ԱՂԱՍԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԾԱՂՐԵՑ ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԻՆ

Հենց միայն այն փաստը, որ Աղասու պես ձախողված, չկայացած քաղաքապետին ու սնափառ մարդուն կրկին փորձում են փաթաթել Սիսիանի վզին, խորապես վիրավորել է սիսիանցիներին` մեծ խորշանք առաջացնելով ոչ միայն նրա, այլեւ` նման էժանագին «դաբրոյով» նրան իշխանություն «խոստացողների» հանդեպ:
Այս «դաբրոն» սիսիանցիներն ընդունեցին որպես աննախադեպ ծաղր` ուղղված իրենց  արժանապատվությանը, իրենց ինքնասիրությանը եւ ընտրողի` իրենց կամքին ու իրավունքին:
«Վերեւների»` Սիսիանին ծաղրելու նման վերաբերմունքը, սական, կարծես «թեւավորել է» նաեւ Աղասուն, ով ինքնամեծար ու ինքնասիրահարված լինելով հանդերձ, «դոզավորվել է»  այդ «դաբրոյավ», եւ իր հերթին էլ ինքն է ծաղրի ենթարկում Սիսիանին ու սիսիանցիներին:
Նախընտրական քարոզարշավի նրա ցուցապաստառները սիսիանցիներին ծաղրի ենթարկելու աննախադեպ օրինակներն են, ինչը նրան մեկ անգամ եւս ճանաչելու եւ հենց միայն դրանով նրան մերժելու բավարար պատճառ է:
Իրականում` խուճապի եւ տագնապի մեջ, ցուցապաստառների կարգախոսներով` սիսիանցիներին արհամարհելու ու սիսիանյան` իրեն մերժած լինելու հանրային կարծիքի վրա« թքած ունեցողի կեցվածքով» է ներկայանում համայնքին, ինչը անպարկեշտ է:
4 տարի Սիսիանը քարուքանդ անելուց, Սիսիանի վերջին մնացորդները ծախծխելուց, քարը քարին չդնելուց, փոշաթաթախ, կեղտակոլոլ, ցեխոտ քաղաք պահելուց, Սիսիանի արժանապատվությունը ոտատակ տալուց հետո քաղաքի ֆոնին «դոշ տված» նկարվել ու սիսիանցիների դատին ներկայանալ «Բարեկեցիկ Սիսիան, Արժանապատիվ Սիսիան» իռոնիկ կարգախոսով ուրիշ բան չի նշանակում, քան` սիսիանցիներին ուղղված նրա անթաքույց ծաղրն ու ձեռ առնելը: Էստեղ են ասել` «ծաղր, ծաղր, ուր ես գնում, ասում է` գնում եմ` մարդ ծաղրեմ»:
Իսկ արտասահմաններում իր ընտանիքի անդամների հետ ֆռֆռալը «Համագործակցություն` հանուն Սիսիանի ապագայի» կարգախոսով ներկայացնելը, մեղմ ասած, ուղղակի մեծամիտ «զջի էր» աղքատ, օրվա հացի կարոտ, գործազուրկ, հուսահատ, իր երեխային արտասահմաններ ֆռռալու տանել չկարողանալուց խեղճացած ծնողներին, ովքեր միայն ատելությամբ ու խորշանքով լցվեցին «ընտանեկան ալբոմի» պատկերացումներից այդպես էլ դուրս գալ չկարողացող քաղաքապետի հանդեպ: Այն քաղաքապետի, ով 4 տարի շարունակ իր անճարությունն ու անգործությունը, Սիսիանի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը արդարացնում էր «համայնքային բյուջեում փող չկա» ասելով:  Իսկ համայնքային բյուջեում փող, իհարկե, կար արտասահմաններում իր ընտանիքի անդամներից եւ ոչ սիսիանցիներից կազմված համայնքային պատվիրակության անվան տակ   իր  «արգասաբեր» պտույտների համար` «հանուն Սիսիանի ապագայի»: Իրականում, հանուն Սիսիանի ապագայի, կարելի էր, անշուշտ, այդ գումարներով քարուքանդ փողոցներ փոսալցնել, մի քանի մանկական խաղահրապարակ դնել, մի քանի գրոշով ավելացնել մանկապարտեզի աշխատողի խղճուկ աշխատավարձը եւ այսօր ստիպված չլինել նսեմ ու անպատվաբեր «դաբրոներով» փաթաթվել Սիսիանի վզին` արժանանալով հանրային ատելության:
Սիսիանցիներն, իհարկե, հումորի վերածեցին Աղասու «ծաղրը» իրենց հանդեպ եւ իրենք ծաղրեցին նրան` ասելով` «Սիսիանից փողոցի նմուշ է տարել Ֆրանսիա` փորձի փոխանակման», ափսոս, միայն, որ այնտեղից չկարողացավ լավ փորձ յուրացնել. իր խելքի բանը չէր: Հումորը սրանով չավարտվեց. սիսիանցիները ձեռ առան նրան ասելով` արտասահմաններում ֆռֆռալուց հետո բա ո՞նց է հարկ համարում իր «թանկ ոտքը» հպել Սիսիանի կեղտոտ փողոցներին:
Թե ինչու է Աղասին այդքան թերագնահատում սիսիանցիներին, զարմանալի է:  Բայց նրանք հասցրեցին հումոր անել նաեւ նրա` չափազանց բարձր կախած ցուցապաստառների համար: Որ չպատռելու, չպոկելու մտավախությունից է այդպես արել, միանշանակ է, բայց… «ցածրում կանգնածներին` հասարակ մահկանացուներին այդքան վերից նայելը» էժան չի նստելու նրա վրա. ընտրախցիկ մտնող սիսիանցին, ջնջելով նրան, գոնե, այդ կերպ է փորձելու մեղմել իր զայրույթը, բողոքը, ատելությունը իրեն այդքան թերագնահատած Աղասու հանդեպ:
Նրա` սիսիանցիներին ծաղրելու կարգախոսների «գլուխգործոցը», սակայն «Սիսիանի հոգսը իմ հոգսն է» բովանդակությունն ունի:
Որ Սիսիանի հոգսը 4 տարվա մեջ մեկ վայրկյան անգամ իրենը չի եղել ու չէր կարող լինել, այդ մասին անգամ խոսել չարժե. սիսիանցիները նրա գնահատականը տվել են «հրապարակապետ» եւ «հյուսիսային պողոտա ասֆալտող» պիտակներով: Բայց որ ինքն է հոգս դարձել սիսիանցիների համար, դա էլ հո ողջ Սիսիանը գիտի, եւ, վերջապես ընձեռված այս առիթը կօգտագործի` «Աղասի-հոգսից» ազատվելու համար:
Հիմա անդրադառնանք «Երիտասարդության հետ, երիտասարդության կողքին» կարգախոսին:
2008-ին իշխանության գալով «Համայնքի ուժը միասնությունն է» կարգախոսով` ադրբեջանցու ասած` էնքան «միասում-միասում» ասաց, միայնակ մնաց, հիմա էլ հույսը դրել է երիտասարդությա՞ն վրա: Բայց երբ երիտասարդներին աշխատանքով ապահովելու հարց են տալիս, ասում է` ես ինչ ունեմ, 4 մանկապարտեզ, ո՞ւմ հանեմ աշխատանքից, քեզ տեղավորեմ: Երիտասարդների կողքին լինել` նրա համար նշանակում է միայն նրանց հետ նկարվե՞լ…
2008-ի նախընտրական բուկլետում գրել է` «Օգտվել սիսիանցու պարզությունից, ազնվությունից եւ հերթական անգամ խաբել նրան, կնշանակի նրա մեջ մեռցնել ապագայի ու արդարության նկատմամբ հավատը»: Հիմա ուղղակի, 4 տարի անց, չի կարող օգտվել սիսիանցու պարզությունից ու ազնվությունից եւ հերթական անգամ խաբել նրան, որովհետեւ սիսիանցու` նրան հանդուրժելու տառապանքը 4 տարվա դաժան փորձառություն ունի: Շատերն էլ խորին վիրավորանքով դեռեւս հիշում են, որ հեգնում էր քաղաքապետարան ընդունելության գնացած քաղաքացիների եւ ենթակայության աշխատողների հնամաշ ու էժանագին հագուստը, իսկ ընդունարանում տեղադրված տեսախցիկով էլ «տեսակավորում»  ում ընդունել, ում` չընդունել: Հիմա է, որ խտրություն չի դնում քաղաքապետարան գնացողների միջեւ` ընտրաձայն է պետք: Բայց հիմա` պարզ, ազնիվ, սակայն` իր կարծիքով` «նրա բաժին հարիֆ սիսիանցի էլ չկա˜ա˜ա˜…» :
Մյուս կողմից` նույն բուկլետում նրա գրած`«Ղեկավարը պետք է լինի առաքինի, հաստատակամ, իր գործին նվիրված, հայրենասեր ու վայելի ժողովրդականություն» միտքը չդիմացավ ժամանակի փորձությանը` ամբողջությամբ շուռ գալով իր դեմ, քանի որ նա իրականում բոլորովին հակառակը դուրս եկավ, եւ, կորցնելով ժողովրդի հենարանը, մնաց  էժան «դաբրոյի» հույսին…
Ազգային Ժողովի ընտրությունների քուրայում մաքրաջրված ու պարզաջրված Սիսիանը ուղղակի չի կարող կորցնել իր թանկ վաստակը` իր արժանապատվությունը, իր ինքնասիրությունը, իր կամքը, իր թասիբը եւ «ծախվել»: Սա կլինի Սիսիանի վերջը: Սիսիանը կդառնա ոտատակի լաթ, ինչպես փորձում են անել, խաչ կքաշի իր վրա, դեմ կգնա ինքն իրեն եւ իրեն կջնջի արժանապատվության, ինքնասիրության` առանց այն էլ փոքրացող քարտեզի վրայից…
Սեպտեմբերի 9-ին պարտավոր ենք պահպանել Մայիսի 6-ի նվաճումը` հանուն Սիսիանի ապագայի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Հ.Գ. Վերջին օրերին ակտիվացել են Աղասու շտաբականների կողմից տարածվող` «Աղասին արդեն ընտրված է», «նրան վերեւից են պաշտպանում» անհիմն խոսակցությունները, ինչը բացառապես խուճապի ու տագնապի նշան է: Ընտրությունը դեռեւս ամսի 9-ին է կայանալու, իսկ իրական ընտրողը միմիայն սիսիանցին է: Նրանցից պարզապես հույսը կտրած` փորձելով ապավինել ինչ-ինչ «դաբրոների», Աղասին ընդամենը անհաջող ձեւով քողարկում է իր խուճապը:  
Երբեւէ նմանը չունեցող իր համար այս ծանր ընտրապայքարում նա ուղղակի միայնակ, առանց` դիմակի, կանգնել է ազնիվ, շիտակ սիսիանցիների դեմ հանդիման, ով վաղուց արդեն նրանից ետ է վերցրել 2008-ին նրան տված իր վստահության «ԴԱԲՐՈՆ»…


«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՈՒ ԲԱՐԵԿԵՑԻԿ» ՍԻՍԻԱՆ` ԸՍՏ ԱՂԱՍՈՒ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *