնդիր, հաշվեհարդարի պատրաստ քաղաքապետը, պատկերացրեք, թե որքա՛ն ատելությամբ, որքա՛ն դաժանությամբ ու որքա՛ն «բեսպրեդելի» գործելաոճով պիտի երկրորդ անգամ պաշտոնավարի, եթե…Եվ` խոստացել է, որ… «սաղի հերը անիծելու է»…
Ինչ-ինչ, սիսիանցիները, գոնե, սա շատ լավ են հասկանում եւ բացառում են իրենց համայնքի ղեկավարումը երկրորդ անգամ նման հաշվենկատ ու քինախնդիր մարդու վստահելը…
Նույն օրը Աղասին մի քանի անգամ հնչեցրեց, թե` «երբ դարձել է քաղաքապետ, ընդամենը ստացել է մեկ կնիք եւ մեկ աղբատար մեքենա» եւ «ես չեմ ոչնչացնում», երեւի ինքը «կառուցապատում է»: Մինչդեռ` սիսիանցիներն ասում են, թե նրա պաշտոնավարման օրոք նույնիսկ մայթ ու գազոն չի մնացել ծախծխելու:  (Այս հանդիպումից հետո է «Որոտանը» տպագրել ահռելի չափերի հասնող այն օտարումների մասին, որ Աղասին կատարել է ապօրինի եւ օրենքների կոպիտ խախտումներով¤: Հավանաբար` սա է Աղասու` Սիսիանի համայնքային գույքի «արդյունավետ» կառավարման ընկալումը, ու, գուցե նաեւ` իրենց տնի՞ց էր բերել այն հսկայական տարածքներն ու գարաժատեղերը, որ օտարում ու ծախում է` ձայն կորզելու ակնկալիքով: «Բարերար» մարդ է, ի՞նչ կա որ…
Դժբախտությունն այն է, որ նրան թվացել ու թվում է, թե համայնքի ղեկավարի հիմնական գործը «զիբիլ թափելն է, հյուր ընդունել-ճանապարհելը, ֆուտբոլ խաղալը, երիտասարդությանը օգոստոսի 12-ով խաբել-մոլորեցնելու տաշի-տուշին, սայլուտի ծխածածկույթով մարդկանց աչքերը փակելը, տոնածառ ջան տոնածառը, նախընտրական ասֆալտով «ֆռռացնելը», ԱԺ ընտրությունների` բարգավաճյան տրակտորների «ղջին» համայնքապետի ընտրություններում մարզադահլիճ կառուցելու «ղջի-ղջիով»  փոխարինելը, դեռեւս չկառուցված այդ մարզադահլիճի` բոլոր հաստիքներն ու պաշտոնները բոլորին արդեն խոստացած լինելու պրիմ2012_118իտիվ եղանակը, 15 տարվա նաֆտալինոտ` քաղաքապետարանի կառավարումը 1 օրով երիտասարդներին հանձնելու գայթակղումը, անգամ` աշխատավարձ տալու խոստումով` նրանց հանրային գործի` բնակելիների մուտքերը ներկելու մեջ ներգրավելը: Վատ չէր լինի, որ կոմունալի խեղճ ու կրակ աշխատակիցների խղճուկ աշխատավարձը տար:
Ու, բնական է, որ սիսիանցիներն այսքանից հետո պիտի խորապես հիսաթափվեին իրենց համայնքը իր համար «փորձադաշտ», քաղաքապետի պաշտոնը` «փորձաշրջան» դարձրած Աղասուց:
Ցավոք, դա գիտի ու խոստովանում է անգամ ինքը. պաշտոնավարման մեկամյակի հաշվետվության ժամանակ նա ասել է` «էսքան ժամանակ ոչ մի կուսակցության ղեկավար ոչ մի անգամ չի մտել քաղաքապետարան, ասի` ո՞նց ես, ո՞նց չես…»:
Պաշտոնավարման ավարտի շեմին երիտասարդներից մեկի` համաքաղաքային շաբաթօրյակներ կազմակերպելու մասին նրան տված հարցին պատասխանելիս ասաց` «3-4 ամիս առաջ շրջել եմ բոլոր բակերով, թաղերով, կոմունալի տեխնիկան տրամադրել, բնակիչներին կոչ արել այսինչ օրը, այսինչ ժամին մասնակցել մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին: Եվ ի՞նչ եք կարծում` պատասխանը` լռությո՛ւն: Զրո՛»: Իրեն համարժե՛ք վերաբերմունք:
Ուրիշ ի՞նչ պիտի լիներ Սիսիանի եւ նրա բնակչի շահը 4 տարի շարունակ ոտատակ տված եւ միայն սեփական անձի ու ընտանիքի, սեփական նկրտումների համար պաշտոնավարած քաղաքապետի` հանրային գնահատականը: Արհամարհա՛նք: Զրո՛:
Իսկապես, չընկալելով վստահության ալիքի վրա համայնքապետի պաշտոնն ստանձնելու ողջ լրջությունն ու կարեւորությունը, չկարողացավ դուրս գալ բամբասանքների, ուրիշներին մեղադրելով` ինքնաարդարացման բարդույթից, արդեն երիտասարդներին  հորդորելով «ներողամիտ ու հանդուրժող լինել իր հանդեպ», քանի որ` «երբ ես քաղաքապետ չէի, նախորդ քաղաքապետին քննադատում էի, բայց երբ ես դարձա, տեսա, տեսնում ես` ինչեր կա, արդեն մի քիչ զսպվածություն ես ցուցաբերում, ասում ես` եթե լիներ, կանեին, եթե հնարավորություն լիներ, իրենք կանեին»:
Իսկ ինքը, որ «ժառանգություն է ստացել ընդամենը «մի կնիք եւ մի աղբատար մեքենա», ի՞նչ աներ խեղճը դրանով, որ կրկին «վայելեր դյուրահավատ» սիսիանցիների վստահությունը:  Այնպես որ, ըստ իրեն, սիսիանցիները «ըմբռնումով պիտի վերաբերվեն եւ ներեն» իրեն, որ 4 տարվա «փորձաշրջանն» անցնելուց հետո էլ չկարողացավ կայանալ որպես քաղաքապետ, քանի որ…ընդամենը «մեկ կնիք եւ մեկ զիբիլի մաշին» էր ժառանգություն ստացել…
Այս հանդիպումը բացահայտեց Աղասու բնավորության ու վարքագծի այլեւայլ որակներ, որոնցից ամենանողկալին սուտ խոսելն էր: Բացահա՛յտ սուտ: Երիտաս2012_119արդությանը մոլորության մեջ գցելու կամ, գուցե, Աղվան Մինասյանի անունը շահարկելու եղանակով, ում պոեզիան սիրում են ջահելները, ասաց` «Աղվան Մինասյանի անվան ՄՊՍԿ-ում, որը մազապուրծ կարողացանք ետ պահել վաճառքից, այսօր տեղակայված է քիք-բոքսինգի մարզադահլիճը»:
Որ տարածքն, իսկապես, ետ է պահվել «մազապուրծ վաճառքից», իրոք, այդպես է, բայց դրա հետ մասնավորաբար Աղասին որեւէ կապ չունի եւ չէր կարող ունենալ, որովհետեւ այն «մազապուրծ վաճառքից» փրկվել է այն ժամանակ, երբ դեռ Աղասը ընդհանրապես քաղաքապետ չէր: Նշյալ տարածքը  օտարումից փրկվել է միայն ու միայն «Որոտան» թերթի եւ ՄՊՍԿ-ի 3-4 աշխատակիցների համառ, անզիջում, երկարատեւ պայքարի արդյունքում, ինչի մասին անհերքելի փաստերը պահպանված են գրավոր տեսքով` «Որոտանի»` 2008 թ.-ի հունիսի 10-ի «Սիսիանին…կազինոն էր պակաս», 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ի «Որպես բողոքի եւ բոյկոտի նշան` լքեցին աշխատասենյակը» եւ 2008-ի նոյ. 28-ի «Գոռացել են, որ…շշկռվեն, էն էլ…» հրապարակումների մեջ, երբ Աղասին քաղաքպետ չէր: Սուտ խոսելը վայե՞լ է քաղաքապետին, պաշտոնյային, տղամարդուն, մարդուն…
Եվս մի խնդիր, որին ամենաքիչը կցանկանայինք անդրադառնալ, բայց` անտեսել չենք կարող:
Տեղին-անտեղի, նաեւ` այդ օրը Աղասն ասաց` «Երբ ես պաշտոնավարում էի, ինձ համար շատ զարմանալի էր, որ մինչեւ 2008 թ.-ի նոյեմբերը Համո Սահյանի անունով ոչինչ անվանակոչված չէր», եւ, երեւի, ըստ իրեն, մեծ պատիվ է արել Համո Սահյանին, որ հիմնանորոգված մշակույթի տունը ի՛նքն է նրա անունով անվանակոչել: Կարելի էր եւ շրջանցել, մտածելով, որ` դե, քաղաքապետ է, սիսիանցիներն էլ շատ են սիրում Սահյանին, նրա անունը հաճախ տալը, նրա լուսանկարը աշխատասենյակի պատին կպցնելը գրագիտության, ինտելեկտի, Սահյանագիտության նշան պիտի համարվի: Վատ բան չկա դրա մեջ` մեր կարծիքով: Բայց, ցավոք , ամեն մեկին թվացել ու թվում է, որ իր անունը Սահյանի անվան կողքին դնելով կամ` հնչեցնելով, մնալու է պատմության մեջ եւ դա առանձնապես պատիվ է բերելու… Սահյանին: Երբեմն մարդկային մոլորությունները կարելի է հասկանալ, սակայն Սահյանը դրա կարիքը չունի: Նրան մեծարելը մե՛զ է պետք, ոչ` իրեն:
Բայց երբ «Ազգ» թերթում տպագրված Շչորս Դավթյանի «Երբ գալիս է սեպտեմբերը» հրապարակմանը հաջորդած` «Հրապարակ»  թերթում տպագրված Աղասի Հակոբջանյանի «Երբ գալիս են ընտրությունները» պատասխանում կարդում ես «Մինչեւ վերջերս Սահյան սիսիանցին ոչնչով արժեւորված, կարեւորված չէր: Քաղաքում չկար նրա անունով ոչինչ» տողերը, ուրիշ բան չի գալիս մտքիդ, քան` «Խի՛ղճդ մեռնի, աշխա՛րհ, մո՛ւխդ մարի» սահյանական տողերը: Ստացվում է, որ 2008-ի նոյեմբերից հետո, երբ ինքը դարձավ քաղաքապետ, եկավ ու հանկարծ… Համո Սահյանին «բացահայտեց», «արժեւորեց-կարեւորեց» սիսիանցիների համար` մշակույթի տունը նրա անունով անվանակոչելու… որոշում կայացնելով: Ո՞նց կլիներ… Բա` չասե՞ս` Խի՛ղճդ մեռնի, աշխա՛րհ…
Ինքը, երեւի, անվանակոչության որոշում կայացնելու «տաժանակիր աշխատանքից»  հոգնած-դադրած չի կարողացել հիշողությանը նեղություն պատճառել եւ միանշանակ չգրել, թե`«Սահյան Սիսիանցին մինչեւ վերջերս ոչնչով արժեւորված, կարեւորված չէր» անհեթեթությունը: 1999-ին Սահյանի քանդակը պատվիրելը  եւ 2004-ին տեղադրելը արժեւորում չէ՞: Նրա գրական, ստեղծագործական հսկա ժառանգությունը հավքել, խմբագրել-հրատարակելը արժեւորում չէ՞, «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի ստեղծումը, նրա գրական ժառանգության հանրահռչակումը, գրքերի, հուշերի  տպագրումը, վերատպագրումը  արժեւորում չէ՞: Թե՞` եթե դրանում Աղասը դեր չունի, արժեզուրկ է:
Ով` ով, գոնե Շչորս Դավթյանը, ում դեմ վերոհիշյալ հրապարակման մեջ սուր է ճոճում Աղասը, ամենաշատն է վաստակել Սահյանի մասին խոսելու, գրելու, քննադատելու, պահանջելու իրավունքը, պատիվը, արտոնությունը` լինելով նրա 2012_120ժամանակակիցը, ուղեկիցը, ընկերակիցը, զրուցակիցը, խոհակիցը, բաժակակիցը, նրա գրական ժառանգության «հավաքարարը», «մաքրարարը», «կազմարարը», քաջագիտակը: Իսկ նրա պոեզիայից կմ-ով հեռու մեկը, այն էլ` զբաղեցրած պաշտոնի ընձեռած հնարավորության սահմաններում, հանկարծ ու… անվանակոչության որոշում է կայացրել… Բա նորից չասես` Խի՛ղճդ մեռնի, աշխա՛րհ…
Ինչ վերաբերում է նույն պատասխանում Աղասու գրած` «Սիսիանում կատարվող միջոցառումները սկսվում են Սահյանի հուշարձանին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով» տողերին, հիշեցնենք Սահյանին «արժեւորող» քաղաքապետին, որ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելիս ինչո՞ւ մեկ անգամ չնկատեց պատվանդանի` 3 տարի շարունակ թափված քարերը, եւ սարքել տվեց միայն «Որոտանի»` 2012 թ.-ի ապրիլի 25-ին պտագրված «Համո Սահյան ասա, նստիր ու լաց եղիր» կսմիթից հետո…Սա՞ է նրա` Սահյանական արժեւորումը եւ կարեւորումը;
Մարդը «համ` ճառ չի ասելու, համ` զանգ կախի»…
Այնինչ` պոետը պատգամել է` «Հող ու ջուր չեմ ուզում ձեզանից, Երեսիս հողով մի տվեք, Ճյուղերս մի տարեք շուկա, Ծաղիկս փողով մի տվեք…»:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ԱՂԱՍԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՑԱՎ, ԹԵ ՈՐՆ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԸ համար

  1. Ռիտա Հովսեփյան says:

    Իմ սրտից ես գրում։ 1995 թ.-ի Սիսիանը ավելի լավ վիճակում էր; քան 2015թ.-ի։ 20 տարի անց այցելեցի Սիսիան եւ այն տխուր ու մոլորված գտա։

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *